Հայերեն   English   Русский  

​Փողոցը փակած սրճարանների աշխատակիցների ձայնը լսելով.Վահան Իշխանյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 331

Մաշտոցի փողոցում նստած սրճարանի աշխատակիցը ջղային ասում է Ազատություն ռադիոկայանի լրագրողին.

֊ Վաղը դուք էլ եք կորցնելու ձեր գործը։

Տղան ի՞նչ իմանա, որ եթե Հայաստանում համատարած գործազրկություն էլ լինի, Ազատություն ռադիոկայանի աշխատակիցը գործը չի կորցնելու ու էդպես էլ չի հասկանալու, որ եթե սրճարանը քանդեն, ինչ դժվար է լինելու նրա համար։

Ժամանակին մեծ բողոքներ կային գազոնների վրա սրճարաններ կառուցելու դեմ։ Եվ ոչ միայն սրճարաններ, նաև խանութներ, նայեք Շինարաների փողոցը՝ գազոնների վրա ամբողջ խանութներ են կառուցված։ Շատերը բոյկոտում էին գազոնների վրայի սրճարանները։ Սակայն ժամանակի ընթացքում դժգոհությունը մարեց, և այժմ դժվար է գտնել մեկին ով հավատարիմ է մնացել իր բոյկոտին։ Օպերայի շրջակայքում գազոնների վրա կառուցված Կետիկնոց, Մեղեդի սրճարանները բազմաթիվ մտերիմներիս սիրած տեղերն են։ Ինչու էս երկուսը, քանի որ նաև շատ էժան են, ու նաև մինչև ուշ գիշեր՝ 2-3֊ը երբեմն մինչև 4֊ը բաց են։

Արդեն 15 տարի է անցել, Օպերայի շուրջ սրճարանային կյանքի մի մշակույթ է ձևավորվել՝ ուր սիրում են այցելել զբոսաշրջիկները։ Սրճարանները ու նաև խանութները վերակռուցվել են, տնտեսություններ ու աշխատատեղեր են գոյացել, և հիմա անարդար է առանց մարդկանց աշխատանքի հարցը լուծելու վերականգնել նախկին գազոնները՝ ինչ է թե ճարտարապետական տեսքը ավելի կարևոր է։

Խնդրեմ, նախագիծը կարող են իրականացնել դանդաղորեն, ինչ որ կոմպրոմիսային լուծումներ գտնելով՝ գազոն ու սրճարան համադրելով կամ այլ կերպ։ Թե՞ վախենում են չհասցնեն, բայց ինչո՞ւ պիտի չհասցնեն, հաջորդ ընտրություններին ինչքա՞ն մնաց։

Նվազող ու աղքատ Հայաստանի համար շռայլություն է առանց մարդկանց գործով ապահովելու հանուն գազոնների սրճարանները քանդելը։ Եթե քանդում էին, գոնե էն 200 հազար դոլարանոց տոնածառը առնելու տեղը, էդ փողով սրճարանների աշխատողների պարապուդը վճարեին։ ուրեմն, կարծես պարզ է, որ աղքատ ու արտագաղթող երկրում առաջնայինը սոցիալական հարցերն են և ոչ թե դիզայնը։

Ի դեպ, Կինո Մոսկվայի ամառային կինոթատրոնն էլ էին ուզում քանդել որ վերկանգնեն ինչ որ ժամանակ այդտեղ եղած եկեղեցին։ Բայց մարդիկ պայքարեցին քանի որ շենքը ու նոր մշակույթը ավելի կարևոր էր քան պատմաճարտարապետական արդարությունը։

Ի դեպ, պայքարողների մեջ կար նաև ճարտարապետ, ով այսօր Իմ քայլը դաշինքով Երևանի ավագանու անդամ է՝ Արսեն Կարապետյանը։ Սակայն Աբովյան֊Սայաթ Նովա խաչմերուկի Ակադեմիայի շենքը քանդեցին, որ իբր վերականգնեն նախկինում դրա տեղը եղած եկեղեցին։ Այն ինչ կառուցեցին հաստատ նախկին եկեղեցու հետ կապ չուներ։ Իսկ ակադեմիայի ինստիտուտներն էլ ծվարեցին ինչ որ ուրիշ շենքերի սենյակներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: