Հայերեն   English   Русский  

Թուրքական կողմն ինչ-որ առումով արձագանքելու է հայկական համայնքից եկող ազդակներին․ թուրքագետ


  
դիտումներ: 637

Տևական հիվանդությունից հետո Ստամբուլում 62 տարեկան հասակում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը։

Նշենք, որ 2008 թվականից արքեպիսկոպոս Մութաֆյանը Ալցհեյմերի հիվանդությամբ գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը միանշանակ չի ընկալվում հայկական համայնքի կողմից։ Պատրիարքի հիվանդության տարիներին հայկական համայնքը բազմիցս հանդես է եկել նոր պատրիարք նշանակելու պահանջով, ինչը մերժվել է թուրքական իշխանությունների կողմից։ 2017-ին փորձ արվեց պատրիարքի ընտրության գործընթաց կազմակերպել և տեղապահ ընտրվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն թուրքական իշխանությունները նրան որպես պատրիարքական տեղապահ չճանաչեցին, իսկ նոր պատրիարքի ընտրությունը մերժվեց՝ պատճառաբանությամբ, որ պատրիարք Մութաֆյանը ողջ է, և նոր պատրիաքրի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան։

Առաջիկայում Թուրքիայի հայկական համայնքը կընտրի Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին։ Թուրքիայի հայկական համայնքում սպասվող զարգացումների մասին է «Անկախը» զրուցել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

-Պարոն Գեղամյան, առաջիկայում Թուրքիայի հայ համայնքը նոր պատրիարք է ընտրելու։ Այս համատեքստում ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում։

-Առաջին հերթին, համայնքը սկսել է նախապատրաստվել նոր պատրիարքի ընտրություններին։ Գործընթացը կսկսվի 40-օրյա ժամկետից հետո, որը նաև համընկնում է Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտի հետ։ Ըստ էության, դրանից հետո նաև թուրքական իշխանություններն ամբողջ ուժով և կազմով կլծվեն հարցի լուծմանը։ Մինչ այդ կլինեն ներհամայնքային բանակցություններ։ Սա առաջնային կարևորության խնդիր է համայնքի համար, և այս ժամանակահատվածում կտեսնենք ուղերձներ, գործողություններ, որոնք կհուշեն, թե ինչ հունով են ընթանում ներհամայնքային բանակցությունները հնարավոր թեկնածուների շուրջ։

-Ներկա դրությամբ պատրիարքի հավանական թեկնածուներ կա՞ն։

-Բնականաբար։ Նրանցից որպես հավանական թեկնածուներ հիշատակության են արժանի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Ջուլջյանը, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Բրազիլիայի թեմի առաջնորդը /Տեր Նարեկ վարդապետ Բերբերյան/ և այլն։

Այս բոլոր մարդիկ ունեն իրենց աջակիցները համայնքում, ծանոթ են համայնքի խնդիրներին։ Նրանք պատահական մարդիկ չեն․ թուրքական օրենսդրության համաձայն՝ պատրիարք կարող են լինել այն անձինք, որոնք ծնվել են Թուրքիայում։

Թե նրանցից որոնք կհասնեն այն փուլին, որ պաշտոնապես թեկնածու գրանցվեն, իսկ նրանցից քանիսը կհաջողեն դառնալ իրական մրցակից, դա կտեսնենք ժամանակի ընթացքում, հիմա վաղ է այդ մասին խոսել։

-Իսկ թուրքական իշխանություններն ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել իրենց համար ձեռնտու թեկնածու ունենալու համար։

- Պետք է լինի այնպիսի թեկնածու, որն ընդունելի է ոչ միայն թուրքական իշխանությունների համար, այլ նաև միաժամանակ ընդունված է հայկական համայնքի կամ առնվազն այդ համայնքի ճնշող մեծամասնության կողմից։ Մենք հասկանում ենք, որ փաստացի գործ ունենք ոչ միայն հոգևոր տիտղոս կրող անձի հետ, այլ աշխարհիկ կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոնի հետ։ Հետևաբար այն մարդը, որը պետք է ընտրվի, պետք է ընդունելի լինի և թուրքական կողմի, և հայկական համայնքի համար։

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի․․․ ես ավելի շատ հակված եմ կարծել, որ գնդակը առաջին հերթին հայկական համայնքի դաշտում է, և թուրքական կողմն ինչ-որ առումով արձագանքելու է հայկական համայնքից եկող ազդակներին և ըստ այդմ է գործելու։

-Ասացիք և թուրքական իշխանությունների, և հայկական համայնքի համար ընդունելի անձ։ Արդյո՞ք այս երկուսը միմյանց չեն հակասում։

-Ոչ, չեն հակասում։ Կարևոր է հասկանալ, որ թուրքական իշխանությունների համար համայնքի մեծամասնության կողմից առաջադրված և սատարված թեկնածուին հակադրվելը ավելի դժվար է լինելու։ Եթե համայնքը միասնական մոտեցում ցուցաբերի, ապա ավելի ուժեղ դիրքերից հանդես կգա ոչ միայն ընտրություններից առաջ, այլ նաև հետո, շատ ավելի քիչ կախվածություն կունենա թուրքական իշխանություններից, քան եթե այդ հարցում գլխավոր միջնորդը հանդիսանա թուրքական պետությունը։

-Արքեպիսկոպոս Բեքչյանի հետ տեղի ունեցածը հիշենք։ Չէ՞ որ ստացվեց, որ համայնքի համար ընդունելի ամեն ոք չէ, որ ընդունելի է թուրքական իշխանությունների համար։

-Բնականաբար, բայց կարևոր է հասկանալ, որ այդ դեպքում գործ ունեինք համայնքի ոչ միասնական դիրքորոշման հետ։ Ուստի ունեցանք այն, ինչ ունեցանք։ Բայց եթե այդ սատարումը լինի ճնշող մեծամասնության կողմից, էական չէ, թե այդ թեկնածուն ով է, այս դեպքում բնականաբար բանակցությունները բոլորովին այլ մթնոլորտում են ընթանալու և թուրքական իշխանությունները բոլորովին այլ մոտեցում են ցուցաբերելու այդ թեկնածուի և ընտրական գործընթացի նկատմամբ։

-Իրատեսակա՞ն եք համարում, որ հստակ հայանպաստ դիրքորոշմամբ գործիչ ընտրվի։

-Պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում հայանպաստ դիրքորոշում։ Անշուշտ, ընտրված ցանկացած մարդ փաստացի համայնքի կողմից է ընտրվելու և ներկայացնելու է համայնքային շահերը։ Դժվարանում եմ ասել, թե այս կամ այն մարդը որքանով է հայանպաստ լինելու, բայց, անշուշտ, ներկայացնելու է տեղի հայ համայնքի շահերը ։ Ուրիշ հարց, որ շատ լավ կլինի, որ հիմնական թեկնածուն վայելի ոչ միայն հայ համայնքի, այլ ավելի լայն շրջանակների աջակցությունը, լինի դա եկեղեցական-հոգևոր, թե լինի դա աշխարհիկ-քաղաքացիական։

-Իսկ Արամ Աթեշյանի շանսերը ինչպե՞ս կգնահատեք։

-Չեմ կարող գնահատել։

-Բայց հայկական համայնքի որոշակի աջակցություն ունի՞։

-Անշուշտ, ոչ բոլորն են սատարում նրան և հակառակը։

-Արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո հայատառ գրառմամբ ցավակցություն հղեց Էրդողանը։ Ի՞նչ է դա նշանակում։

-Գրառումն, ըստ էության, մի քանի բաղադրիչներ ուներ, որոնք էական էին մեզ համար։ Ուղերձն ինքնին նորամուծություն չէր, դա ընդունված ավանդույթ է օսմանյան ժամանակաշրջանից՝ սկսկած 19-րդ դարում պատրիարքության հիմնադրումից։ Սուլթանները, հետո հանրապետության ղեկավարները նմանատիպ առիթներով հղում են իրենց ուղերձները, հաճախ նաև բարեմաղթանքները և այլն։ Հիմա մենք ունենք ավանդույթի պահպանություն, միևնույն ժամանակ այդ ավանդույթի իրագործման տեխնոլոգիան է նոր։ Ուղերձը արված է թվիթերի միջոցով, որը քաղաքական մշակույթի փոփոխության մասին է վկայում։ Մյուս բաղադրիչը Էրդողանի ցանկությունն է ցույց տալ, որ ինքը ոչ միայն երկրի մուսուլմանների առաջնորդն է, այլ երկրի փաստացի ամենամեծ քրիստոնեական համայնքի ղեկավարն է։ Եվ երրորդ բաղադրիչը նախընտրական քարոզարշավի համատեքստն է․ առաջիկայում Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են։

Յուրօրինակությունը ուղերձի հայերեն լինելն է, որն ավելի հասանելի դարձրեց գրառումը։ Կարծում եմ, որ նախընտրական քարոզչության շրջանակներում դա բավականին հաջող քայլ էր։

Հաշվի առնելով խիստ մրցակցությունը և վտանգը, որ իշխանությունները Ստամբուլում կարող են կորցնել իրենց փաստացի առաջանցիկ դիրքերը, ցանկացած քիչ թե շատ խոշոր զանգվածի ձայն կարևոր է։ Հայկական համայնքն այդպիսի խոշոր համայնքներից մեկն է, մոտ 30-40 հազար քվե։

-Արքեպիսկոպոսը շուրջ 10 տարի հիվանդ է եղել և այս ընթացքում համայնքում մի շարք խնդիրներ են կուտակվել։ Նորընտիր արքեպիսկոպոսին կարծես դժվար աշխատանք է սպասվում։

- Անշուշտ, բավականին բարդ շրջան է մտել հայկական համայնքը՝ կապված հայապահպանության խնդրի, Թուրքիայում վերջին շրջանում ուժեղացող ավտորիտար միտումների և ազգայնականության ծաղկման շրջանի հետ, նաև պետք է նշել վերջին շրջանում պատրիարքի ընտրության հետ կապված համայնքի ներսում բաժանումը, պառակտումը, տարբեր խմբերի առաջացումը, որոնք որոշ դեպքերում միմյանց դիտարկում են ոչ թե որպես համագործակցության օղակ, այլ որպես մրցակիցներ և հակառակորդներ, ինչը փոքրաթիվ հայ համայնքի համար վտանգավոր միտում է։ Ով էլ լինի պատրիարք, առաջնային խնդիրն է լինելու համայնքի ներսում տարաձայնությունները հարթել կամ այդ տարաձայնությունները վերածել արդյունավետ համագործակցության։ Սա, իհարկե, հեշտ խնդիր չէ և հույս ունեմ, որ այն թեկնածուն, որը կընտրվի, կգիտակցի խնդրի կարևորությունը և կլծվի այդ խնդրի լուծմանը։

-Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում թուրքահայ համայնքին աջակցելու որևէ հնարավորություն ունի՞։

-Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի կարող և պետք էլ չէ, որ ներգրավված լինի այս գործընթացներում։ Ավելի կարևոր է, որ պետությունը և ընդհանրապես հայաստանյան շրջանակները համայնքին ճիշտ ազդակներ ուղարկեն նշածս պառակտումը վերացնելու և հայապահպանության գործը դրական հունի մեջ դնելու համար։ Այս հարցում իր հորդորով կարևոր դեր կարող է խաղալ ամենայն հայոց կաթողիկոսը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: