Հայերեն   English   Русский  

ԽաչԱրը բնության մեջ Հայաստանն է սիրել, իսկ Հայաստանում՝ բնությունը․ ցուցահանդես Դալանում


  
դիտումներ: 1850

Արվեստասերները մինչև մարտի 10-ը կարող են վայելել գեղանկարիչ ԽաչԱրի (Արթուր Խաչատրյան) աշխատանքները՝ այցելելով Աբովյան 12 հասցեում գործող Դալան ցուցասրահ։ Ներկայացված են գեղանկարչի 20 աշխատաքներ, որոնք պատկերում են Հայաստանը ԽաչԱրի աչքերով։ Խորագիրն էլ համահունչ է՝ «ԽաչԱրի Հայաստանը»։

Մարտի 3-ին կայացած ցուցահանդեսի բացմանը ներկա էին վաղամեռիկ նկարչի ընկերները, հարազատները, արվեստի երկրպագուները, որոնք հիշեցին ԽաչԱրի հետ կապված պատմություններ, ներկայացրեցին նրան բնորոշող դրվագներ։

«Ցուցահանդեսի համար ընտրվել են բնապատկերները, քանի որ նկարչին առավելագույնս հենց այս աշխատանքներն են բնորոշում։ Նրա ձեռագրին բնորոշ են վառ գույները,- ասում է արվեստաբան Նարե Բաթուզյանը՝ հավելելով, որ նկարները շատ բան են պատմում հեղինակի մասին։ «Նրա նկարներից կարող ենք հասկանալ, որ եղել է վառ ու դրական մարդ, անհատականություն,- ասում է Բաթուզյանը և հավելում։- ԽաչԱրը բնության մեջ Հայաստանն է սիրել, իսկ Հայաստանում՝ բնությունը»։

«Մինաս Ավետիսյան» կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովհաննես Մեծ-Գևորգյանի խոսքով՝ցուցահանդեսն իր համար նորովի բացահայտեց ԽաչԱրին․ կան աշխատանքներ, որոնք հուշում են, որ նկարիչը հասել է իր թռիչքի բարձրակետին։

ԽաչԱրի ցուցահանդեսը

Հովհաննես Մեծ-Գևորգյանը նշում է, որ իրենց սերնդին դժվար ժամանակներ են բաժին հասել. ավարտելուց հետո, երբ ստեղծագործական ուղին պետք է սկսեին, վրա հասավ Արցախյան պատերազմը։ Այդ պայմաններում շատերը չէ, որ կարողանում էին ստեղծագործել։ «Ազգի, երկրի, ընտանիքի համար շատ դժվար ժամանակներ էին։ Եվ այդ ժամանակ Արթուրը ստեղծեց իր աշխարհը»,- ասում է նա՝ հավելելով, որ ԽաչԱրը շրջում էր Հայաստանում և տեսնում այն, ինչը չէին նկատում ուրիշները։

«Շատ աշխատասեր էր։ Եթե մենք տարեկան ստեղծում էինք 10-15 աշխատանք, որը կարող էինք ցուցադրել, ապաԱրթուրը մի քանի անգամ ավել էր ստեղծում։ Իր մոտ հստակ է գծի ու գույնի համադրությունը, որն իր բնավորությանը բնորոշ տարր է պարունակում։ Դրա շնորհիվ նրա ձեռագիրը միանգամից հնարավոր է ճանաչել»,- ասում է Մաշտոցի անվան համալսարանի գծանկարի և գունանկարի դասախոս, նկարիչ Վաչագան Հունանյանը։

Նա նշում է, որ ԽաչԱրը տեղյակ էր և կարող էր խոսել ցանկացած թեմայով, սակայն սիրում էր պատկերել բնանկարներ և դիմանկարներ։«Նա անտարբեր չէր կարող անցնել ոչնչի կողքով։ Դա են վկայում իր նկարները, դրանցում պատկերված քանդված տները, խղճուկ հյուղակները»,- ասում է նա։

Հունանյանի խոսքով՝ ԽաչԱրի նկարները դիտելիս առաջինը սերը դեպի հայրենիքը և հայրենի բնությունն են զգացվում։ «Շրջել է ողջ Հայաստանում ու նկարել»,- ասում է նա։

Նկարչի զարմուհի Լիլիթ Զաքարյանը, որը նաև ցուցահանդեսի կազմակերպիչներից է,հիշում է , որ պատանեկան տարիքում, երբ Հայաստանի գյուղեր արշավների էին գնում, Արթուրը չէր միանում իրենց, նախընտրում էր տանը մնալ և կարդալ։«Կարծում էի, որ ինքը գյուղը չէր սիրում։ Բայց հետո զարմանալիորեն նրա ոգեշնչման թեման դարձավ գյուղը,- ասում է նա։- Ես մտածում էի, որ Արթուրը չափազանցնում է, որ իրականում այդպիսի գույներ չկան։ Բայց երբ եղա Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, զարմանքով արձանագրեցի, որ իրականում այդպիսի գույներ կան։ Պետք է պայծառ հոգի ունենաս, որ Հայաստանըտեսնես այնպիսին, ինչպիսին Արթուրն էր տեսնում»։

Զաքարյանը նաև շեշտում է, որ Արթուրըգյուղական կոլորիտային շենքեր էր միայն պատկերում։ «Գյուղերում շքեղ շենքեր էլ կան։ Բայց Արթուրը պատկերում էր միայն գյուղական հին տներ, որոնք մարդիկ իրենց քրտինքով են կառուցել, որոնց ամեն քարն իր պատմությունն ունի»,- ասում է նա։

ԽաչԱրի ցուցահանդեսը

Նա նաև հիշում է, որ Արթուրը սիրում էր ցավոտ թեմաներից խոսել, այն թեմաներից, որոնցից շատերը խուսափում էին։ «Բացասականն իր միջով էր անցկացնում, զտում և դուրս հանում միայն գեղեցիկը, լավը, բարին։ Հիշում եմ՝ Արթուրն ասում էր, որ գերագույն հաճույք է, երբ կանգնում ես կտավի առջև և սկսում արարել՝ իմանալով, որ ստեղծածդ եզակի է, նման երկրորդը չկա»,- հիշում է Զաքարյանը։

Արթուր Խաչատրյանը (1966-2018) եղել է Նկարիչների միության անդամ, ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդես։ Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում:

ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով, ոգեշնչվելֆրանսիական իմպրեսիոնիստների աշխատանքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: