Հայերեն   English   Русский  

Մարտի 30-ը՝ համահայկական թելադրության օր


  
դիտումներ: 2604

Մարտի 30-ն այս տարի լինելու է համազգային թելադրության օր․ Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերը, անկախ տարիքից, սեռից և հայերենի իմացության մակարդակից,

կկարողանան վերհիշել իրենց դպրոցական տարիները և գրել թելադրություն՝ արևելահայերենով կամ արևմտահայերենով։

Թելադրությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Կազմակերպիչը «Բաց կրթություն» հասարակական կազմակերպությունն է, որն այս անգամ ունի Լեզվի կոմիտեի և ԿԳՆ-ի աջակցությունը։ Արդեն հայտնի է, որ թելադրության հարթակներ են լինելու հայաստանյան բնակավայրերից Երևանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, ՌԴ քաղաքներից՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոռոսիյսկում։ Եվրոպական քաղաքներից ներկա պահին որպես հարթակ հաստատված է Փարիզը։ Այստեղ թելադրությունն այևմտահայերենով է լինելու։ «Բաց կրթություն» ՀԿ տնօրեն Հայկ Դավեյանն ասում է, որ ներկայում աշխատանքներ են տանում նոր հարթակներ ներգրավելու ուղղությամբ, հատկապես Մերձավոր Արևելքի հայաշատ քաղաքներից։ Իսկ թելադրության կենտրոնական հարթակն այս անգամ լինելու է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, թելադրության տեքստն էլ առնչվելու է նրա հետ․ առիթն ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակն է։

«Նախորդ տարվա թելադրությունը ցույց տվեց, որ նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Շատ մարդիկ ամբողջ տարի հարցնում էին, թե երկրորդը երբ է լինելու։ Հիմա ասում ենք, որ երկրորդը լինելու է մարտի 30-ին՝ ավելի մեծ ծավալով և նորություններով»,- ասում է Դավեյանը՝ հավելելով, որ այս անգամ թելադրությանը հաջորդող տարվա ընթացքում, նախքան 3-րդը կազմակերպելը, զանազան ծրագրեր են իրականացնելու։ Իսկ թե ինչ ծրագրեր, առայժմ չի մանրամասնում։

Նոր թելադրությանն անհամբեր սպասելու մասին են խոսում նաև նախորդ տարվա մասնակիցները։ «Անցած տարի հանգստյանս օրերից մեկը նվիրեցի թելադրությանը և չեմ զղջում․ վերապրեցի այն զգացողությունները, որ ունենում էի դպրոցում թելադրություն գրելիս։ Մի պահ ինձ անգամ աշակերտ զգացի։ Ի զարմանս ինձ, մի քանի կետադրական սխալ էի թույլ տվել։ Դա ինձ համար ազդակ էր, որ կրկին ձեռքս վերցնեի քերականության դասագքրերը։ Այս տարի էլ եմ անպայման մասնակցելու, բայց հույս ունեմ, որ այս անգամ որևէ սխալ թույլ չեմ տա»,- ասում է նախորդ տարվա մասնակիցներից Աննան։

Նախորդ տարվա տեքստի բարդությունը (հատված Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից) շեշտում է նաև Դավեյանը և նշում, որ հաշվի առնելով արձանագրված վատ արդյունքները, այս տարվա տեքստը լինելու է առավել մատչելի՝ գրված ժամանակակից հեղինակի կողմից։

թելադրություն

Խոսելով առաջին թելադրության մասին՝ Դավեյանը նշում է, որ կազմակերպիչների նպատակներն ամբողջությամբ իրագործվել են։ «Մենք խնդիր ունեինք ֆիքսել մեր նախագծի նկատմամբ հետաքրքրվածությունը մարդկանց մոտ, որպեսզի կենսունակությունը հասկանայինք։ Եվ տեսանք, որ այո, մարդիկ հետաքրքրված են և կշարունակեն նախագծին աջակցել իրենց մասնակցությամբ։ Նաև փորձում էինք հասկանալ, թե դա որքանով կկարևորվի պետության կողմից, քանի որ հայոց լեզվի գրագիտության հարցն էինք բարձրացնում։ Եվ տեսանք, որ կարևորվում է, քանի որ այս տարի մեզ աջակցում են Լեզվի կոմիտեն և ԿԳՆ-ն»,- ասում է նա։

Իսկ այս տարվա նպատակներին անդրադառնալով՝ Դավեյանը նշում է, որ առաջնային նպատակը շարունակում է մնալ հայերենի գրագիտությունը կարևորելը և աշխարհում հայերենի տարածմանը, հայապահպանությանը նպաստելը։ Նպատակների թվում է նաև 2000 մասնակից ունենալը։

Դավեյանը հիշեցնում է, որ դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, եկեղեցու միջոցով է իրականացվել լեզվի ու մշակույթի պահպանության խնդիրը։ Նա կարևորում է, որ ներկայում թելադրությունը համախմբել է ոլորտային պատասխանատու կառույցին ի դեմս Լեզվի կոմիտեի, կառավարությանն ի դեմս ԿԳՆ-ի և հասարակական սեկտորին ի դեմս կազմակերպիչների։ «Այդ առումով մենք ամբողջական ենք այս պահին»,- ասում է Դավեյանը և հավելում, որ կազմակերպիչները գիտակցում են, որ միայն թելադրությունը բավարար չէ հայերենի պահպանության և գրագետ խոսքի ապահովման համար։ «Բայց դա այն միջոցն է, որ մեզ այսօր թույլ է տալիս առանց մեծ ջանք գործադրելու առանձին մարդկանց ներգրավված պահել պրոցեսում։ Միայն թելադրությամբ որևէ խնդիր չես լուծի, առավել ևս եթե այդ թելադրությունը տարին մեկ անգամ է լինում»,- ասում է նա։

Ներկայում կազմակերպիչները դեռևս զբաղված են հարթակների ներգրավմամբ։ Մասնակիցների գրանցումը կմեկնարկի մարտի 20-ից։

Ի դեպ, այս տարվա թելադրողներից է լինելու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Թե որ հարթակում է թելադրելու նախարարը, կազմակերպիչներն առայժմ չեն բացահայտում։

Նշենք, որ նախորդ տարի թելադրությունն անց է կացվել 8 հարթակներում և 4 քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Դիլիջան և Մոսկվա։ Ամենաավագ մասնակիցը եղել է 73 տարեկան, ամենակրտսերը՝ 9 տարեկան։ Նախորդ տարի թելադրություն է գրել 350 մարդ։

Լուսանկարները՝ «Թելադրություն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: