Հայերեն   English   Русский  

Արցախցի պատանի երաժշիտը հերթական հաղթանակն է գրանցել միջազգային փառատոնում


  
դիտումներ: 1080

Օրեր առաջ Մոսկվայի Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 42 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ IV միջազգային կատարողական արվեստի փառատոնը, որը կրում էր «Նվագում եմ երկու գործիքների վրա՚»անունը:

Փառատոնին ընդգրկվել էին Հայաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի երաժշտական ուսումնարաններ «Ընդհանուր դաշնամուր» բաժնի սաները, ովքեր բաժանված էին տարիքային չորս խմբի: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց 2 կատարում, ընդ որում ` մեկը դաշնամուրային, մյուսը՝ ըստ ընտրության: Փառատոնին մասնակցեց նաև Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի 4-րդ դասարանի սան Վիլեն Լալայանը, ով ընդգրկված էր տարիքային երրորդ խմբում: Վիլենը փառատոնին հանդես եկավ Էդուարդ Ղազարյանցի«Մանկապատանեկան վալս» դաշնամուրային կատարմամբ (դասատու՝ Էվելինա Լալայան), իսկ որպես երկրորդ երաժշտական գործիք, նա ընտրել էր կլառնետը (դասատու՝ Աշոտ Լալայան, նվագակցող՝ Լուսինե Լալայան), որով նվագեց Արտեմ Այվազյանի «Բարկարոլա» ստեղծագործությունը: Մեր մասնակիցը գրավեց երկրորդ պատվավոր տեղը, իսկ որպես հայկական ստեղծագործությունն ամենալավը նվագող սան` Վիլեն Լալայանն արժանացավ հատուկ մրցանակի: Հանձնախմբի կազմում համաշխարհային երաժշտական մշակույթի ականավոր գործիչներ էին, որոնց մեջ ներգրավված էին նաև հայ մեծանուն երաժիշտներ:

«Փառատոնը, որը կազմակերպել էր Մոսկվայի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի ընդհանուր դաշնամուրի բաժնի վարիչ Ելենա Դուբինինան, հայկական շնչով էր թաթախված: Ռուսաստանի և Գերմանիայի մի քանի մասնակիցներ իրենց կատարումներում ներառել էին հայ մեծանուն երաժիշտների ստեղծագործություններ, ինչը շատ ողջունելի էր»,- ասաց Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, Վիլեն Լալայանի դաշնամուրի դասատու Էվելինա Լալայանը, հավելելով՝ միջոցառման ընթացքում ազգությամբ ռուս Պյոտոր Բիլինովն արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Փառատոնն իրականացվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Գնեսինսի անվան ռուսական երաժշտական ակադեմիայի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Մոսկվայի կառավարությանն առընթեր ազգային հարցերի խորհրդի միջտարածաշրջանային հարաբերությունների և էթնո-տուրիզմի զարգացման հանձնաժողովի, Մոսկվայի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը խթանող տարածաշրջանային հասարակական կազմակերպության, ՙԱրարատ՚ մշակութային և կրթական միության ու այլ կազմակերպությունների հովանավորությամբ:

Փառատոնի նպատակներից է աջակցել տաղանդավոր սաներին, ովքեր նվագում են երկու գործիք, զարգացնել կատարողական և երաժշտական-կրթական փորձը, խթանել դասական և ժամանակակից համաշխարհային երաժշտական ժառանգության պահպանմանը, ձևավորել գեղարվեստական ճաշակ և այլն:

ԼՈԻՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: