Հայերեն   English   Русский  

ՄԵԾ ՊԱՍ


  
դիտումներ: 797

Բարեկենդանին հաջորդում է Մեծ Պասը: Մեծ Պասը ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, ժուժկալության յոթշաբաթյա շրջան է:

Այն տարեկան պասերից ամենաերկարն է:

Պահքի մարմնական իմաստը մարմինը չափավորության սովորեցնելն է, ժուժկալ, համեստ կյանքով ապրելը: Իսկ հոգևոր իմաստով պահքը միտված է մարմնական և հոգևոր ներդաշնակությանը, զղջման, ինքնազոհության միջոցով երկրային մեղքերից ձերբազատվելը:

Պահք պահել են նաև բնապաշտական ժամանակներում, բայց այս երևույթը ավելի խստականոն դարձավ քրիստոնեության օրոք: Եկեղեցին Մեծ Պահքը կապում է Հիսուսի հետ, որ, համաձայն Ավետարանի, քառասուն օր ապրեց անապատում, մարդկանցից հեռու, որպեսզի կարողանա ապաշխարի, խորհի: Մեծ Պահքի օրերին փակվում են եկեղեցու դռները, հավատացյալները աղոթում են դռան առջև: Դա բացատրվում է նրանով, որ համաձայն քրիստոնեական հավատքի` մարդն իր մեղքերի պատճառով արտաքսվեց դրախտից, և պահուց օրերին եկեղեցի չմտնելն այդ խորհուրդն ունի: Այս օրերին Ավետարան չեն կարդում, պատարագ չի մատուցվում բացի շաբաթ և կիրակի օրերից: Այս օրերին չի թույլատրվում նաև պսակադրություն, զվարճախաղեր, ուրախ արարողություններ:

Մեծ Պասի առաջին օրը սովորաբար մաքրությամբ են զբաղվում: Պահուց կերակուրները բացառապես պետք է կավե ամանների մեջ պատրաստվեին:

Պահուց ծիսական կերակուրների շղթան սկսվում էր հենց առաջին օրը, երբ ընդունված ավանդույթի համաձայն` յոթ հատ բաղարջ էին թխում: Լոռիում հավատում էին, որ եթե պասի առաջին օրը աղանձ չուտեն, ապա շուրթերը կճաքեն: Մուշում և Սասունում ցորեն ու սիսեռ էին խաշում, ուտում բաղարջի հետ: Երբ պասը կիսվում է, թխում են Միջինքի բաղարջը: Այն շատ նման է տարեհացին: Երբեմն Միջինքի բաղարջը թխում էին ողջ համայնքով: Հավաքվում էին, հանգանակում մթերքն, ու երիտասարդ, չամուսնացած տղաները ոտքերով հունցում էին բաղարջը:

Մեծ պասն ուներ նաև իր խորհրդանիշը` Ակլատիզը` սոխ` մեջը յոթ փետուրներ խրած: Փետուրները խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Լոռիում Ակլատիզի տիկնիկին անվանում են Պաս պապ: Պասի գալուն հետ երգում են.

-Տատը գնաց շերեփով,

Պապը եկավ չոմբախով:

Պաս պապը հսկում էր, որ բոլորը պահպանեն պասուց կանոնները, անգամ նրանով վախեցնում էին երեխաներին: Լոռվա ձորում հավատում են, որ Պաս պապը մշտական կռվի մեջ է Ուտիս տատի հետ: Պասի նախօրեին պապը հաղթում է ու իր չոմբախով հարվածում Ուտիս տատին, որպեսզի վերջինս այլևս յուղալի և մսալի կերակուրներ չպատրաստի տնեցիների համար: Իսկ պահքի վերջում Ուտիս տատը վերադառնում է ու իր շերեփով հարվածում պասից տկարացած պապի ճակատին ու քշում նրան:

Լոռիում նաև ճլորթի էին կախում տանը, նրա մեջ նստեցնում տան մեծ տիկնոջը, ապա` հարսներին ու աղջիկ երեխաներին ու յոթ անգամ ճոճում` ի նշան պահուց յոթ շաբաթների:

Պասի նախօրեին պահում էին պղնձե և այլ մետաղյա կաթսաները, քանզի պահուց կերակուրները պետք էր պատրաստել բացառապես կավե ամանների մեջ:

Հետաքրքիր սովորույթներ կային կապված Մեծ Պասի հետ: Մասնավորապես, բացի եկեղեցու հաստատած կանոններից, որոնք էին ժուժկալությունը և արգելքը կենդանական ծագմամբ կերակրատեսակների հանդեպ, տարբեր շրջաններում Մեծ Պասի առաջին կիրակին գործ չէին անում, այս երևույթը կոչվում էր «կիրակի պահել», մեկ հատուկ օր կրակ չէին վառում, երբեմն` ջրի հետ գործ չէին ունենում, անգամ չէին լվացվում, որոշ շրջաններում տղամարդիկ պասի ողջ ընթացքում չէին սափրվում: Որոշ վայրերում սովորություն կար տան չորսբոլորը ալյուրով «օծել»: Առհասարակ, Մեծ Պասին աշխատում էին տան օջախը միշտ վառ պահել:

Մեծ Պասի արարողությունների մեջ իր հատուկ տեղն ուներ «Միջինքը»: Այն նշում էին պասի կեսին, չորեքշաբթի օրը: Այդ օրը սովորություն կար Միջինքի գաթա թխելու և ուղարկելու խնամիներին, սիրելիներին և հարազատներին:

Միջինքի օրը աղջիկները հավաքվում են իրենց նշանված ընկերուհու տանը, ողջ գիշերն անցկացնում նրա հետ, առավոտյան լվանում ընկերուհու գլուխը, նվերներ ստանում տանտիրուհուց ու ցրվում իրենց տները:

Միջինքին, ըստ հինավուրց սովորության, հարսն առաջին անգամ կարող էր դուրս գալ ամուսնու տնից: Առհասարակ, Միջինքը նշանավորվում էր փոխադարձ այցելություններով ու զբոսանքներով: Այդ օրը չնայած պասին, տղամարդիկ զուռնա-դհոլով քեֆ էին անում, իհարկե, օգտագործելով միայն պահուց կերակուրներ:

Մախոխապուր

1 բ. ձավար

1 գազար

1 կարմիր պղպեղ

1 սոխ

2 պճեղ սխտոր

1/2 բ. քացախ

կարմիր և սև պղպեղ

կանաչի

աղ

Խաշել ձավարը, ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելուց առաջ լցնել քացախն ու մանրացված կանաչին:

Կուտապ

Խմորը պատրաստել, ինչպես ժինգյալով հացինը: Հանգստացած խմորի վրա դնել տարբեր կանաչիներ:

Ընկույզովսպանախ

Անհրաժեշտ է 300 գ ընկույզի միջուկ, սպանախ, 50 գ սխտոր, 25 գ համեմի սերմ, 25 գ քացախ կամ 50 գ սպիտակ գինի, ձեթ:

Թավայի մեջ դաղել ձեթը, մեջը լցնել լվացած, մանր կտրատած սպանախը: Թեթև շոգեխաշելուց հետո վերցնել կրակից և խառնել ընկույզի թանձրահյութ: Մատուցել տաք վիճակում:

Ընկույզի թանձրահյութ. ընկույզը, սխտորը, համեմի սերմը լավ ծեծել, ավելացնել քացախ, ստանալ միատարր զանգված:

Ձեթովճմբուռ

Ձեթը դաղել, մեջը սխտործեծիչով ջարդած սոխի հյութ լցնել, տապակել: Տաք, նոր թխված հացը բրդել և մատուցել:

Մասրապուր

1/2 կգ մասուր

3 լ ջուր

1 բ. խոշոր կորկոտ

1 բ. ծիրանաչիր

2 սոխ

2 ճ.գդ. ալյուր

1/2 բ. շաքարավազ

1/2 լավաշ

դաղձ, աղ

Նախորդ օրը խաշել և թրմել մասուրը: Քամել և հյութը եռացնել: Ավելացնել կորկոտը, մանրացված սոխն ու ծիրանաչիրը: Ջրով բացել ալյուրը և լցնել ճաշի վրա. ավելացնել դաղձը, շաքարավազն ու լավաշը: Շարունակել եփել ևս 15 րոպե:

Բոստանիա

1 բ. կարմիր ոսպ

1 բ. խոշոր կորկոտ

3 լոլիկ

3 սմբուկ

2 ճ. գ. պղպեղի մածուկ

1/2բ. նռան դոշաբ

2 պճեղ սխտոր

կարմիր պղպեղ

անանուխ

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ապա մանրացված լոլիկը, սմբուկն ու մածուկը: Եփել մինչև շիլայի վերածվի: Մատուցել` վրան լցնելով դոշաբ, սխտոր, համեմունք և ջուր թացանը:

Տապլա

3 բ. ալյուր

1/2 բ. շաքարավազ

2 թ. գ. թթխմոր

2 ճ. գ. ձեթ

3 ճ. գ. մեղր

1/2 բ. չամիչ

1/2բ. ընկույզ

ջուր

Խառնել ալյուրը, շաքարավազը, թթխմորը, ձեթն ու ջուրը և հունցել խմորը: Թողնել հանգչի: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, մեջը միջինք դնել, վրան քսել ջուր, ապա խրել մանրացված ընկույզն ու չամիչը և թխել: Փռից հանելուց հետո վրան քսել մեղր:

Բիշի

Խմորը

2 – 3 բ. ալյուր

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

1 բ. գոլ ջուր

աղ

Միջուկը

1/2 բ. շաքարավազ

1/2 բ. ընկույզ

դարչին

ձեթ՝ տապակելու համար

մատուցել մեղրով կամ դոշաբով:

Շաղել խմորը, վերածել գնդիկների: Մանրացնել ընկույզը, խառնել շաքարավազն ու դարչինը: Բացել խմորը, լցոնել միջուկով և տապակել: Մատուցել մեղրով կամ դոշաբով:

Պասուցտոլմա՝ կանեփով

1 բ. ոսպ

1 բ. լոբի

1 բ. սիսեռ

1 բ. ձավար

1 բ. հաճար

4 սոխ

2 կգ կաղամբ

2 բ. կանեփ:

Կանեփը սանդի մեջ լավ ծեծել` ստանալով ալյուրանման զանգված: Ոսպը, լոբին ու սիսեռը խաշել: Ավելացնել աղացած ձավարը, հաճարը, աղացած սոխը, կանաչին և լավ խառնել: Փաթաթել կաղամբի տերևներով: Կանեփը լավ տրորել մինչև կաթնաջուր դուրս գցի ու լցնել տոլմայի վրա: Ապա եփել թույլ կրակով:

Կուտապ

Խմորը

2 – 3 բ. ալյուր

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

1 բ. գոլ ջուր

աղ

Միջուկը

1 կապ սպանախ

1/2 կապ գինձ

1/2 կապ կանաչ սոխ

2 ճ. գ. ձեթ

մեկ բուռ թթու չիր (հոնաչիր, սալորաչիր, կծոխուր)

աղ:

Հունցել խմորը, վերածել փոքր գնդերի: Մանրացնել միջուկի կանաչին, տրորել աղով, դնել մաղի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը քամվի: Խառնել ձեթն ու չիրը: Բացել խմորը, լցոնել միջուկով, փակել և եփել չկպչող տապակի վրա:

Օձիթթու

1 բ. մանր կորկոտ

1 բ. ոսպ

1 բ. ալյուր

3 սոխ

կարմիր և սև պղպեղ

չորացրած խառը կանաչի

կաղամբի թթու և թթվի ջուր

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղել: Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:

Թթվեպաս

1/2 բ. լոբի

1/2 բ. սիսեռ

1/2 բ. ոսպ

1/2 բ. ձավար

1/2 բ. արիշտա

1/2 բ. չամիչ

1/2 բ. սալորաչիր

1/2 բ. քացախ

2 կապ սպանախ

աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

Վահե Անթանեսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: