Հայերեն   English   Русский  

​Ովքեր, երբ, ինչու և ինչպես կարող են գործադուլ անել


  
դիտումներ: 1246

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործադուլի իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով.

«Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով»:

Գործադուլի անցկացման կարգը և սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային օրենսգրքով (հոդվ. 73-82):

Ըստ այդ օրենսգրքի ՝ գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:

Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը, եթե՝

1) հաշտեցման գործընթացի արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել.

2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց.

3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի՝ աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Արհեստակցական միությունը կազմակերպությունում գործադուլ է հայտարարում այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից:

Մինչև գործադուլ անցկացնելն արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին այդ մասին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն 7 օր առաջ: Տեղեկացման հետ միաժամանակ գործատուին է ուղարկվում գործադուլ անցկացնելու մասին որոշումը՝ դրան կցելով առաջադրված պահանջները: Եթե մինչև գործադուլ սկսելը կազմակերպվում է նախազգուշական գործադուլ, որը, օրենքի համաձայն, չի կարող շարունակվել 2 ժամից ավելի, ապա այդ մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան 3 օր առաջ: Իսկ տնտեսության առանձին բնագավառներում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունվելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլն սկսելուց առնվազն 14 օր առաջ:

Գործադուլը ղեկավարող մարմինն արհեստակցական միությունն է կամ նրա ստեղծած գործադուլային կոմիտեն: Գործադուլային կոմիտեի իրավունքներն ու պարտականությունները սահմանում է այդ կոմիտեն ստեղծող արհեստակցական միությունը:

Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գարծատուն կարող է աշխատավարձ չվճարել գործադուլին մասնակցող աշխատողներին:

Իսկ գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:

Գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը, հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության: Գործադուլի ժամանակ գործատուն իրավունք չունի գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ, բացառությամբ օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Գործադուլ հայտարարելուց հետո գործատուն կամ պահանջներ ստացած կողմը կարող է դիմել դատարան գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով: Դատարանը գործադուլն անօրինական ճանաչելու դեպքում և դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործադուլ չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված գործադուլը պետք է անհապաղ դադարեցվի:

Դատարանը օրենքով սահմանված կարգով, գործադուլն անօրինական ճանաչելու դեպքում, գործադուլ հայտարարած արհեստակցական միությանը, օրենքով սահմանված կարգով, պարտավորեցնում է իր գույքի հաշվին հատուցել գործատուին պատճառած վնասները:

Օրենսգրքով սահմանված են նաև գործադուլ անելու սահմանափակումները:

Այսպես, արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ:

Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) վերացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: