Հայերեն   English   Русский  

Գողությունների դեմ պայքարելու համար փող չկա


  
դիտումներ: 255

Շիրակի մարզում, հատկապես քաղաքային բնակավայրերում բնակարանային գողությունները մեծ թիվ են կազմում:Բացահայտման ցուցանիշը, սակայն, շատ ցածր է:

Այստեղ իրավապահներն ակնկալում են համայնքների ղեկավարների աջակցությունը: Շիրակի մարզի դատախազը մի քանի անգամ միջնորդագրեր է ուղարկել քաղաքային բնակավայրեի ղեկավարներին բազմաբնակարան շենքերի դռները կոդավորելու համար, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել բնակարանային գողությունները:

Գյումրիում այդ քայլը կատարեցին, գրեթե բոլոր համատիրությունները իրենց ենթակայության տակ գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքի դռները կոդավորվել են, բայց դրանով խնդիրը չի կարգավորվել, քանի որ գրեթե բոլոր մուտքերն ունեն նույնաբովանդակ կոդավորում:
Եվ գողության թիվն է աճում, և դրանք բացահայտելն է բարդանում: Շիրակի մարզի դատախազ Կարեն

Գաբրիելյանը դիմել էր մարզպետին համայնքի ղեկավարների ու ոստիկանների հետ համատեղ քննարկում կազմակերպելու համար:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն մարզի ուժային կառույցների և Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան համայնքների պատասխանատուների մասնակցությամբ: Խոսվել է համայնքները տեխնիկական միջոցներով զինելու մասին, որը թույլ կտա առավել թիրախային հատվածները վերահսկել տեսախցիկների միջոցով: Իսկ այդ տեսախցիկների տեղադրման ծախսերը հոգալու են համայնքային բյուջեներից:

Համայնքապետարանների ներկայացուցիչներն այստեղ մատնանշել են համայնքային բյուջեների սուղ լինելը: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է.

- Ես հասկանում եմ, որ ուժային կառույցները հստակ թվային տվյալների վերլուծության արդյունքում են դիմում համայնքներին, հասկանում եմ նաև համայնքների ֆինանսական հնարավարությունները: Սակայն անգործ նստելու իրավունք որևէ մեկս չունենք, մենք պետք է բոլորիս ջանքերն ուղղենք խնդրի լուծմանը: Նախ, կարծում եմ, պետք է սկսել ամենաանհրաժեշտ քայլերից, այսինքն ոստիկանության ու համայնքների համագործակցության արդյունքում տեսախցիկներ տեղադվեն ամենաանհրաժեշտ վայրերում, ինչը կնպաստի վերահսկողության ուժեղացմանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել և շենքերի մուտքերի փականները կոդավորել, և գողության համար առավել խոցելի հատվածներում տեսախցիկներ տեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: