Հայերեն   English   Русский  

՛՛Գյուղերում թրև գալը ոչ մի փոփոխություն չի բերի՛՛. Մարալիկում դեռ հրաժարական են պահանջում


  
դիտումներ: 285

Մարտի 4-ից փակ է Անիի համայնքապետարանի շենքը Մարալիկում: Բնակիչները կրկին պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը:

Համայնքապետ Արտակ Գևորգյանը և համայնքապետարանի աշխատակազմը աշխատանքային գործունեություն են ծավալում խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում: Հրաժարականի պահանջ ներկայացնողները նշում են՝ եթե իսկապես Գևորգյանն արդար է աշխատել, ապա ինչու չի վերադառնում իր աշխատավայր.

- Եթե անկեղծ ասենք՝ մենք շենքի մուտքը չենք էլ փակել, այստեղ հեռու կանգնած ենք, ոչ մեկին չենք արգելում մոտենալ, սակայն, այդ մարդուն չի էլ հետաքրքրում էս համայնքի բնակիչներն ինչ խնդիրներ ունեն: Մեկուսացած ենք մեր համայնքապետից, հորդորում ենք վերադառնալ իր՛՛հանգստյան վայրը՛՛, գյուղերում թրև գալով ոչ մի փոփոխություն չի բերի համայնքին: Խորհուրդ ենք տալիս հետևի մեր բոլոր հորդորներին՝ այդ թվում, հրաժարականի, - ասում են ակցիայի մասնակիցները:

Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը, ով մինչ համայնքների խոշորացումը եղել է Մարալիկի քաղաքապետը, նշում է՝ համայնքապետարանի շենքի շրջափակումից նույնիսկ օգուտ են քաղել.

- Որևէ արտառոց բան կամ արտակարգ վիճակ չենք տեսնում: Եկեք հարցին ավելի օբյեկտիվ գնահատական տանք. տեղի է ունեցել համայնքների խոշորացում, ինչի արդյունքում Անի համայնքում 17 բնակավայր է միավորվել ու դարձել մեկ ընտանիք: Որպես կենտրոն էլ Մարալիկ բնակավայրն է ընտրվել, և մեր իրավասության մեջ է, որ աշխատանքներ ծավալենք բոլոր 17 բնակավայրերից՝ առավել արդյունավետ լուծումներ ունենալու համար: Հիմա ունենք աշխատանքի ճյուղավորված բաշխվածություն, որով ապահովում ենք այն աշխատանքներն ու ծառայությունները, որոնք միտված են թե համայնքի զարգացմանն ու գործունեությանը, թե բնակչության սպասարկմանը, - ասում է Արտակ Գևորգյանը:

Խոշորացված համայնքի բնակիչները նաև ստորագրահավաք են կազմակերպել և ուղարկել կառավարություն, որով հույս ունեն պաշտոնազրկել Գևորգյանին:

- Մոտ 4500 ստորագրություն ենք հավաքել, այդքան մարդ մեր համայնքում դեմ են էս մարդու պաշտոնավարմանը: Իսկ 4500 բնակչի խոսքն անտեսել, ինձ թվում է, մեր վարչապետը երբեք իրեն թույլ չի տա, - ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք դժգոհ են համայնքի ղեկավարի աշխատանքից, որպես պարզագույն օրինակ էլ բերում են՝ աղբահանությունը. ՛՛Գոնե աղբահանություն կատարի, որ մարդիկ էդ մի բանից գոհ լինեն, իսկ թալանի մասին, մենք չէ որ խոսում ենք, քրեական գործեր են հարուցվել՛՛:
Ի դեպ, քրեական գործերի մասին Արտակ Գևորգյանը շատ բան չուներ ասելու.

- Հարցը կոնկրետ ինձ հետ չի առնչվում, ես չեմ կարող իմ գործառույթի մեջ չգտնվող հարցի շուրջ տեղեկատվություն տրամադրել: Իսկ այն հարցերը, որոնք կառնչվեն մեր անձնական կամ պետական ոլորտում ունեցած պաշտոնների հետ, մենք ունենք շահերի պաշտպան, ով այդ հարցերով զբաղվում է:

Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել էին իրավապահ մարմիններին, առերևույթ չարաշահումների մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներն են նշում, մարտի 6-ին էլ քննիչի կողմից առգրավվել են համայնքապետարանի փաստաթղթերը:
Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասում է՝ 9 ամիս շարունակվող այս ճնշումներին չի պատրաստվում տեղի տալ.

- Արտակ Գևորգյանը աշխատել է, ծառայել է իր ժողովրդին, ստացել է ժողովրդի վստահության քվեն և դրանով առաջնորդվելով՝ շարունակելու է աշխատել հանուն Անի համայնքի զարգացման, հանուն ժողովրդավարական նորմերի և հանուն ՀՀ հզորացման, - ասում է համայնքի ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: