Հայերեն   English   Русский  

Հայաստանի կողմից կազմակերպած կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ում


  
դիտումներ: 156

Մարտի 12-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց «Հավասար իրավունքներից դեպի հավասար հնարավորություններ․

դիմակայելով կանանց և աղջիկների հանդեպ խտրականությանը» հարակից միջոցառումը, որին որպես բանախոս մասնակցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Միջոցառումը զուգակցվեց Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի` Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Ելույթներով հանդես եկան Կիպրոսի արտաքին գործերի նախարարի՝ արտաքին քաղաքականությունում գենդերային հավասարության հարցերով խորհրդական Ջոզի Խրիստոդուլուն, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի ներառական սոցիալական զարգացման բաժնի տնօրեն Դանիելա Բասը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գենդերային և մարդու իրավունքների և մշակույթի բաժնի ղեկավար Լուիս Մորան և «NGO CSW/NY» հասարակական կազմակերպության նախագահ Սյուզան Օ՛Մալին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է աջակցելու գենդերային հավասարությանը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ նկատելով, որ կանայք էապես նպաստել են Հայաստանում 2018թ․ գարնանը տեղի ունեցած փոփոխություններին և ապահովել վերջիններիս խաղաղ բնույթը։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ ղեկավար և որոշում կայացնող մակարդակներում կանանց ներգրավվածության և մասնակցության կարևորությանը՝ այդ կապակցությամբ ընդգծելով կանանց մեծ դերակատարությունը Հայաստանում ժողովրդական հեղափոխության իրականացման ողջ ընթացքում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց նաև, որ Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 2020-2022թթ․ համար անդամակցելու նպատակով իր թեկնածությունը ներկայացրած երկիր, լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում նաև ամրապնդելու և զարգացնելու կանանց ու աղջիկների առաջխաղացմանն ուղղված մեխանիզմները։

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների, քարտուղարության, ՄԱԿ մասնագիտական գործակալությունների և ծրագրերի, հասարակական կազմակերպությունների ու գիտաուսումնական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: