Հայերեն   English   Русский  

Հայաստանում հնչեց «Աշխարհի արարում» ստեղծագործությունը. պրեմիերային ներկա էր նաև կոմպոզիտորը


  
դիտումներ: 1008

Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց կոմպոզիտոր Բարուխ Բերլիների «Genesis» («Աշխարհի արարում») սիմֆոնիկ պոեմը: Պրեմիերան տեղի ունեցավ մարտի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ստեղծագործությունը Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին նվիրված համերգին կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու դիրիժոր, վաստակաշատ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին (Ֆրանսիա):

Բրուսիլովսկին փաստում է՝ «Genesis»-ը ինքնատիպ գործ է, հիմքում աստվածաշնչյան սյուժե է: Ընկերներն են խորհուրդ տվել լսել այն, այնուհետև նա կատարել է գործը: Հասցրել է «Genesis»-ը ներկայացնել այլ երկրներում, իսկ հիմա նաև՝ Հայաստանում:

«Հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերն ինչ-որ կերպ շաղկապված են իրար: Երկու ազգերը շատ ընդհանրություններ ունեն»,-նշում է Բրուսիլովսկին ու հավելում. «Շատ հայ ընկերներ ունեմ, հատկապես՝ Փարիզում, որտեղ մեծ հայկական համայնք կա»: Բրուսիլովսկին տպավորված է Կամերային նվագախմբի հետ աշխատանքից, փաստում է՝ համերգին ընդառաջ մեծ և ծավալուն աշխատանք է տարվել:

Համերգային երեկոյին ներկա էր «Աշխարհի արարում» ստեղծագործության հեղինակ, հայտնի կոմպոզիտոր Բարուխ Բերլիները, ով հատուկ այս համերգի համար ժամանել էր Հայաստան:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Այս ընթացքում հետևել եմ Կամերային նվագախմբի փորձերին: Նվագախումբը հիանալի է, շատ եմ հավանում, թե ինչպես են երաժիշտները նվագում»,-նշում է կոմպոզիտորը:

Հավելենք, որ համերգի ընթացքում հնչեցին նաև Եֆրեմ Պոտգայցի «Kol Nidrei» և «Մատանի» ստեղծագործությունները:

Համերգն անցկացվեց Թել Ավիվի Mapat ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Նշենք, որ համերգի դիրիժոր Ալեքսանդր Բրուսիլովսկին երրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, համերգներով հանդես է եկել բազում երկրների հեղինակավոր համերգասրահներում (Նյու Յորքի Քարնեգի հոլ, Փարիզի Պլեյել համերգասրահում, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճ և այլն): 1993 ստեղծել է իր սեփական՝ «Ricercata De Paris» անսամբլը: Ծավալում է ակտիվ մանկավարժական գործունեություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: