Հայերեն   English   Русский  

Փողերի լվացման ռիսկերի տեսակետից Հայաստանը գնահատվել է որպես «արդյունավետության զգալի մակարդակ» ունեցող երկիր. ԿԲ


  
դիտումներ: 975

ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ու կարգավորման ներքո գործող բոլոր բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները պատշաճ կերպով իրականացնում են փողերի լվացման ռիսկերին համարժեք կանխարգելիչ միջոցառումներ՝

պահպանելով ինչպես ՀՀ օրենսդրության պահանջները, այնպես էլ միջազգային պրակտիկայում ընդունված կանոնները։

ԿԲ-ից Անկախին հայտնեցին, որ նշված ոլորտում միջազգային ստանդարտներ սահմանող Ֆինանսական միջոցառումների հանձնախումբը (ՖԱԹՖ) կիրառում է դրանց իրագործման արդյունավետության գնահատման որոշակի չափանիշներ։ Հայաստանը Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին իրականացված գնահատման եւ 2018 թվականին ներկայացված առաջընթացի հաշվետվության արդյունքներով ՖԱԹՖ-ի մեթոդաբանության համապատասխան չափանիշով գնահատվել է որպես «արդյունավետության զգալի մակարդակ» ունեցող երկիր՝ ներկա պահի դրությամբ ընդգրկված լինելով նույն մեթոդաբանությամբ գնահատված շուրջ յոթ տասնյակ երկրների լավագույն հնգյակում։ (Աղբյուրը՝ http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/4th-Round-Ratings.pdf)

«Ուկիո» բանկի գործունեության եւ դրա միջոցով 2000-ականներին իրականացված ֆինանսական գործարքների վերաբերյալ նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի՝ փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատու ստորաբաժանումը ժամանակին ակտիվորեն գործակցել է իր օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման միջոցով, և ձեռնարկվել են տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։

Նշենք նաեւ, որ «Ուկիո» բանկի գործունեությունը դադարեցվել է 2013 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: