Հայերեն   English   Русский  

«Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը հանդիսանում են ՀՀ կառավարության գերակա ուղղություններից». Արմեն Ղուլարյան


  
դիտումներ: 234

«Հրազդան» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում այսօր մեկնարկել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած՝ «Շենքերում էներգաարդյունավետության ստանդարտներն և տեխնոլոգիաները» խորագրով միջոցառումները, որին մասնակցել է նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը:

Միջոցառումները ներառելու են «Շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների ՄԱԿ-ի ԵՏՀ ծրագրի արդյունքները» և «Բազմաբնակարան շենքերի կառավարում, պահպանում և էներգաարդյունավետ արդիականացման տեխնոլոգիաների, փորձի և օրենսդրության միտումները» խորագրերով աշխատաժողովները, «Համայնքային էներգետիկ կառավարում, տեղեկատվական համակարգի ներդրման ուղեցույցի մշակում» կլոր-սեղան քննարկումը:

Այսօր կայացած «Շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների ՄԱԿ-ի ԵՏՀ ծրագրի արդյունքները» խորագրով աշխատաժողովը շենքերի էներգետիկ արդյունավետության ստանդարտների միասնական նպատակային աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումն էր, որի ընթացքում ներկայացվեցին ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների քարտեզագրման և շենքերի էներգախնայողության բարձրացան համար գոյություն ունեցող տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքները:

Աշխատաժողովի բացման խոսքում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է, որ այսօր էներգետիկ արդյունավետության բարձրացման հարցերի վերաբերյալ տրվող պատասխաններն այլևս չեն կարող սահմանափակվել «խնայել էներգիան» պարզունակ խորհրդով, այլ պետք է պարունակեն ռազմավարական որոշումների մշակման ընդլայնված մոտեցումներ: Ամենուր գոյություն ունի Էներգաարդյունավետության զգալի ներուժ, սակայն այն բարձրացնելու փորձերը հաճախ անհաջողության են մատնվում գործող օրենսդրության անկատարության կամ սահմանված պահանջների ոչ լիարժեք կատարման պատճառով:

ՄԱԿ-ԵՏՀ տարածաշրջանում՝ շենքերի էներգետիկ արդյունավետության գործող ստանդարտները տարբեր են և պարունակում են կամավոր ուղեցույցներից մինչև պարտադիր պահանջներ: Սակայն մեկ երկրի համար սահմանված պարտադիր պահանջները, չափանիշները կարող են ոչ այդքան արդյունավետ լինել մեկ այլ երկրի համար՝ կապված տվյալ երկրի կլիմայական պայմաններից, օգտագործվող շինանյութերից, գործող շինարարական նորմերից և այլ յուրահատկություններից:

Շենքերը պատասխանատու են ընդհանուր էներգիայի սպառման գրեթե մեկ երրորդի համար, հետևաբար օրենսդրական կարգավորումներն արդյունավետ գործիք են շենքերում էներգաարդյունավետության բարձրացման և մի շարք միջազգային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման համար:

Ա. Ղուլարյանը շեշտել է, որ շենքերի էներգաարդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը հանդիսանում են ՀՀ կառավարության գերակա ուղղություններից և արտացոլվել են կառավարության ծրագրում:

Միջոցառումները շարունակվելու են նաև վաղը և ամփոփվելու կլոր սեղան-քննարկմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: