Հայերեն   English   Русский  

Միջազգային հանրությունը արել է հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների. Վահե Հովհաննիսյան


  
դիտումներ: 277

Մինսկի խմբի հայտարարությունը օբյեկտիվ արձագանքն է այն իրականության, որ ձեւավորվել է Հայաստանում։Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

«Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ Մինսկի խմբի հայտարարությունը։ Ի՞նչ էինք մենք ակնկալում նրանից։ Այդ հայտարարությունը օբյեկտիվ իրականության արդյունքն է։ Միջազգային հանրությունը ֆիքսել է հայաստանյան այսօսվա իրականությունը և արել հետևություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների։ Համենայնդեպս նրանց մոտ ձևավորվել է այդ կարծիքը»,- նշեց նա՝ թվարկելով այն փաստերը, որոնք ձևավորել են միջազգային հանրության վերաբերմունքը․

«Եկեք կետ առ կետ նայենք օբյեկտիվ փաստերը և կհամոզվենք, որ միջազգային հանրությունն ունի նման դիրքրոշում անելու որոշակի իրավունք. Հետհեղափոխական Հայաստանի նորընտիր ԱԺ-ում ներկա երեք ուժերից և ոչ մեկի ծրագրերում, գործունեության մեջ Արցախի խնդիրը առանցքային չէ։ Սա նոնսենս է։ Ունենալ նման խնդիր, 25 տարի գտնվել նախապատերազմական վիճակում և ձևավորել ԱԺ, որի դերակատարները այդ խնդրի կրողները չեն, կոպիտ ասած՝ դրա մասնագետները չեն։

Միջազգային հանրությունը ֆիքսել է , որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ անկախությունից ի վեր առաջին անգամ առկա է որոշակի լարվածություն, անվստահություն։ Սա բացարձակ անթույլատրելի բան է, բայց այն կա։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ բանակի հրամկազմի նկատմամբ հարուցվում են քրեական գործեր եւ առկա է նրանց հեղինակազրկման միտում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Ռ. Քոչարյանը՝ Ղարաբաղյան հաղթանակի հիմնական դեմքերից մեկը եւ ամենատեղեկացված գործիչներից մեկը գտնվում է անազատության մեջ։ Իսկ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ Սեյրան Օհանյան, Յու.Խաչատուրով հարուցված են քրեական գործեր, ինչը ուղղակի հարված է զինվորական վերնախավին։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Հայաստանը խնդիրներ ունի իր անվտանգության համակարգում՝ ՀԱՊԿ-ում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ մերձիշխանական շրջանակներից ավելի հաճախակի են դարձել զիջումների հնարավորությունը։ Թվարկած մի շարք գործոններ հաշվի առնելով, համանախագահները վերլուծել են իրավիճակը եւ դրանից էլ ծնվել է այս փաստաթուղթը, ինչը Ադրբեջանը շտապեց ողջունել»։

Հովհաննիսյանը համանախագահների հայտարարության մեջ չի տեսնում միակողմանի ուղերձ՝ Երևանին, ինչպես որոշ վերլուծաբաններ են կարծում․ «Ճիշտ չէ այն մոտեցումը, որ սա միայն հայկական կողմին ուղղված ուղերձ է։ Դա շատ սուբյեկտիվ և պարզունակ մոտեցում է։ Համանախագահները փորձել են ի մի բերել հնչեցված առաջարկություններն ու մոտեցումները։ Իհարկե նկատելի է կողմերից յուրաքանչյուրի հավակնությունները ու նոր մոտեցումները այս կամ այն չափով զսպելու կամ մերժելու միտումը։ Բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Այլ հարց է, որ դրանից պետք է արվեն անհրաժեշտ հետեւություններ։ Կարո՞ղ ենք դա անել, ունե՞նք դրա բավարար գիտակցությունը՝ սրանք ավելի կարեւոր հարցեր են եւ դրա պատասխանները պետք է փնտրել մեր պետության ներսում»։

Այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, հնարավորությունները կորսված չեն, ճիշտ հետևություններ անելով՝ կարելի է բարելավել բանակցությունները․ «Արտաքին աշխարհում տարբերակները պարզունակ «կամ-կամ»-ի մեջ չեն, դրանք չեն բաժանվում սև ու սպիտակի։ Հայաստանը պետք է բանակցի՝ գրագետ ու համբերատար։ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է ուժեղանա։ Հայաստանը բանակցություններին զուգահեռ պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի և հների հետ կարգավորի խնդիրները։ Իշխանությունները բանակցություններին զուգահեռ պետք է վերանայեն իրենց մի շարք մոտեցումներ եւ հասկանան ինչն այնպես չեն արել, ինչը կարող է ավելի ամրացնել ՀՀ դիրքերը։ Մեկ օրինակ բերեմ. Նոր իշխանությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, բանակցությունների և քննարկված դետալների շուրջ չխոսեցին, չխորհրդակցեցին նախկին իշխանությունների հետ։ Սրանով կորավ պրոբլեմի ինստիտուցիոնալ շղթան։ Մեկը անազատության մեջ է, մյուսին՝ մերժել են, մնացածի հանդեպ քրեական գործեր են հարուցվել։ Եթե պետության շահը պահանջում է ինչ-որ բան անել, ուրեմն մնացած անձնական և այլ մոտիվները երկրորդական են, չորրորդական։ Ի դեպ, դրանից գործող իշխանության հեղինակությունը միայն բարձրանում է։

Ամփոփենք, որևէ փաստաթղթից կամ հայտարարությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Ողբերգությունների բերում են սեփական սխալները։ Հնարավորությունները կորսված չեն, թե ներքին համերաշխության տեսակետից, թե բանակցային ճիշտ մարտավարության մշակման՝ հաշվի առնելով նախկին հսկայական փորձը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: