Հայերեն   English   Русский  

​Ինչպես են ընկերություններն օգնում երիտասարդ մայրիկներին արագ շարք վերադառնալ


  
դիտումներ: 1885

Շրջահայաց ղեկավարությունը կարևոր դեր է խաղում այն կանանց կյանքում, որոնք վերադառնում են ծննդյան արձակուրդից: Հատուկ ծրագրերի միջոցով կարելի է արագացնել աշխատակցուհիների գործի մեջ մտնելը և բարձրացնել արդյունավետությունը:

Մայրիկ լինելը դժվարին փորձառություն է կնոջ կյանքում, իսկ աշխատող մայրիկ լինելը՝ էլ ավելի դժվար: Հասարակությունում առաջվա պես մայրերից ակնկալում են մշտական խնամք և հոգատարություն երեխաներին, ընդ որում սպասումները հայրերից այնքան էլ մեծ չեն: Չնայած դրան՝ կանայք ֆինանսական նկատառումներով կամ հաջող կարիերա անելու ցանկությամբ ավելի ու ավելի հաճախ են ձգտում հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքի: Ուստի ընկերությունները պետք է հաշվի առնեն կանանց պահանջմունքները և հարամարավետ աշխատանքային պայմաններ ստեղծեն նրանց համար, քանի որ կանանց զբաղվածությունը դրական ազդեցություն է թողնում առհասարակ տնտեսության վրա:

Դրա հիմնավորումը կարելի է գտնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Babies and Bosses հետազոտությունում, որի արդյունքները ցույց են տալիս, որ «շատ երկրներում կանանց աճող զբաղվածությունը, հատկապես՝ աշխատող մայրերի, տնտեսական աճի ապահովման և թոշակային ու սոցիալական ապահովության համակարգերի կայունության կարևոր գործոն է»: Շատ գործատուներ նշում են, որ աշխատող մայրերն աչքի են ընկնում ջանասիրությամբ, նվիրվածությամբ գործին և ժամանակի արդյունավետ կառավարմամբ: Աշխատավայրում լինելով ընդամենը մի քանի ժամ՝ նրանք ժամանակ չեն կորցնում երկար ընդմիջման կամ գործընկերների հետ առավոտյան սրճախմության վրա՝ ձգտելով ամեն ինչ հասցնել: Նրանց մեջ միաժամանակ մի քանի խնդիրներ լուծելու հմտություն է ձևավորվում, ընդ որում՝ առավելագույն ուշադրություն դարձնելով այն բանին, ինչը տվյալ պահին ուշադրության կիզակետում է: Հետևաբար մայրությունը դժվարին, բարդ, բայց և խթանող փորձառություն է, որ կարող է նպաստել սեփական աճին և բազմաբնույթ խնդիրներ լուծելու հմտության կատարելագործմանը:

Ընտելացման շրջանը

Անշուշտ, շատ կանայք դժվարություններ են ունենում, երբ ծննդյան արձակուրդից վերադառնում են աշխատանքի. անմիջապես աշխատանքային գործընթացի մեջ մտնելը հնարավոր չէ: Պատճառները հասկանալի են: Մի քանի ամիս նրանք իրենց ժամանակի և ուշադրության 100 տոկոսը տվել են լույս աշխարհ եկած նոր մարդուն և ժամանակ չեն ունեցել իրազեկ լինելու աշխատանքի և մասնագիտության հետ կապված տեղեկատվությանը, հատկապես՝ այն ընկերության նորամուծություններին, որտեղ աշխատում են: Բացի այդ, նման աշխատակցուհիները, վերադառնալով գրասենյակ, ներքին պայքար են ունենում՝ լավ մայր լինելու և միաժամանակ լավ մասնագետ լինելու պայքար, այդ երկու դերերի համադրությունը հաճախ խառը զգացմունքներ է առաջացնում: Հետևաբար աշխատող կնոջ համար շատ կարևոր է գործատուի աջակցությունը և նրբանկատությունը, ինչը հնարավորություն է տալիս կնոջը լինելու երեխայի կողքին նրա կյանքի ամենակարևոր պահերին: Գործատուները պետք է հիշեն, որ երբ աշխատակազմում հարամարավետության մթնոլորտ է իշխում, աշխատողները կաշկանդված չեն, իրենց բիզնեսը կարող է անհավանական արդյունքների հասնել:

Շատ ընկերություններ կան, որոնք հատուկ ծրագրեր են իրականացնում կանանց համար: Միջազգային քոնսալթինգային PWC ընկերությունը հետդեկրետային շրջանի առնչությամբ տարբեր սերունդների աշխատողների նախապատվությունների հետազոտություն է անցկացրել և բացահայտել է, որ աշխատողների գլխավոր պահանջմունքներից մեկը աշխատանքային ճկուն գրաֆիկն է: Այդ կապակցությամբ նոր գործելակերպ է մտցվել, ըստ որի՝ 4 շաբաթ աշխատակցուհիները կարող են զբաղված լինել աշխատանքային ժամերի 60 տոկոսի չափով և ստանալ լրիվ աշխատավարձ: Եվ այդ կանոնը տարածվում է նորածնի և՛ աշխատող մոր, և՛ հոր վրա: Եվս մի տարբերակ է ծննդյան արձակուրդից հետո մի քանի ամիս կրճատ աշխատանքային օրը, այնուհետև աստիճանաբար ժամերի ավելացումը մինչև սովորական չափը:

Օրինակ՝ ամերիկյան քոնսալթինգային A.T. Kearney ընկերությունը հայտնի է իր Pathways for Parents նախաձեռնությամբ, որն այն աշխատողներին, որոնք վերադառնում են ծննդհան արձակուրդից, առաջարկում է մասնակի զբաղվածություն կամ նվազ քանակությամբ գործառույթներ: Ծրագիրը նախատեսված է կես տարվա համար, աշխատավարձը և բոնուսները հաշվարկվում են համապատասխանաբար, ընդ որում կարելի է վերանայել ծանրաբեռնվածությունը՝ ավելացնել կամ նվազեցնել:

Ամերիկյան խոշոր ծրագրավորման Adobе ընկերությունում ստեղծվել է Welcome Back ծրագիրը: Այն նախատեսված է 120 օրվա համար, որի ընթացքում աշխատողը և նրա ղեկավարը «անցումային շրջանի» հարմար պլան են կազմում: Պլանի հիմքում ընկած է այն պարտականությունների և նպատակների ցանկը, որոնք աշխատողը ստանձնում է այդ ընտելացման շրջանում, ինչպես նաև հարմար գրաֆիկի կազմումը (աշխատանքային ժամերի ընտրությունը կամ աշխատանքը տնից):

Նշեն նաև, որ անձնական շփումների պակասը կարելի է հետշտությամբ լրացնել արդի տեխնոլոգիաների շնորհիվ. մշտապես կապի մեջ լինել երեխաների հետ, ստուգել տնային աշխատանքները և այլն: Կարևոր չէ, թե ինչքան շատ ժամանակ է աշխատող մայրն անցկացնում իր երեխաների հետ, այլ կարևոր է, թե որքանով է աժեքավոր ու օգտակար երեխաների համար այդ ժամանակը:

Աշխատող մայրիկների երեխաները

Հետազոտությունը, որ կատարել է Harvard Business School-ը և հրապարակել է 2018 թ., ցույց է տալիս, որ աշխատող մայրերի դուստրերը, որպես կանոն, ավելի հաջող կարիերա են ունենում, քան տնային տնտեսուհիներինը, իսկ նրանց որդիները պաշտպանում են սեռերի հավասարությունը և առավել ակտիվ են մասնակցում տնային պարտականությունների կատարմանը, երբ ընտանիք են ստեղծում: Այնպես որ, որքան էլ դժվար լինի կարիերայի ու մայրության համատեղումը, արժի դրա համար ճիգ ու ջանք գործադրել: Մանավանդ եթե ցանկանում եք ինքնաբավ լինել, ապա պետք է և՛ բարձր որակավորում ունեցող մասնագետ լինել, և՛ հոգատար մայր: Մի վախեցեք քննարկել ղեկավարության հետ ճկուն գրաֆիկի հնարավորությունը, երբ աշխատանքը և ընտանիքը համատեղելը չափից ավելի դժվար է դառնում: Ճիշտ ընկերությունը միշտ էլ կհասկանա և կպաշտպանի ձեզ:

Ռոմանա Ժուրդրեն, Forbes-ի աշխատակից

Աղբյուրը՝ Forbes





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: