Հայերեն   English   Русский  

Անվտանգ ու անվնաս. Երևանի թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ը սկսել է աշխատանքները


  
դիտումներ: 82

Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է: Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը:

«Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել և քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի և անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն սցենարը՝ կենդանիներ որսալու, ստերջացնելու և համայնք վերադարձնելու», - նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դրա մաս ենք կազմում, և բոլոր կենդանապաշտպան կազմակերպություններն իրենց ուժերի ներածին չափով պետք է աջակցեն, մոտ լինեն և կարողանան թե հանրային վերահսկողության տեսանկյունից, և թե անմիջական աշխատանքով օգտակար լինել»,- ասում է «Փրո Փոուզ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Գործընթացն առավել վերահսկելի ու թափանցիկ իրականացնելու պատասխանատվությունն ստանձնեց Երևան համայնքը: Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանն ստեղծեց կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:

«Այս կամ այն կազմակերպությունը, որը բիզնես շահ է հետապնդում, մշտապես կարող է փոխել իր գործունեության տեսակը, և մեր ծրագիրը կարող է վտանգվել: Ունենալով սեփական ենթակառուցվածք՝ մենք կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում քաղաքն ուղղակի այլևս չի ունենա թափառող շներ»,- նկատում է Խաչիկ Հակոբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: