Հայերեն   English   Русский  

​Պետության խնայողությունը կրթության ոլորտում նույնն է, թե ծնողը զլանա երեխայի համար ծախս անել․ մանկավարժ


  
դիտումներ: 4730

Վերջին շրջանում իրենց խնդիրների մասին սկսել են բարձրաձայնել նաև ուսուցիչները։ Նրանք սպառնում են գործադուլի դիմել, եթե իշխանությունները հետամուտ չլինեն իրենց խնդիրների լուծմանը։

Հայաստանում մանկավարժների խնդիրների և նրանց իրավունքների պաշտպանությանը միտված շարժման մասին է «Անկախը» զրուցել «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» համակարգողներից հոգեբան, մանկավարժ, «Խարիզմա» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Արմինե Դավթյանի հետ։

- Տիկին Դավթյան, նախաձեռնություն եք սկսել, որը կոչվում է «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ։ Կպատմե՞ք՝ որն է նախաձեռնության նպատակը։

- Նախաձեռնությունը ծնունդ առավ տարերային․ պարբերաբար հետևում էի «Հայ ուսուցիչների միություն» ֆեյսբուքյան խմբում ուսուցիչներին հուզող խնդիրներին և առհասարակ տարբեր հարթակներում ուսուցչի մասնագիտության նկատմամբ աճող հակակրանքին, և դա ինձ շատ էր հուզում։Մեծ ցավ ապրեցի նաև, երբ նախորդ տարի Գավառի պետական համալսարանում տարրական կրթության բաժին չեղավ ոչ մի դիմող, այն դեպքում, երբ ամեն տարի ամենամեծ հոսքերից մեկը եղել է հենց այդ բաժին, ու այլևս չկարողացա անտարբեր մնալ։ Չէ՞ որ ինքս դասախոսում եմ այդ բաժնում և ուսուցչի մասնագիտությունը դասում եմ անչափ կարևոր մասնագիտությունների շարքը, իսկ կոչումը՝ առավել ևս։ Խմբում առաջարկեցի հանդիպել և քննարկել ուսուցիչներին հուզող հարցերը և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկություններով համագործակցել ԿԳ նախարարության հետ։ Սակայն այնքան բուռն էր ուսուցիչների ցասումն ու հոգնածությունը իրենց նկատմամաբ անտարբերությունից, որ պարբերաբար գործադուլի կոչեր էին արվում։ Իմանալով գործադուլի կազմակերպման իրավական հիմքերը՝ փորձեցի նախաձեռնել ավելի իրավաչափ ռազմավարություն, որն ընդունվեց ուսուցիչների կողմից շատ դրական։ Մենք որոշեցինք ստեղծել կոմիտե, որը կբարձրաձայնի առկա խնդիրները ուսուցչի իրավունքների տեսանկյունից: Դա երբևիցե չի արվել։

Տարիներ շարունակ հայ ուսուցչի բեռը ավելի ու ավելի է շատացել, իսկ հեղինակությունը, դրան հակադարձ համեմատական, անկում է ապրել։

Եվ հստակեցվեց նպատակը․ բարձրացնել հանրակրթության խնդիրները իրավունքի տեսանկունից և առաջարկություններ ներկայացնել նաև այդ տեսանկյունից։

- Ի՞նչ քայլեր եք արել մինչև հիմա։

- Առաջին քայլը եղավ հանդիպում արհմիության իրավաբանի հետ, որի խոսքից հասկացանք, որ արդեն նրանց հրահանգավորված է մեզ հանգստացնել, իբրև թե առաջիկայում մեր բարձրացրած խնդիրները պետք է լուծում ստանան։ Սակայն ԿԳ նախարարի հետ Մերգելյանում կայացած հանրային քննարկման ժամանակ նախարարը հստակ արտահայտեց մտքեր, ըստ որոնց՝ ոչ մի ակնկալիք էլ չենք կարող ունենալ։ Ուստի որոշեցինք նամակներով դիմել ՄԻ պաշտպանին, ԿԳ նախարարին և վարչապետին։ Նամակները նախապես դրվեցին քննարկման ուսուցիչների շրջանում, կազմակերպեցինք հարցումներ՝ արձանագրելու համար այդ խնդիրների իրատեսական խորությունը, կազմակերպվեց ստորագրահավաք, որը դեռևս շարունակվում է, և օրեցօր մեզ են միանում նորանոր դպրոցներ և ուսուցչական կոլեկտիվներ։

- Վայելո՞ւմ է արդյոք նախաձեռնությունն ուսուցչական համայնքի աջակցությունը։

- Այդ մասին պատկերացում կազմելու համար ուղղակի կարելի է դիտել մեր էջում տեղադրված նյութերի վարաբերյալ միանշանակ դրական արձագանքները, մինչ օրս չենք ստացել ոչ մի քննադատական կամ հերքող արձագանք ու ստանում ենք օրական 10-20 նամակ ու զանգ, որոնց անձամբ փորձում եմ հատ-հատ պատասխանել։ Հարցեր են գրում՝ տարրական հաղորդակցական խնդիրներից մինչև նախարարության և օրենսդրության հետ կապված։ Դրանցից ես մի եզրահանգման եմ գալիս․ մեր ուսուցիչներն այնքան օտարված էին տարիներ շարունակ, լքված ու ջախջախված, որ այս հարթակը նրանց համար դարձել է մի հույս, որ իրենց իրավունքների մասին գոնե ինչ-որ մեկը մտածում ուբարձրաձայնում է։ Անչափ հուզիչ էր, որ նման խոսքեր լսեցի իմ դասղեկից, որը դպրոցի կոլեկտիվի, իմ նախկին ուսուցիչների անունից ջերմորեն ողջունեց նախաձեռնությունը և ասաց․ «Վերջապես մեկը մեր խնդիրների մասին բարձրաձայնեց»։

- Կրթության ոլորտում խնդիրները շատ են և բազմազան։ Մանկավարժների խնդիրներից որո՞նք եք առաջնահերթ համարում։

- Կան գլոբալ խնդիրներ, որոնց լուծումով է պայմանավորված այլ փոքր խնդիրների լուծումը։ Մենք փորձել ենք առայժմ բարձրաձայնել հենց այդ գլոբալ խնդիրները՝ ծանրաբեռնված դասարանները, համընդհանուր ներառականությունը, ուսուցիչների դրույքաչափն ու աշխատավարձը, նրանց իրավունքների խախտման գործոնները և ԶԼՄ-ներում մասնավոր դեպքերի հիման վրա ուսուցչի բարի համբավն ու պատիվը ոտնահարող հրապարակումների տարածումը, կրթության բովանդակությունը, ուսուցիչների ատեստավորման ու տարակագերի բարդությունն ու անհասանելիությունը, հատուկ դպրոցների փակումը և այլն։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ուսուցիչների խնդիրները պատշաճ ուշադրության չեն արժանանում։

- Դրա համար կան մի շարք գործոններ։ Պետության ոչ համարժեք վերաբերմունքը կրթության և կրթական սուբյեկտների նկատմամբ, կրթությունը որպես սպառման ոլորտ, ոչ թե եկամուտ բերող ոլորտի դիտարկումը, քանի որ կրթության այսօրվա ներդրումը կարող է արդյունք ցույց տալ ամենաքիչը 10-15 տարի հետո։ Դա նույնն է, թե ընտանիքում ծնողը զլանա ծախսել երեխայի վրա՝ համարելով երեխային միայն նեղություն տվող ու լրացուցիչ բեռ, նրա կրթությունն ու խնամքը՝ անիմաստ ծախս։ Մոտավորապես այս տեսլականով էին նախկինում դիտում կրթությունը, սակայն տարբեր ձևաչափերի միջազգային գրանտներ ստանալու հախուռն տենչանքը բերում էր տարաբնույթ նորամուծություններ իբրև որակի բարելավման ու զարգացման նպատակով, բայց փաստորեն դրանց իրականացումը բարդվում էր շարքային ուսուցչի ուսերին՝առանց որևէ գնահատման։ Իսկ ծանրաբեռնված ուսուցիչն արդեն կորցրել էր իր ուղենիշը, և այդ էր պատճառը, որ այլևս չդիմացավ ու ոտքի կանգնեց՝ընդվզելով նախկին ռեժիմի դեմ։

- Հնարավո՞ր է ունենալ որակյալ կրթություն, եթե մանկավարժը դժգոհ է իր կարգավիճակից, իր հանդեպ պետության վերաբերմունքից։

- Նա, ով հաճույքով է անում իր գործը, ոչ թե ստիպված, ավելի լավ է անում և որակով։ Ո՛չ աշակերտն է այսօր ստիպված սովորել ցանկանում, ո՛չ առավել ևս ուսուցիչը ցանկություն ունի անելու անիմաստ գրագրություն և ժամանակի վատնում պահանջող գործողություններ, որոնք խլում են նրանից իր բուն գործունեությամբ զբաղվելու ժամանակն ու էներգիան։ Իսկ մոտիվացնելու համար պետությունն ունի իր գործառույթները, դպրոցը՝ իր, ուսուցիչը՝ իր, ծնողն՝ իր։ Նպատակը պետք է լինի առողջ և գրագետ սերնդի ձևավորումը, որը պետք է լինի պետության գլխավոր ռեսուրսն ու արժեքը, իսկ նրան կերտողը՝ ավելի մեծ արժեքը։

- Պաշտոնական որևէ արձագանք ստացե՞լ եք ձեր պահանջներին։

- Դեռևս՝ ոչ, սակայն մոտեցումների հարցում նկատում ենք տարբերություններ, նաև նկատել ենք, որ շատերն են սկսել խոսել ուսուցչի իրավուքներից, ազգային ժողովում՝ նույնպես։

- Որո՞նք են լինելու հետագա քայլերը։ Արդյոք գործադուլը կարո՞ղ է իրականություն դառնալ։

- Այո՛ և միայն այո՛ այն դեպքում, եթե արձագանքներն ուշանան,լինեն լղոզված, չլինեն երաշխիքներ դրանց իրագործման, լինեն սպառնալիքներ և կտրուկ քայլեր։ Սակայն լիահույս ենք, որ իրավիճակ է փոխվել, և ուսուցիչն այլևս կառավարության կամակատարը չէ, այլ գործընկերը, և ծանր բեռ չէ իր բարձրացրած խնդիրներով, այլ վստահում է նոր կառավարությանը, որը գիտակցում է իր ստանձնած պարտավորություներն ու մանդատի կշիռը, պատրաստակամ է լուծելու քաղաքացիների խնդիրները, նպաստելու պետության զարգացմանն ու ապահովությանը։ Իսկ ուսուցիչն այն կարող ուժն է, որը պետք է, չի կարելի մոռանալ նրա մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: