Հայերեն   English   Русский  

Արմավիրի մարզում մի քանի հանցատեսակներով քրեաիրավական պայքարը կակտիվանա.


խորհրդակցություն մարզի դատախազությունում


  
դիտումներ: 340

Ի կատարումն 2019թ. առանձին հանցատեսակներով քրեաիրավական պայքարն ուժեղացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարականների՝

Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզի դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու
2018թ. Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ճանապարհատրանսպորտային հանցավոր պատահարների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, այդ հանցագործություններին նպաստող պատճառների և պայմանների վերհանման, առանձին կոնկրետ ուղղություններով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրավապահ մարմինների գործակցության մակարդակի բարձրացման
հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի, Էջմիածնի և Մեծամորի համայնքների ղեկավաները, իրավապահ մյուս մարմինների մարզային և համայնքային ստորաբաժանումների ղեկավարները:

Արձանագվել է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին 14,1%-ով ավելացել են բնակարանային գողության դեպքերը: Դրան զուգահեռ 7,5 տոկոսային կետով նվազել է նշված հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Ընդ որում՝ նվազում է արձանագրվում արդեն մի քանի տարի շարունակ, ինչը վկայում է գողությունների կանխարգելման ուղղությամբ պրոֆիլակտիկ միջոցառումների, բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ցածր արդյունավետության մասին:

Ուսումնասիրությունները վկայում են, որ ապօրինի մուտք գործելով գողություններ կատարվել են այնպիպի բնակարաններից, որոնց պատուհաններին ճաղավանդակներ չկան կամ որոնք տևականորեն բնակեցված չեն լինում:

Մարզի դատախազի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է ջանքեր գործադրել տուժողների հարևանությամբ բնակվող անձանց, նրանց բարեկամական կամ ընկերական շրջապատում նմանօրինակ հանցագործություններ կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, ինչպես նաև մեծացնել համագործակցությունը տարադրամի փոխանակման կետերի, բանկերի, գրավատների և մետաղների ընդունման կետերի հետ(որտեղ սովորաբար իրացվում է գողոնը):

Վահե Հովհաննիսյանի կողմից խորհրդակցությանը մասնակցող համայնքի ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետներում քննարկել բազմաբնակարան շենքերի մուտքերին կոդավորված փականներով դռներ դնելու, մուտքերին տեսանկարահանող սարքեր տեղադրելու, հարող տարածքները պատշաճ լուսավորությամբ ապահովելու մեխանիզմները և դրանից բխող քայլեր ձեռնարկել:
Առաջարկվել է նաև համայնքների խոշոր խաչմերուկներում, համայնքներ մուտք ու ելք ունեցող ճանապարհներին տեղադրել տեսախցիկներ, որոնք նույնպես կունենան կանխարգելիչ նշանակություն և կհեշտացնեն հանցագործությունների բացահայտումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքապետարանների և
ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել հանցագործությունների կատարման համար առավել խոցելի վայրերը և այդ վայրերում ըստ առաջնահերթության տեղադրել տեսախցիկներ:

Խորհրդակցության ժամանակ կարևորվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Արձանագրվել է, որ 13,4%-ով աճել են ՃԵԿ խախտումները, որի հետևանքով 54,5%-ով ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը:

Դրան նպաստող՝ Արմավիրի մարզին առավել բնորոշ պայմանները վերացնելու ուղղությամբ մարզի դատախազությունից հաղորդում է ուղարկվել Արմավիրի մարզպետին, համապատասխան միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայություն:
Արդյունքում թարմացվել են մայրուղու գծանշումները, պատահարավտանգ հատվածներում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, իսկ գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են մայրուղիների երթևեկելի մասերից, ինչն արդեն իսկ տվել է արդյունքներ՝ համապատասխան հատվածներում մարմնական
վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏ պատահարներ չեն արձանագրվել: Չնայած այդ հանգամանքին՝ մարզի դատախազը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է ճանապարհային նշաններով չկարգավորվող խաչմերուկներում տեղադրել անհրաժեշտ ճանապարհային նշաններ, իսկ կանաչապատումն իրականացնել այնպես, որ չխանգարի բավարար հեռավորությունից ճանապարհային նշանների տեսանելիությանը:

Մարզի դատախազի կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է գյուղմթերքի վաճառքի գարնանային ակտիվ շրջանում մայրուղիների կոնկրետ տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն: Քննարկվել է նաև Վաղարշապատ-Արմավիր ճանապարհի լուսավորության ապահովման հարցը:

Խորհրդակցության ընթացում մարզի դատախազի կողմից նաև դժգոհություն է արտահայտվել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունքների կապակցությամբ: Այս հանցատեսակներով արձանագրվել է նվազում. 50%-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 25,7%-ով՝ իրացման
դեպքերը: Մտահոգիչ է համարվել, որ դեպքերի քանակը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ հաշվի առնելով մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածությունը:

Նշված հանցատեսակներով դատական պրակտիկան վկայում է, որ այդ հանցագործությունները կատարողների զգալի մասը նախկինում ունեցել է դատվածություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված
հանցագործություններ կատարելու համար: Վերջինս վկայում է նախկինում նման հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց հաշվառման, նրանց շրջանում իրականացվող կանխարգելիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների նվազ արդյունավետության մասին: Մարզի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ակտիվացնել այս ոլորտում կատարվող աշխատանքները: Թմրամիջոցների ապօրինի
շրջանառության դեպքերի զգալի մասը կապված են եղել «Արմավիր» ՔԿՀ-ի հետ:
Ընդգծելով, որ ՔԿՀ տարածք թմրամիջոցների մուտքը կանխելու և բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները և համագործակցությունը ուժային կառույցների միջև՝ մարզի դատախազը նաև նշել է, որ չպետք է բավարարվել միայն հայտնաբերված դեպքի քննությամբ, այլ լրիվ,
բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելով բացահայտել թմրամիջոցի ապօրինի շրջանառության ամբողջական շղթան:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի տարածքում կոռուցպայի դեմ պայքարի արդյունավետությանը: Չնայած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Արմավիրի մարզում, սակայն շեշտվել է մարզի ազգաբնակչության
հետ համագործակցության մակարդակի բարձրացմամբ սխեմատիկ կոռուպցիոն հանցագործություններ տեսանկյունից առավել ռիսկային ոլորտներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:


Հարգանքով՝
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: