Հայերեն   English   Русский  

Լիլիթ Հարությունյան. «Թող բոլոր կանայք առողջ լինեն, տխրելու առիթներ երբևէ չունենան և հաճախ ժպտան»


  
դիտումներ: 440

Կարծիք կա, թե սպորտը զրկում է կնոջը նրբագեղությունից, կանացիությունից: Հայաստանի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանն իր գեղեցկությամբ ու հմայքով կոտրում է կարծրատիպերը:

Հայ մարզուհին ծնունդով գյումրեցի է, սակայն ամուսնությունից հետո՝ 2012 թվականից բնակվում և մարզվում է Վանաձորում:

Լիլիթը բազմիցս է Հայաստանը պատվով ներկայացրել միջազգային ասպարեզում՝ դառնալով տարբեր մրցաշարերի մրցանակակիր, մասնակցել է 2016 թվականի օլիմպիական խաղերին, ՀՀ բազմակի չեմպիոնուհի է:

Անկախի հետ զրույցում Լիլիթը պատմում է մարզաձևի ընտրության, անցած ճանապարհի, մարզչական աշխատանքի մասին՝ կարևորելով ամուր ընտանիքի անհրաժեշտությունը կնոջ կյանքում:

-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր մարզական ուղին: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-12 տարեկանում ֆիզկուլտուրայիս ուսուցչուհին նկատեց, որ աթլետիկական վարժությունները լավ եմ

Լիլիթ Հարությունյան

կատարում, առանձնանում եմ իմ հնարավորություններով, տաղանդ ունեմ և կարող եմ պրոֆեսիոնալ աթլետ դառնալ: Ուսուցչուհիս ինձ տարավ Գյումրիի աթլետիկայի մարզադպրոց, ՀՀ վաստակվոր մարզիչ, մարզադպրոցի տնօրեն Յաշա Եղիազարյանի մոտ: Սկզբից եղան դժվարություններ, ծանրաբեռնվածությանը չէի կարողանում դիմանալ, երկար վազելուց հոգնում էի, անգամ մտածում էի, որ իմը չի աթլետիկան, սակայն ժամանակի ընթացքում ընտելացա և սիրեցի մարզաձևը:

6 տարի մարզվեցի ընկեր Յաշայի մոտ, հասա որոշակի հաջողությունների, բայց դպրոցն ավարտելուց հետո սկսեցի լուրջ չվերաբերել սպորտին: 19 տարեկանում ամուսնացա և տեղափոխվեցի Վանաձոր: 20 տարեկան էի, երբ ծնվեց աղջիկս: Երեխաս 15 օրական էր, և ես ամուսնուս օգնությամբ վերսկսեցի մարզումներս: Մարզիչներիս՝ Արթուր Ղազարյանի (ամուսինս է) և ՀՀ վաստակավոր մարզիչ Գոհար Նազարյանի (սկեսուրս է) գլխավորությամբ ու օգնությամբ սկսեցի մարզվել: Մեծ դժվարությունների միջով անցնելով՝ հասա հաջողությունների և հիմա իմ կյանքը չեմ պատկերացնում առանց սպորտի:

-Տղաները ծառայությունից, իսկ աղջիկները ամուսնությունից և հատկապես մայրանալուց հետո թողնում են սպորտը: Դուք սպորտում մնալով ապացուցեցիք, որ հնարավոր է է ոչ միայն մարզվել, այլև հաջողություններ գրանցել:

- Սպորտը կնոջ կյանքում անհրաժեշտություն է: Սպորտն առողջություն է, գեղեցկություն: Ցավում եմ, որ ոչ բոլոր աղջիկներն են զբաղվում սպորտով: Ես միշտ ցանակացել եմ օրինակ ծառայել աղջիկներին, որ դպորցն ավարտելուց, ամուսնանալուց հետո էլ կարելի է առողջ ապրելակերպին հետևել և նույնիսկ հասնել ավելի մեծ հաջողությունների:

Ամուսինս ոչ միայն չընդդիմացավ, այլև աջակցեց ինձ բոլոր հարցերում: Ես ցանկանում եմ ցույց տալ բոլոր աղջիկներին ու կանանց, որ մայրանալուց հետո կարելի է մարզավիճակը պահել ու մարզվել: Հարկավոր է միայն ձգտում և համբերություն ունենալ: Իհարկե, դժվարությունններ լինում են: Հեշտ չէր երեխայի հետ հաճախել մարզումների, սակայն ամեն ինչ հաղթահարեցինք ես և ամուսինս: Իսկ հիմա փոքրիկս՝ Վիկտորիան, կարծես թե գնում է իմ հետքերով. բավական արագ է, ուժեղ և դիմացկուն:

Լիլիթ Հարությունյան

-Ձեր 5 տարեկան աղջնակն արդեն մարզվում է: Որպես ծնող կցանկանա՞ք, որ Ձեր երեխան ընտրի սպորտի ուղին:

- Աղջիկս մարզվում է տատիկի գլխավորությամբ, սակայն ինձ հետ նույնպես պարապում է, նաև օգնում է բազմաբնույթ կազմակերպչական աշխատանքներում: Նա անգամ ամեն ինչ անում է ինձ հաղթելու համար: Եթե որոշի ընտրել սպորտը, ես շատ ուրախ կլինեմ, սակայն երբեք չեմ պարտադրի նրան:

-Ձեր ընտանիքը մարզական է. Դուք մարզվում ու պարապում եք ընտանիքի անդամների գլխավորությամբ, որոնք, միաժամանակ, հանդես են գալիս որպես մարզիչ:

-Իմ բախտն այս հարցում շատ է բերել: Ընտանիքս մարզական է, ամուսինս նույնպես զբաղվել է աթլետիկայով:

Երբ մարզիչը հարազատդ է, բարեկամդ կամ ընտանիքիդ անդամը, երբեմն վատ է այնքանով, որ բավարար խստություն կարող է և չլինել: Ես, սակայն, պատրաստակամ կատարում եմ բոլոր առաջադրանքները և անգամ ավելի շատ եմ մարզվում, քան հարկավոր է:

Ամեն պարապմունքից հետո մարզիչների հետ քննարկում ենք վազքս, բացթողումները, տեխնիկայի հետ կապված խնդիրները:

Երեկոյան տանը փորձում եմ այլ հետաքրքիր ու հաճելի զբաղմունքներ գտնել, որպեսզի միտքս հանգստանա և հաջորդ պարապմունքին նոր էներգիայով մտնեմ դահլիճ:

-Սպորտը մեծ նվիրում է պահանջում: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է համատեղել մարզական կարիերան և ընտանիքը:

-Եթե ընտանիքում կա սեր և հարգանք, ապա ամեն ինչ հնարավոր է: Ընտանիքում փոխադարձ ջերմությունն ու հոգատարությունը շատ կարևոր են: Այս ամենի առկայության դեպքում ամեն ինչ լավ կլինի: Մենք դժվարությունները հաղթահարում ենք միասին: Ամուսինս և սկեսուրս կողքիս են, միշտ օգնում և աջակցում են: Մինչև իմ՝ պարապմունքից վերադառնալը, ամուսինս է խնամում երեխային:

-Կարծիք կա, թե սպորտը կնոջը զրկում է կանացիությունից: Հայ մարզուհիները հաստատապես հակառակն են ապացուցում:

-Սպորտն առողջություն է, կոփում է ֆիզիկապես և հոգեպես: Կանայք այսօր ամեն ինչ անում են գեղեցիկ կազմվածք ունենալու համար: Աթլետիկան տալիս է այդ հնարավորությունը:

Շատերը կան՝ ասում են, թե կինը սպորտով զբաղվելով զրկվում է կանացիությունից, ձեռք է բերում անցանկալի մկաններ: Փոքրիկ օրինակ բերեմ. երբ սպորտով չզբաղվող կանայք բարձրակրունկ կոշիկներ են հագնում հաճախ չեն կարողանում քայլել, ծնկները ծալվում են, իսկ մարզուհիներն առանձնանում են իրենց ձիգ և արտահայտիչ քայլվածքով: Իսկապես ցանկալի է, որ հայ աղջիկները զբաղվեն սպորտով՝ դրական լիցքեր ստանալու, առողջ և կոփված լինելու համար:

-Սպորտում հանդես գալու երկար տարիների փորձ ունեք: Ի՞նչ է հարկավոր հաջողության հասնելու, դժվարություններից չընկճվելու համար:

- Սպորտն ունի բարդություններ: Մարզիկները հաղթահարում են բազմաթիվ խնդիրներ. լինում են անկումներ, վնասվածքներ, դժվար պարապմունքներ: Սակայն այդ ամենը հաղթահարելով, արդյունքի և հաջողության հասնելով ես զգում հաղթանակի քաղցրությունը: Սպորտը կյանք է իր հաճելի իրադարձություններով և դժվարություններով:

Ձգտումը և ցանկությունը շատ կարևոր են. հաջողություններով պետք է ոգևորվել ու առաջ շարժվել, բայց նաև պարտություններից է հարկավոր դասեր քաղել:

Կարևոր է, որ անհաջողություններից հետո մարզիկները կրկնակի եռանդով մարզվեն և ապացուցեն, որ կարող են հասնել բարձր նվաճումների: Առանց պայքարի ոչինչ չի տրվում:

Նշեմ նաև, որ կան մարդիկ, առանց որոնց ես դժվար թե կարողանայի հաջողությունների հասնել: Մարզիչներիցս բացի իմ կարիերայում մեծ ներդրում ունեն Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Նարինե Շահբազյանը և Լոռիի նախկին մարզպետ, սպորտի մեծ երկրպագու Արթուր Նալբանդյանը: Առանց նրանց օժանդակության ես հաստատ չէի ունենա այն հաջողությունները, որոնց հասել եմ:

-Հաճախ մարզիկները ֆիզիկապես պատրաստ լինելով մրցումներին, չեն կարողանում

Լիլիթ Հարությունյան

հաղթահարել հուզմունքը: Ինչպե՞ս եք ձերբազատվում լարվածությունից մրցումների ժամանակ:

-Մրցումներից առաջ հուզմունք միշտ լինում է: Երբեմն թվում է, թե չեմ կարող վազել կամ թե պատրաստ չեմ մեկնարկի դուրս գալու համար: Հոգեբանական պահ է դա, եթե մարզիկը չհաղթահարի, ապա չի կարող կատարել այն, ինչն իր մոտ ստացվում է: Մրցումներից առաջ մշտապես ականջիս են աղջկաս ոգևորող ու տրամադրող խոսքերը: Նա ինձ միշտ ասում է՝ մամա՛, դու ուժեղ ես, դու հզոր ես:

-Ո՞րն է Ձեր կարիերայի ամենատպավորիչ մրցումը:

-2016 թվականի Ստամբուլում մասնակցեցի Բալկանյան երկրների առաջնությանը: Թեև չհաղթեցի, բայց մեկ այլ կարևոր նվաճում ունեցա՝ լրացնելով Հայաստանի մարզադահլիճների նոր ռեկորդ և դառնալով սպորտի վարպետ:

-Դուք նաև զբաղվում եք մարզչական աշխատանքով: Հե՞շտ է աշխատել երեխաների հետ:

-Հաճելի է: Սիրում եմ նրանց հետ վազել, մարզվել, փոխանցել իմ գիտելիքները: Երեխաները զգում են իմ ոգևորությունը, ինձ բազմաթիվ հարցեր են տալիս: Ուրախ եմ, որ ունենք նման երեխաներ, որոնք ունեն ձգտում և նպատակ: Ես էլ ամեն կերպ փորձում եմ աջակցել և իմ խորհուրդներով ոգևորել:

Աթլետիկան ամուր հիմքերի վրա է դրված Հայաստանում: Միակ բացթողումն այն է, որ չունենք միջազգային ստանդարտներին համապատասխան աթլետիկական մազրադաշտ, որպեսզի ավելի շատ մրցումների մասնակցենք, փորձ ձեռք բերենք և միջազգային ասպարեզում հաջողությունների հասնենք:

-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է՝ նվիրված կանանց: Սիրով շնորհավորում ենք Ձեզ:

-Շնորհակալ եմ: Ես նույնպես շնորհավորում եմ կանանց և աղջիկներին տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ բոլորը լինեն առողջ, տխրելու առիթներ երբևէ չունենան, միշտ առաջ շարժվեն և հաճախ ժպտան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: