Հայերեն   English   Русский  

​«Այժմ ունեմ միայն ձիեր և երազանքներ». Տիգրան Բաղիշջանյան


  
դիտումներ: 4161

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տարեցտարի նկատվում է ձիարշավային տուրիզմի զարգացման աճ:

Այն տարիներ առաջ նախաձեռնել և զարգացրել է լրագրող, դպրոցի զինղեկ Տիգրան Բաղիշջանյանը:

«Ամեն մի պատմություն ունի իր նախապատմությունը: 2004 թվականից աշխատել եմ տուրիստական ընկերությունների հետ, այդ ժամանակ նրանց առաջարկեցի հեծյալ տուրերի գաղափարը, որը հավանության արժանացավ: Սկզբնական շրջանում վճարովի ձիեր էի վերցնում, սակայն եկավ մի պահ, երբ հասկացա, որ ուրիշի ձիով կռիվ չես գնա: 2013 թվականին դրամաշնորհային մրցույթ անցկացվեց Մարտունու երիտասարդական բանկում: Ես մասնակցեցի, հաղթեցի և այդ գումարով գնեցի իմ առաջին ձին»,-ասաց Տիգրանը:

Զբոսաշրջիկները հեծյալ տուրերի մասին տեղեկանում են հիմնականում համացանցի միջոցով: Տարիների ընթացքում մի շարք երկրներից եկել են զբոսաշրջիկներ և ամեն տարի գնալով ավելանում է նրանց թիվը:

«2015 թվականին երկու ֆրանսուհի եկան և ուզում էին 5-օրյա տուր անցկացնել Սևանա լճի շուրջ: Ես ունեի ընդամենը երկու ձի, իսկ նրանց բեռները տեղափոխելու համար հարկավոր էր երրորդը: Անմիջապես գումար հայթայթեցի և գնեցի երրորդ ձին: Եկել էին հինգ օրով, բայց արդյունքում մնացին մեկ ամիս: Ցանկություն հայտնեցին ինձ հետ միասին բարձրանալ Արմաղան լեռ, շրջել Արգիճի սարահարթով: Ես գնեցի չորրորդ ձին և գնացի իմ առաջին մեծ տուրին: Արդյունքում տարին սկսեցի երկու ձիով, ավարտեցի՝ չորսով: Անկեղծ ասած այս տուրի նման խելահեղ տուր դեռ չեմ ունեցել»,- ասաց Տիգրանը:

Ընթացքում եղել են անկումներ, հիասթափություններ, սակայն Տիգրանն ասում է, որ ամեն ինչի հիմքում պետք է դնել սերը: Ըստ նրա, եթե նպատակ ես դնում քո առջև, ապա պետք է ցանկացած գնով այն իրագործես, պետք է կարողանաս մեծ ցանկությունները տեղավորել փոքր հնարավորությունների սահմաններում:

Ձիարշավային տուրիզմը Տիգրանը փորձում է զուգակցել ձիաբուծության հետ՝ ձգտելով վերականգնել հայկական ձիերի ազնվացեղ տեսակը:

«Հայկական ձին որպես այդպիսին կորսված, անհետացած տեսակ է: Այժմ ես քայլեր եմ կատարում հայկական ազնվացեղ ձիեր ստանալու համար: Վերջերս նվեր եմ ստացել մաքրացեղ արաբական մտրուկ «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն Գագիկ Փարադյանի կողմից»,- նշեց նա:

Ձիարշավային տուրիզմի զարգացման գլխավոր նախապայմանը տարածք ունենալն է: Արդեն հինգ տարի է Մարտունու բնակիչ Հրաչիկ Կարապետյանը ժամանակավոր անվճար հիմունքներով տարածքում ախոռ է տրամադրել, որտեղ այժմ պահվում են Տիգրանի տասնմեկ ձիերը: Սակայն գարնանը ձիերը պետք է դուրս բերվեն տարածքից:

«Այժմ իմ ամենամեծ խնդիրը տարածք ձեռք բերելն է: Ես դիմել եմ Մարտունու քաղաքապետարան, Գեղարքունիքի մարզպետարան, ճիշտ է որոշակի քայլեր արվել են, բայց արդյունքը դեռ չի երևում: Վստահ եմ, որ եթե պետությունը տարածք տրամադրի, ապա կարճ ժամանակում մեծ հաջողություններ կգրանցվեն: Այժմ ունեմ միայն ձիեր և երազանքներ»-, ամփոփեց Տիգրան Բաղիշջանյանը:

Աննա Բզնունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: