Հայերեն   English   Русский  

​«ժամանակի հրամայականն է, որպեսզի ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ». Կարեն Զադոյան


  
դիտումներ: 2143

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջին անգամ հանրային քննարկման ներկայացրեց 2018 թ. դեկտեմբերի 19-ին, որից հետո նախագիծը տեղադրվեց e-draft.am կայքում, և ոլորտի դերակատարները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ։ Այժմ նախարարությունում ամփոփում են առաջարկները, որից հետո հանրային քննարկման կներկայացվի նախագծի վերանայված տարբերակը։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունների լուրջ փաթեթով է հանդես եկել Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանն Անկախ-ի հետ զրույցում անդրադառնում է այն գլխավոր խնդիրներին, որոնք պետք է հաշվի առնվեն հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացում։

-Պարոն Զադոյան, որո՞նք են գլխավոր խնդիրներն ու սկզբունքները, որոնք դրված են Ձեր ներկայացրած առաջարկների հիմքում։

- Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար նախևառաջ պետք է լինի բարձր քաղաքական կամք և քաղաքացիների մասնակցություն այդ գործընթացին (երբ քաղաքացին իրեն դիտարկում է կառավարության դաշնակիցը կոռուպցիայի դեմ պայքարում)։ Այս երկու նախապայմանների առկայության պարագայում արդեն կարևորվում է երրորդ կարևոր նախապայմանը՝ ճիշտ և արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը։

Կարծում եմ՝ առաջին երկու նախապայմաններն այսօր առկա են։ Համենայնդեպս, հասարակությունը ապրիլ-մայիս ամիսներին դուրս եկավ փողոց և իր բողոքն արտահայտեց նաև այն պատճառով, որ ցանկանում էր տեսնել կոռուպցիայից զերծ Հայաստան։ Ինչ վերաբերում է վարչակազմի քաղաքական կամքին, ապա գոնե այս փուլում հրապարակային մակարդակում դա հնչում է։

Ներկայումս, ժամանակի հրամայականն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ, կենտրոնացված ինստիտուցիոնալ համակարգ։

Տարիներ ի վեր մենք ունեցել ենք կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգ (Հակակոռուպցիոն խորհուրդ, Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, Քննչական կոմիտե, ՀՔԾ և այլն), բայց այդ մարմինները լուրջ արդյունքներ չեն գրանցել, քանի որ չենք ունեցել գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն կկրի գրանցած արդյունքների համար՝ այդ թվում և բացասական արդյունքների։

Կոռուպցիայի ապակենտրոնացված համակարգից կենտրոնացված համակարգին անցում կատարելու ներկա ժամանակահատվում, իմ կարծիքով, շատ արդյունավետ կլինի մասնագիտացված անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտական մարմինների մի քանի մոդելներ կան՝ կանխարգելիչ մոդելը, որը ունի կոռուպցիայի կանխարգելման ու հակակոռուպցիոն կրթության գործառույթներ, իրավապահ մոդելը, որը ունի կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության և նախաքննության գործառույթներ, այդ թվում օպերատիվ հետախուզություն իրականացնելու գործառույթներ: Բայց առավել հաջողված մոդելը վերը նշված երկու մոդելների միասնական տարբերակը հանդիսացող անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմինն է, որն իր մեջ ներառում է հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի 3 հիմնասյուները՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի կիրառում (օպերատիվ հետախուզություն, հետաքննության և նախաքննության իրականացնելու գործառույթներ)։ Ես և իմ գործընկերներն առաջարկում ենք ստեղծել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին՝ սահմանադրական լուրջ լիազորություններով և բարձր անկախությամբ օժտված։

-Փաստորեն, առաջարկված նախագծում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում չի նախատեսվում

-Ոչ, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում առնվազ մի քանի անգամ անդրադարձել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու հարցին և փաստել նման մարմին ունենալու անհրաժեշտության մասին:

Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտացված մարմնի անկախությունն և արդյունավետությունը ապահովելու նպատակով մենք առաջարկում ենք կիրառել նաև 2012 թ. նոյեմբերի 26-27 հակակոռուպցիոն անկախ մարմինների վերաբերյալ ընդունված Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքները, որոնք կապահովեն այդ մարմնի բարձր անկախությունն ու հաշվետվողականությունը հանրության և պառլամենտի առջև, կապահովեն հակակոռուպցիոն արդյունավետ կառուցակարգեր և գործիքակազմ, մարմնի երեք թևերի միջև արդյունավետ և առողջ համագործակցություն և այլն։

-Պարոն Զադոյան, Դուք բարձրացնում եք նաև կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմեր ունենալու անհրաժեշտության հարցը: Ի՞նչ խնդիրներ է լուծում այդ համակարգի ներդրումը։

-Հակակոռուպցիոն պայքարի ներկա փուլի կարևորագույն խնդիրերից մեկը կապված է գողացված ակտիվների վերականգնման և վերադարձի հետ։ Ի՞նչպես անել, որ այդ միջոցները վերադառնան մեր երկիր։ Անցումային արդարադատության վերաբերյալ մեր ուսումնասիրության մեջ նշել էինք, որ անհրաժեշտ կլինի ստեղծել ոչ միայն անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, այլև հատուկ մասնագիտացված դատարան, որը կքննի կոռուպցիոն հանցագործությունները։ Այստեղ անհրաժեշտ է նաև ուժեղացնել դատախազության հակակոռուպցիոն կարողությունները, որպեսզի այդ երեք օղակներն անթերի ու անխոցելի լինեն, կարողանան արագ ու մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ բացահայտել կոռուպցիոն հանցագործությունները, այդ թվում նաև գողացված ակտիվների վերականգնման հետ կապված։

Գողացված ակտիվների վերականգնումը բարդ պրոցես է. նախ պետք է հայտնաբերել այդ ակտիվները, գտնել դրանց սեփականատերերին կամ իրական սեփակատերերին, սառեցնել, առգրավել և բռնագրավել ակտիվները, որից հետո վերադարձնել դրանք Հայաստան և օգտագործել բացառապես հանրօգուտ, այդ թվում առողջապահական, կրթական, սոցիալական, պաշտպանության ամրապնդման և այլ նպատակներով: Նման լուրջ հանցագործությունների բացահայտելու համար պետք է նաև համապատասխանաբար հզոր ինստիտուցիոնալ համակարգ և լուրջ կարողություններ ունենալ։ Հետևաբար մենք առաջարկում ենք անցումային արդարադատության իրականացման շրջանակներում ոչ միայն ձևավորել համապատասխան մարմին, որը կգործի որոշակի ժամկետով և հետո կդադարեցնի գործունեությունը, այլ կլինի մշտական մարմին, որն ապագայում նաև կկանխի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը։

-Հակակոռուպցիոն քաղաքականության ամենաքննարկված դրույթներից մեկը թերևս ազդարարների ինստիտուտն էր, որը բնորոշվեց իբրև մատնիչի կամ «գործ տվողի» ինստիտուտ։ Դուք այդ ինստիտուտի կողմնակիցների՞ց եք։

- Այո, ես ոչ միայն ազդարարման ինստիտուտի կողմնակիցներից եմ, այլ նաև Հայաստանում այս ինստիտուտի ներդրման նախաձեռնողներից: Սա գործ տվողների ինստիտուտ չի, ազդարարը կոռուպցիոն հանցագործության բացահայտմանը նպաստող, բարեխիղճ և հանրային մտածողություն ունեցող անձ է։

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը, որի միջոցով ազդարարը հնարավորություն կունենա անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Իհարկե, սա չի նշանակում, որ ամեն մի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվելու։ Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը պետք է գործարկվեր 2019 թ. հունվարից, ցավոք, որոշակի տեխնիկական խնդիրներից ելնելով, դեռևս մինչ այս պահը չի գործարկվել։ Սակայն հույս ունենանք, որ առաջիկայում այն կգործարկվի:

Շատ կարևոր է նաև ապօրինի հարստացման ինստիտուտի հետ կապված կարողությունների զարգացումը քննչական, իրավապահ մարմիններում և դատարաններում, ինչպես նաև վերոնշյալ ինտիտուտը կարգավորող օրենսդրության բարելավումն ու զարգացումը։

Կարևորագույն խնդիր է հակակոռուպցիոն կրթությունը, որը պետք է իրականացվի թիրախավորված, որովհետև ինչպես նշեցի՝ կառուպցիայի դեմ պայքարի գործում վճռական նշանակություն ունի քաղաքացին՝ իր մասնակցությամբ ու աջակցությամբ։

Համենայնդեպս, հույս ունենք, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը վերջնական մշակման փուլում հաշվի կառնվի փորձագիտական հանրության կարծիքը, և վերջնական փաստաթուղթը կընդունվի հանրային և մասնագիտական կոնսենսուսի արդյունքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: