Հայերեն   English   Русский  

​ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ


  
դիտումներ: 1975

2014 թվականը լի էր աղմկահարույց իրադարձություններով: Անցած տարվա ընթացքում բացահայտվեցին քրեական բազմաթիվ գործեր: Դրանք կա՛մ ուղարկվեցին դատարան, կամ կարճվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս համատեքստում հատկանշական են հատկապես այն հանցագործությունները, որոնք կատարել են պետական հատուկ ծառայություն իրականացնողները՝ ոստիկանը, քննիչը, դատավորը:

Դատավորը կալանավորվեց

2014-ի դեկտեմբերյան վերջին աղմուկը կապված էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի անվան հետ: Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահին ձերբակալվեց քաղաքացիական գործով դատավոր Խ. Խաչատրյանը:

Դատավորի աղմկահարույց ձերբակալությունը վերջին 15-20 տարիների ընթացքում միակ դեպքն էր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Նախաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք առաջադրեց այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով քաղաքացի Ս. Կ.-ի հիմնադրած սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ) սնանկ ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատավորը սնանկության հետագա գործընթացում իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու և պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց պահանջել և Ս.Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Գնդապետը համագործակցել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ

«Անկախը» 2014-ի իր համարներից մեկում անդրադարձել է ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առիթով Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործին:

Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Խաչիկ Մարտիրոսյանը ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները:

Խաչիկ Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները ոստիկանության նախկին գնդապետը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ասենք, որ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետական դավաճանություն):

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խաչիկ Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:

ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Բարձրաստիճան ոստիկանները՝մեղադրանքի արհեստական ապացույցների հեղինակ

Վերջերս Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանա-հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ:

Ըստ նախաքննական մարմնի` նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Անդրանիկ Ազիբեկյանը և Արտակ Ավետիսյանը 2014 թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» հյուրանոցա-ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր:

Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը, համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանից տեղեկանալով, որ նա Աշոտ Այդինյանի ուղղությամբ մարտական փամփուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոց է արձակել, նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և հանցագործության բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն նախ որոշել են թաքցնել դեպքը, ապա դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած` մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը ձեռնամուխ են եղել իրականության խեղաթյուրմանը:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Անդրանիկ Ազիբեկյանը և Արտակ Ավետիսյանը հրահանգավորել են Անդրանիկ Խոջումյանին դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և դրան ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), իսկ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտակ Ավետիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Մինչդատական վարույթում Անդրանիկ Խոջումյանի և Անդրանիկ Ազիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ոստիկանության փոխգնդապետն ու մայորը կաշառք էին ստացել

Ամիսներ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխատակիցներ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանի և ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանի կողմից քաղաքացի Արթուր Մարդանյանից կաշառք ստանալու դեպքի առթիվ:

Վերջերս տեղեկացանք, որ նախաքննական մարմինն ամբողջությամբ բացահայտել է հանցագործությունը և քրեական գործն ուղարկել դատարան:

Հատուկ քննչական ծառայությունից «Անկախին» տեղեկացրին, որ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է հանցագործության դեպքը: Այսպես՝ 2014 թվականի հոկտեմբերի վերջին քաղաքացի Արթուր Մարդանյանը հաշվառվելու նպատակով ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին, որտեղ, հանդիպելով ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, խնդրել է նրան «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:

Ոստիկանության փոխգնդապետը Արթուր Մարդանյանին ծանոթացրել է մայոր Ալեքսան Հարությունյանի հետ, ապա նպաստել է, որ վերջիններս կաշառքի շուրջ համաձայնության գան:

Հասմիկ Խաչատրյանն ուղղորդել է Ալեքսան Հարությունյանին, Արթուր Մարդանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով, գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, ինչից հետո վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար Ա. Հարությունյանը Ա. Մարդանյանից պահանջել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Ալեքսան Հարությունյանը կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, որի դիմաց Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս ներկայությամբ Արթուր Մարդանյանից ստացել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Հիշեցնենք, որ արձանագրությունը կազմելուց հետո Ա. Հարությունյանը և Հ. Խաչատրյանը կաշառք ստանալու պահին բռնվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից:

Հատուկ քննչական ծառայությունից մեզ հայտնեցին նաև, որ ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, և ենթադրյալ հանցագործության կազմակերպչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը), իսկ ոստիկանության մայոր Ա. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը և պաշտոնեական կեղծիք կատարելը):

Ասենք, որ մինչդատական վարույթում ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանի և ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: