Հայերեն   English   Русский  

«Անցումային արդարադատությունը պետք է ներառի 1991 թվականից մինչև թավշյա հեղափոխությունը»․ Կարեն Զադոյան


  
դիտումներ: 1546

2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց անցումային արդարադատության մասին։

Այդ հայտարարությունից հետո հասարակության մեջ սկսվեցին քննարկումներ, թե ինչ նպատակ է դա հետապնդում, ինչ խնդիրներ է լուծում և առհասարակ ի՞նչ է անցումային արդարադատությունը։

Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով:

Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:

«ՄԱԿ-ն ունի մեթոդոլոգիա, որը բնորոշում է՝ կարելի՞ է կիրառել անցումային արդարադատություն տվյալ երկրում, թե ոչ, այսինքն, պետք է լինի «կեղեքված» հասարակություն»-Անկախ-ի հետ զրույցում ասում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը։

Արդյո՞ք Հայաստանի ժողովուրդը կեղեքված է։

«Չնայած Սահմանադրությամբ, օրենքներով մենք ժողովրդավարական պետություն ենք, բայց պետք է հասկանալ՝ իրական կյանքում դրանք գործե՞լ են, թե ոչ։ Օրինակ՝ կոռուպցիոն թալան եղե՞լ է Հայաստանում, թե ոչ, ընտրակեղծիքներ եղե՞լ են, թե՞ ոչ, մարդու կյանքի նկատմամբ ոտնձգություններ, խոշտանգումներ եղե՞լ են, թե ոչ։ Մենք բազմաթիվ աղբյուրներ ենք ուսումնասիրել, նաև փորձագիտական համաժողով են կազմակերպել այս թեմայով, որի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանը կարելի է համարել քվազի-ժողովրդավարական երկիր, քանի որ եղել են այդ օրենքները, բայց իրական կյանքում մեծ մասամբ չեն կիրառվել։ Փոխարենը հանրային հարաբերությունները կարգավորվել են այլ եղանակներով»։

Կարեն Զադոյանը գտնում է, որ անցումային արդարադատության ժամանակաշրջանը պետք է ներառի 1991 թվականից մինչև թավշյա հեղափոխությունը։

«Եթե մենք ուզում ենք ճշմարտությունն ամրագրել, պետք է ներառենք ամբողջ ժամանակաշրջանը։ Օրինակ՝ 1995-96 թթ․ տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ, երբ փաստացի ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունն իրականում իշխանության չեկավ, և ամբողջ սահմանադրական կարգը խեղաթյուրվեց։ Իսկ եթե վերցնենք նաև այս տասնամյակներում տեղի ունեցած թալանը, ապա դրա ցայտուն օրինակը ապրիլյան պատերազմն էր, երբ մեր զինվորներն անպաշտպան էին, իսկ այդ ընթացքում ցուցադրվում էր վայ-գեներալների շքեղ ունեցվածքը»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Իրավաբանների հայկական ասոցիացիան սկսում է ուսումնասիրել անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձն ու հանրության իրազեկման գործընթաց ծավալել։

Ավելի քան 3 ամիսների ընթացքում ուսումնասիրվում է շուրջ 35 երկրի հաջողված ու ձախողված փորձ։ Կազմակերպվում է նաև համաժողով՝ նվիրված անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիությանը Հայաստանում՝ հրավիրելով ոչ միայն փորձագիտական հանրության ներկայացուցիչների, այլև կառավարության։

Այս ամենի արդյունքում կազմվում է ծավալուն զեկույց, որտեղ ներկայացված են ոչ միայն ուսումնասիրության արդյունքները, այլ նաև առաջարկներ, թե որ տարբերակն է Հայաստանի դեպքում առավել արդյունավետ ու ընդունելի, և որ դեպքում գործընթացն ավելի անցնցում կընթանա։ Փաստաթուղթը հրապարակած է, ներկայացված է նաևՀՀ կառավարություն և Ազգային ժողով։

Զադոյանի խոսքով՝ իշխանության կողմից առայժմ արձագանք չկա։ Նաև տեղյակ չէ, թե այս պահին իշխանությունն ինչ քայլեր է ձեռնարկում անցումային արդարադատության գործընթացի ուղղությամբ։

Եվ այսպես, ի՞նչ հիմնական մեխանիզմներ է առաջարկում միջազգային փորձը։

  • 1.Քրեական արդարադատություն,
  • 2.ճշմարտության որոնում,
  • 3.փոխհատուցումներ,
  • 4.համակարգային բարեփոխումներ։

«Քրեական արդարադատության հիմնական իմաստն այն է, որպեսզի անպատժելիության մթնոլորտը վերանա, իրականանա արդարադատության, մեղավորները պատժվեն։ Ի՞նչ գործիքներ են օգտագործվում այս մեխանիզմի շրջանակներում, առաջինը Միջազգային քրեական դատարանի գործիքն է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանը Միջագային քրեական դատարանի անդամ չէ, Հռոմի ստատուտը Հայաստանը չի վավերացրել, հետևաբար այս գործիքը չի կարող կիրառվել»։

Մյուս գործիքը, ըստ Զադոյանի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ստեղծվող իրավիճակային, այսինքն կոնկրետ դեպքով ստեղծվող դատարաններն են, երբ համարվում է, որ տվյալ երկիրը չունի այդ կարողությունները, և միջազգային դատավորներ են գործուղվում տվյալ երկիր։

Կա նաև տարբերակ, երբ ստեղծվում են հիբրիդային դատարաններ՝ ներսի և դրսի պոտենցիալի համադրմամբ։

Տարբերակներից մեկն էլ ներդատական պրակտիկան է, երբ երկրի ներքին ռեսուրսներով հնարավոր է իրականացնել անցումային արդարադատություն։

«Առաջին երեք մեխանիզմներից որևէ մեկն ընտրում են այն ժամանակ, երբ ներդատական մեխանիզմի հնարավորությունները չկան,-ասում է Զադոյանը,-սակայն մենք գտնում ենք, որ մեր դեպքում հնարավոր է ներդատական մեխանիզմներով դա անել՝ ստեղծելով մասնագիտական դատարաններ, քանի որ մեր Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է։ Օրինակ՝ կոռուպցիոն գործերով դատարանի ստեղծում։ Ընդհանրապես մենք առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որը նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց է»։

Այս մեխանիզմի կիրառման ժամանակ շատ կարևոր է նաև համաներման ինստիտուտի դերը։«Ի վերջո, անցումային արդարադատության խնդիրը համերաշխության հասնելն է։ Եթե միայն պետք է դատապարտել ու պատժել, բնական է՝ սա չի բերելու համերաշխության։ Այստեղ պետք է նաև քրեական գործերի քննություններ լինեն, և եթե խոսքը կոռուպցիոն սխեմաների մասին է, պետք է ամբողջությամբ բացահայտվեն, գողացվածը վերադարձվի պետությանը, որից հետո պետությունը ներում կիրառի»։

Ճշմարտության որոնման մեթոդի կիրառման դեպքում զանգվածային իրավախախտումների զոհերը, տուժածները հնարավորություն են ստանում իմանալու ճշմարտությունը։ Դա արվում է ճշմարտության և համերաշխության հանձնաժողովների ստեղծման միջոցով, որտեղ զոհերն ու բռնություն կիրառողները ներկայացնում են ճշմարտությունը, վերջիններս զղջում են կատարածի համար։

«Այս մեթոդի նպատակը նույնպես ներումն ու համերաշխությունն է»,-ասում է Զադոյանը՝ հավելելով, որ ճշմարտության հանձնաժողովը, սակայն, փաստեր հավաքագրող մարմին է, որը տալիս է եզրակացություն և առաջարկություններ, որից հետո սահուն անցում է կատարվում դեպի փոխհատուցման մեխանիզմ։

Փորձահետները գտնում են, որ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից տուժած քաղաքացիները և հասարակությունը փոխհատուցման իրավունք ունեն, և պետությունը պարտավոր է դա ապահովել։ Փոխհատուցումը կարող է լինել նյութական և ոչ նյութական, անհատական կամ կոլեկտիվ։

Համակարգային բարեփոխումների մեխանիզմ։ Սա, ըստ Զադոյանի, թերևս ամենակարևոր մեխանիզմն է։ Սա այնպիսի երաշիքներ է ստեղծում, որպեսզի նախկինում կատարված հանցագործություններն այլևս չկրկնվեն։

Այս մեխանիզմը հիմնականում կիրառվում է լյուստրացիայի (մաքրագործում) և վեթթինգի (մաքրում) միջոցով։ Լյուստրացիան, ինչպես վկայում են մասնագետները, մարդու իրավունքների խախտումներով է զուգորդվում։ «Օրինակ, որևէ կուսակցության կարող է արգելվում զբաղեցնել պետական պաշտոններ։ Այս տեսանկյունից առավել արդյունավետ գործիք է վեթթինգը, որը կիրառվում է կոնկրետ անձի նկատմամբ։ Կարծում ենք՝ այս գործիքի կիրառումը Հայաստանում անհրաժեշտ է հատկապես դատական համակարգում, որը հնարավորություն կտա անբարեխիղճ, կոռումպացված աշխատողներից համակարգը մաքրել»։

Ինչ մեխանիզմներով էլ, որ անցումային արդարադատությունը իրականացվի, Կարեն Զադոյանը կարծում է, որ նախևառաջ դրան պետք է նախորդի հանրային լայնածավալ իրազեկման արշավ, որպեսզի մարդիկ ամբողջովին հասկանան այդ գործընթացի էությունը, մեխանիզմները, նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

«Շատ կարևոր է նաև հասարակական ակտիվությունը և վերահսկողությունը գործընթացի նկատմամբ, որպեսզի անցումային արդարադատությունը չլինի ընտրովի և ծառայի իր բուն նպատակին»,-եզրափակում է Կարեն Զադոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: