Հայերեն   English   Русский  

​Հետագա համաձայնությունը երաշխաւորելու համար՝ նախ կիրառել մինչ այժմ կայացածները


  
դիտումներ: 473

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունը, քաղաքական ընթացիկ եզրաբանությանն առընթեր բանակցային փիլիսոփայության հետ կապված կարևոր բաղադրիչներ է ներառել ։

Համանախագահները խոսում են հանդիպմանը բանակցային բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին։

Այսինքն անկախ՝ ժողովրդներին խաղաղությանը պատրաստելու, հրադադարի դրությունը հարգելու, հռետորաբանությունը ապառազմականացնելու կոչերից, համանախագահները կողմերին վերաբանակցելու են հրավիրում։

Բանակցությունները վերսկսելու կոչին առընթեր եւ դրանից ավելին հայտարարությունը օրակարգային կետեր է ուրվագծում՝ հուշելով, որ բանակցային սեղանի վրա են մադրիդալավրովյան սկզբունքներն ու ծրագրային տեսք ունեցող նախագիծը։

Հելսինկյան բանաձևի հղումից անմիջապես հետո ձեւակերպվել են բանակցելի կետերի հիմնական բաժինները.

Ա. «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո,

Բ. Միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի,

Գ. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք,

Դ. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով,

Ե. Բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք,

Զ. Միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»:

Այն բաժինը, ուր կոչ է հնչում զերծ մնալ հայտարարություններից եւ քայլերից, որոնք նպատակադրում են «ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները, տեսքով հաւասար պատասխանատվություն տեղադրելու տպավորություն է թողնում», ըստ էության ռազմական սպառնալիքի կամ հարձակողապաշտության մեղադրանքը ուղղակի է հասցեագրում։ Ի վերջո, ձեւաչափի փոփոխության հասցեագրումը վերաբերում է հայկական կողմին, որ խաղաղ բանակցության մասին է խոսում, մինչ երկրորդ բաժինը՝ ռազմական սպառնալիքի մասին է, որը վերաբերում է հստակորեն պաշտոնական Բաքվին։ Այստեղ արդեն Բաքուն է, որ հակադրվում է հելսինկյան բանաձեւին կամ միջազգային ընտանիքին, որը սկզբունք է ճշտել՝ ուժի կիրառման բացառումը։ Համահավասարեցման դասական մոտեցումը այստեղ խախտվում է։

Սրանով հանդերձ հայտարարությունը հարցական է ստեղծում այն իմաստով, որ կողմերին հրավիրում է բանակցությունները վերսկսելու։ Մինչ, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ բովանդակային բանակցություն չի կարելի ձեռնարկել առանց Ստեփանակերտի։

Մինչեւ այս հարցի հստակեցումը սակայն կա հիմնական անորոշ, օդում կախված կարեւոր բաժին։ Եթե միջազգային ընտանիքի երաշխավորությամբ բանակցություններ են վերսկսելու, ի՞նչն է երաշխավորում, որ կայանալիք պայմանավորվածությունները հարգվելու են այն կողմից, որը անվերջ խախտում է ու արգելակում նախկին համաձայնությունները. սկսած 94- հրադադարից, հասնելու համար ապրիլյան ռազմարկածախնդրությանը հետեւած Վիեննայում, այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում եւ ապա Ժնեւում կայացած համաձայնությունները, բոլորը չեն հարգվում Բաքվի կողմից։

Ուրեմն, նախ պետք է երաշխավորել նախապես կայացած համաձայնությունները, վերադառնալու համար բանակցային սեղանին։ Պարզ է տրամաբանությունը. անհապաղ իրականացնել Վիեննայում որոշվածն ու Պետերբուրգում եւ ապա Ժնեւում վերահաստատվածը. իրենց հերթին իրականացնելու համար 94-ի համաձայնությունը։ Ապա թե ոչ դյուրաբեկ պիտի լինի նաեւ հետագա որեւէ համաձայնություն, որի շուրջ բանակցելու են հրավիրվում համանախագահները։

Քաղաքական այս տրամաբանությանը վրա, թվում է, թե հիմնվել է նաեւ պաշտոնական Երեւանի հրապարակած տեսակետը, արտգործնախարարության մամուլի խոսնակի կողմից հնչած՝ «Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»։ Ակնարկն այստեղ հստակ է. նախ, գործադրել մինչ այժմ կայացած համաձայնությունները, հետո անցնել վերաբանակեցելու կոչերին եւ օրակարգին։ Այս պահի հրամայականը միջադեպերի կանխարգելման եւ հետաքննման մեխանիզմների տեղադրումն է ողջ շփման գծի երկայնքին։ Բանակցային օրակարգի կետերը պետք է լինեն այդ բոլորի տեղադրման, մշտադիտարկման, խախտման դեպքերի գրանցման եւ հետաքննության գործիքակազմի, այդ բոլորի միջազգային երաշխավորվածության հարգումը եւ կիրառելիության եղանակների ճշտումը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: