Հայերեն   English   Русский  

Բարբին՝ աշխարհի ամենանշանավոր տիկնիկը, մարտի 9-ին նշեց իր 60-ամյակը


  
դիտումներ: 536

1959 թ. մարտի 9-ին Ամերիկայի խաղալիքների միջազգային տոնավաճառում հայտնվեց առաջին Բարբի տիկնիկը: Գործարար Ռութ Հենդլերը, որ մտահղացել էր տիկնիկը և իր աղջկա՝ Բարբարայի պատվին Բարբի անվանել, ըստ էության հեղափոխություն արեց մարդկանց ընկալումներում, թե ինչպիսին պետք է լինի տիկնիկը:

«Մինչև Բարբին համարվում էր, որ տիկնիկով խաղալիս երեխան նմանակում է մոր վարքագիծը, ուստի հիմնական տիկնիկները պուպսերն էին (պլաստմասսայից պատրաստված, նորածնի նմանվող մերկ տիկնիկները) կամ մեծ շքեղ զգեստներով տիկնիկները: Մինչդեռ Բարբին ընկերուհի դարձավ, ավագ քույր և միաժամանակ իդեալ, որին ուզում էր նմանվել աղջիկը ապագայում»,- պատմում է շուկայի փորձագետ Նադեժդա Ժուրինան:

Տասը տարի անց Բարբին դարձավ ոչ միայն ամենից շատ վաճառվող տիկնիկը, այլև ամենից շատ քննարկվող խաղալիքը շուկայում:

Պարուհուց մինչև աստղագետ

Բարբին միշտ էլ ուշադրություն է գրավել իր փոփոխությունների շնորհիվ: Իր պատմության ընթացքում նա «յուրացրել» է ավելի քան 100 մասնագիտություն: Նա եղել է պարուհի, օդաչու, ռեպեր, բիզնեսվումն, զինվորական, գիտնական, ինչ ասես:

Բարբին աշխույժ մասնակցել է հասարակական կյանքին. օլիմպիական խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել, չորս անգամ առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում և մեկ անգամ՝ Գերմանիայի կանցլերի: Նա փոխել է իր զբաղմունքները, մաշկի գույնը և հավատքը: 2017 թ. երևան եկավ հիջաբով Բարբին: Այս տարի շուկա է մտնելու առաջին Բարբին հաշմանդամի սայլակին:

«Բարբին ոչ միայն հասակ էր առնում յուրաքանչյուր սերնդի հետ, այլև ձեռք էր բերում այն հետաքրքրությունները, որ ունենում էին այս կամ այն սերնդի աղջնակները: Սա մի տիկնիկ է, որ յուրացնում էր ընտանիքի և հասարակության կենսակերպը: Յուրաքանչյուր տիկնիկ չպետք է հետ մնա հասարակական տրամադրություններից: Առանց դրա չի լինի»,- պատմում է Մանկական ապրանքների արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Անտոնինա Ցիցուլինան:

Բարբի-3

Բարբին և Քենը

Ի տարբերություն արտաքինին և մասնագիտական կողմնորոշմանը, անձնական կյանքում Բարբին հաստատուն է եղել: 1961 թ. նա ծանոթացավ իր բոյֆրենդի՝ Քենի հետ հետ, և հարաբերությունները շարունակվեցին 40 տարի, թեպետ Քենի արտադրությունը երբեմն դադարեցվում էր:

2004 թ. Բարբին և Քենը պաշտոնապես հայտարարեցին բաժանվելու մասին:

«Ինչպես աստղային զույգերի դեպքում, հոլիվուդյան ռոմանտիկան մի օր վերջ է ունենում»,- հայտարարեցին Mattel ընկերությունում: Նրանք ընդգծեցին, որ բաժանությունը որևէ կապ չունի Քենի վաճառքի և նրա միասեռականության մասին սուտ լուրերի հետ:

Այսուհանդերձ մենակության մի քանի տարիներից հետո տիկնիկները «որոշեցին իրենց սիրուն ևս մի հնարավորություն տալ» և նորից միացան: Այդ մասին Բարբին հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում:

«Ուզում ես նիհարե՞լ, մի կեր»

Բայց Բարբին նաև քննադատության է արժանացել: Նախ՝ գեղեցկության ոչ իրական ստանդարտների պատճառով: Կանանց իրավունքների պաշտպանները հայտարարում էին, որ Բարբիի անբնական բարակ մեջքը և ընդհանուր նիհարությունը երեխաների մոտ անորեքսիայի և բարդույթների առաջացման պատճառ կարող է դառնալ: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Բարբիի գրքույկներից մեկում բացատրվում էր՝ ինչպես նիհարել, իսկ կազմին մի դարձվածք էր՝ մի կեր:

Բարբիի անբնական, նույնիսկ անառողջ չափսերի մասին խոսում էին նաև գիտնականները: Ուստի Mattel ընկերությունը 90-ական թվականներին զիջումների գնաց՝ մեծացնելով Բարբիի մեջքի պարագիծը: 2016 թ. արտադրողները թողարկեցին բարձրահասակ, փոքրիկ Բարբի և փարթամ Բարբի: Այսօր տիկնիկը կազմվածքի յոթ տիպ ունի և մաշկի գույնի ութ երանգ:

«Մաթեմատիկան դժվար բան է»

Շատերը քննադատում էին ոչ միայն Բարբիի արտաքինը, այլև մտավոր ունակությունները: Լուրջ կասկածներ առաջացան հատկապես 1992 թ., երբ տիկնիկը սկսեց խոսել:

Խոսող Բարբին սոսկ մի քանի դարձվածք էր արտաբերում. «Մենք երբևէ շատ հագուստ կունենա՞նք», «Ես սիրում եմ խանութներ գնալ» և ամենավիճելին՝ «Մաթեմատիկան դժվար բան է»:

«Բարբի տիկնիկ» բառակապակցությունը հասարակ անուն դարձավ հասարակությունում և նույնացավ այն աղջկա հետ, որը ապրում է վարդագույն տանը և հիմնականում զբաղվում է շոփփինգով և երեկույթների մասնակցելով:

2018 թ. Mattel ընկերությունը սկսեց նշանավոր կանանց կերպարներով Բարբիների շարքը, որոնց թվում էր նաև մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն: Վերջինս բուռն վեճեր հարուցեց: Պաշտոնական հայտարարություններ արեցին նկարչուհու ընտանիքի անդամները և դերասանուհի Սալմա Հայեկը, որ խաղացել է Ֆրիդայի դերը համանուն ֆիլմում: Նրանք պնդում էին, որ նկարչուհու կերպարը բացառիկ է և չի կարող փոխակերպվել Բարբի տիկնիկի:

Բարբի-2

Բարբի՞ն, թե՞ մենք ինքներս

Մանկական խաղալիքների ոլորտի փորձագետները, սոցիոլոգներն ու մշակութաբանները համամիտ են մի հարցում. Բարբիի թերություններն ու առավելությունները ոչ միայն Mattel ընկերության ռազմավարության արտացոլումն են, այլև հասարակության տրամադրությունների հայելին:

«Բարբիի աշխարհը մեր աշխարհն է: Եվ եթե Բարբին ինչ-որ առումով զայրացնում է մեզ, կարող ենք վստահ ասել, որ մենք նրա վրա ենք տարածում մեր խնդիրները»,- պնդում է գրող Լինոր Գորալիկը Բարբիի մասին «Սնամեջ կինը» գրքում:

«Խնդիրը նա չէ, այլ մենք: Այդ մենք ենք զայրացնում մեզ՝ մոդային հիվանդագին հետևելով կամ կարիերիզմով, սեփական արտաքինի մտահոգությամբ, ընտանեկան հարաբերություններով, վերջապես, երեխաների համար խաղալիքներ ընտրելով: Այդ մեր աշխարհն է արտացոլվում նրա փոքրիկ վարդագույն հարդարանքի սեղանի հայելում, և այն բանի համար, ինչ դուր չի գալիս մեզ այդ հայելում, պետք է մեղադրենք միայն մեզ»,- ընդգծում է Գորալիկը:

«Հավերժ կանաչ» Բարբին

Այսօր արդեն դժվար է ասել, թե Բարբին ամենասիրված ու ճանաչված տիկնիկն է աշխարհում:

«Այժմ խաղալիքներն ու տիկնիկներն այլևս մոդայի օրենսդիր չեն երեխաների խաղացանկում: Այսօր երեխաների նախասիրությունները կառավարում են թվային մեդիաները՝ մանկական կինոն և անիմացիան: Բարբիի մրցակիցները «Դիսնեյ» ընկերության հերոսներն են»,- կարծում է Անտոնինա Ցիցուլինան:

Բայց եթե անգամ խոսենք ավանդական տիկնիկների մասին, ապա այստեղ էլ վերջին տասնամյակներում Բարբիին լուրջ մրցակիցներ են հայտնվել:

«Բարբին մենաշնորհ ուներ մինչև 2004 թվականը, երբ Իսահակ Լարիանը («Ամերիկայի միկրոխաղեր» ընկերության գործադիր տնօրենը) շուկա հանեց BRATZ տիկնիկները: ԱՄՆ-ում դրանք հայտնվեցին 2004 թ. աշնանը, բուռն արձագանք ունեցան և 2005 թ. փետրվարին նվաճեցին «տարվա խաղալիք» տիտղոսը Նյու Յորքի ցուցահանդեսում, որտեղ սովորաբար նորեկները չեն հաղթում: Դա Բարբիի միանձնյա տիրապետության ավարտն էր: 2016-ից աղջիկների խաղալիքների առաջատարը դարձել է LOL բրենդը (գնդիկ ներսում փոքրիկ տիկնիկով և դրա պարագաներով), որը մտահղացել է նույն ինքը Իսահակ Լարիանը»,- պատմում է Նադեժդա Ժուրինան:

Այսուհանդերձ փորձագետները վստահ են՝ Բարբի տիկնիկը երբեք չի անհետանա: Եթե անգամ երեխաները տարված են Դիսնեյի հերոսներով, տատիկները և մայրիկները, որոնք լավ են հիշում իրենց Բարբիներին, անպայման կնվիրեն աղջիկներին նույն շարքի տիկնիկներ:

«Դա սոսկ տարածված խաղալիք չէ: Դա խորհրդանիշ է: Եկեք հարցում անենք, գրենք «տիկնիկ» բառը և առաջարկենք մարդկանց շարունակել բառակապակցությունը: Վստահ եմ, որ հարցման մասնակիցների 99 տոկոսը կգրի «Բարբի»: Բարբին դեռ երկար տարիներ հանրաճանաչ կմնա: Բարբին հենց այն է, ինչ շուկայում անվանում են «հավերժ կանաչ»,- վստահ է Ժուրինան:

Անաստասիա Անիսիմովա

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: