Հայերեն   English   Русский  

Վրաստանի նախագահի ուղերձները Ադրբեջանին և Հայաստանին․ զուգահեռներ


  
դիտումներ: 593

Ավարտվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան։ Նա երկօրյա այցով Հայաստան էր ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Զուրաբիշվիլին իր առաջին այցը նախագահի պաշտոնում Բաքու էր կատարել, որտեղ և հակահայկական հայտարարություն էր արել։ Այս համատեքստում նրա երևանյան այցը ուշագրավ էր՝ հասկանալու, թե այստեղ նա ինչ դիրքորոշում կցուցաբերի։

«Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ: Այսօր էլ վերապրում ենք այն, ինչը նկատի ունի երկրի օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Բռնազավթման գոտիներն այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը մի կողմից խափանում է մեր զարգացումը, սակայն միևնույն ժամանակ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր պետությունները, տնտեսությունը: Սա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում։

Երևանում նա կարևորեց, որ տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով և չներթափանցեն Վրաստանի տարածք։ «Մեր տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, և կարևոր է, որ իմանանք, որ այժմ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որ դրանց լուծումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքների վրա,- ասել է Զուրաբիշվիլին և հավելել։- Մեզ համար շատ կարևոր է, որ հայկական ծագմամբ կամ ադրբեջանական ծագմամբ քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում և լինեն ինտեգրված մեր երկրում»։

Վրաստանի նախագահի՝ Բաքվում արված հայտարարություններին ինչ-որ առումով բալանսավորել է նախագահ Արմեն Սարգսյանը։ «Քննարկեցինք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը:

Այդուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- հայտարարել է ՀՀ նախագահը։

Այցը՝ փորձագետի տեսանկյունից

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Զուրաբիշվիլիի այցը դրական է գնահատում։ Ասում է, որ այն նախ և առաջ ճանաչողական էր, քանի որ առաջինն էր դեկտեմբերին նրա ընտրվելուց ի վեր։ Փորձագետի կարծիքով՝ նման այացերը նաև հայ-վրացական հարաբերությունների համար դրական ֆոն են ստեղծում, ինչպես նաև այցի ժամանակ կարևոր հարցեր են բարձրացվում, որոնց լուծմանը կարող են նպաստել նախագահներն իրենց լիազորությունների շրջանակներում /Վրաստանը խորհրդարանական երկիր է և նախագահն ունի սահմանափակ լիազորություններ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում/։

Անդրադառնալով Բաքվում արված հայտարարությանը՝ Մելիքյանը նշում է, որ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական հարաբերությունները ծանր շրջան էին ապրում, լարվել էին հատկապես Ջավախքում ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացումից հետո։

«Վրաստանը կարծում էր, որ ինչ-որ հայտարարություն պետք է արվեր, որով կբալանսավորվեին նախկին մեղադրանքները, թե Զուրաբիշվիլին պրոհայկական է։ Հնչեց այն, ինչ պետք էր Թբիլիսիին, որ Ադրբեջանում հասկանան կամ զգան, որ հարաբերությունները չեն փոխվել, որ Թբիլիսին նույն կերպ կարևորում է հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Իսկ մեր պարագայում ասվեց այն, ինչն իրոք կարևոր էր Թբիլիսիի համար, այն է, որ Արցախում հարցը լուծվի խաղաղ ձևով և հնարավոր կոնֆլիկտը չանցնի իրենց սահմանը»,- ասում է Մելիքյանը։

Վրացագետը նաև նշում է, որ Վրաստանը երբեք չի թաքցրել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանն ունեն մոտեցում, որ ըմբռնողաբար են մոտենում միմյանց շահերին և շրջանցում են սուր խնդիրները, որոնք կարող են ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Ինչպես Հայաստանում են ընդունել Զուրաբիշվիլիի հայտարարությունը, այնպես էլ Վրաստանում են ըմբռնողաբար մոտենում, երբ Արցախի նախագահը կամ ԱԳ նախարարը Հարավային Օսիա կամ Աբխազիա են մեկնում։

«Կա մոտեցում, որ այդ հարցերին պետք չէ անդրադառնալ, քանի որ կա տարբեր դիրքորոշում․ մենք ազգերի ինքնորոշման կողմնակից ենք, Վրաստանն, ունենալով իր խնդիրները, տարածքային ամբողջականության կողմնակից է»,- ասում է նա։

Այդուհանդերձ, Մելիքյանը կարևորում է նախագահ Սարգսյանի հայտարարությունը՝ այն համարելով ուղերձ մեր հարևաններին․ «Իմ կարծիքով սա լուրջ մեսիջ էր ցույց տալու մեր հարևաններիբն, որ եթե անգամ իրենց համար հայտարարություն է արվել, ապա այսօր կողմերը համակարծիք են, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որ տարբեր կոնֆլիկտներ տարբեր կերպ են լուծվում»։

Հայաստանում գտնվելու ընթացքում Զուրաբիշվիլին կարևորել է նաև, որ բարձրացվի վրացահայերի՝ վրացերենին տիրապետելու մակարդակը։

«Որպես նախագահ ես պարտավոր եմ այնպես անել, որպեսզի Վրաստանում ապրող էթնիկ հայերն ավելի շատ ներառված լինեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է Վրաստանի նախագահը։

Այս հայտարարությունը Մելիքյանը դրական կոնտեքստում է դիտարկում։ «Բարձրացնելով ինտեգրման հարցը, իմ կարծիքով, ճիշտ շեշտադրում է արվում, քանի որ ինչքան ինտեգրված լինի մեր համայնքը վրացական տնտեսական և հանրային դաշտում, այնքան ավելի մեծ ազդեցություն կունենա թե քաղաքական գործընթացների վրա, թե համայնքի գործոնն ավելի կկարևորվի։ Այս ամենը բխում է նաև Հայաստանի շահերից։ Սա կարծում եմ ևս դրական մեսիջ էր»,- ասում է նա։

Զուրաբիշվիլիի ուշագրավ ուղերձներից էր նաև սահմանների հստակեցման հարցի բարձրացումը։ «Բարեկամների միջև սահմանների հստակեցման գործընթացն այսքան երկար չպետք է տևի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ջոնի Մելիքյան

Այս հարցում համակարծիք է նաև Մելիքյանը։ Նա նշում է, որ 90-ականներից ունենք միջկառավարական հանձնաժողով, որը պետք է պատրաստեր միջպետական պայմանագիր, որով կհստակեցվեին սահմանները։ «Այսօրվա դրությամբ Վրաստանն ունի այդպիսի ստորագրված պայմանագիր միայն Թուրքիայի հետ։ Մեր պարագայում 224 կմ սահման ունենք, որի մի հատվածը արդեն հստակեցված է, մի մասը՝ ոչ։ Այս տարիների ընթացքում որոշակի գործընթաց տեղի ունեցել է, որոշակի փաստաթղթեր պատրաստվել են, բայց վերջին տարիներին հանձնաժողովը դադարեցրել էր աշխատանքը, հազվադեպ էին հանդիպումներ տեղի ունենում»,- ասում է նա։

Մելիքյանը շեշտում է, որ Վրաստանը սահմանների հստակեցման խնդիր ունի նաև Ադրբեջանի հետ, որն ավելի դժվար լուծելի է։ «Եթե մենք այս հարցը կարողանայինք լուծել, հետաքրքիր իրավիճակ կստեղծվեր․ Վրաստանն իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ սահմանային խնդիրներ կունենար, իսկ Հայաստանի հետ, որին ռազմավարական գործընկեր չեն ճանաչում, այլ միայն բարեկամական երկիր, նման խնդիր չէր ունենա»,- ասում է նա։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, Մելիքյանն ասում է, որ անկախությունից ի վեր նման հնարավորություններ միշտ էլ եղել են, հարցն այն է, թե կողմերն ինչպես են մոտենում այդ հարցին։

Ասում է՝ ակնկալում էր, որ Վրաստանի նախագահի այցի ընթացքում կհայտարարվի, թե երկար տարիների դադարից հետո երբ տեղի կունենա Միջպետական առևտրատնտեսական համագործակցության կառավարական հանձնաժողովի նիստը։ «Այդ նիստը և արդյունքները կարող են բերել ինչ-որ որակական փոփոխության հայ-վրացական հարաբերություններում։ Իսկ այսպես մենք ունենք զուտ հռետորական հայտարարություններ, որոնք պիտի դեռ իրականացվեն»,- ասում է նա՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու նախադրյալներ կան, ցանկություն է անհրաժեշտ։

«Նման ցանկություն պետք է լինի թե Երևանում, թե Թբիլիսիում, միակողմանի չի կարող լինել։ Այս պարագայում Երևանը նման ցանկություն ունի, հիմա հարցն այն է, ինչքանով մենք նախաձեռնողական կլինենք»,- ասում է Մելիքյանը՝ կարևորելով, որ հայ-վրացական հարաբերություններում պաշտոնական Երևանն ավելի նախաձեռնողական լինի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: