Հայերեն   English   Русский  

​Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը.Անդրանիկ Թևանյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 606

Հատված հպարտ քաղաքացու օրագրից

Երբ խոստանում էին, որ իշխանության գալուց հետո վերացնելու են արագաչափերը, բայց իշխանությունը վերացնելուց հետո խոստումը չկատարեցին ու դեռ մի բան էլ ավելացրեցին արագաչափերի քանակը, ես չանհանգստացա, որովհետև ավտոմեքենա չունեի, ու ինձ դա չէր հետաքրքրում։

Երբ սոցցանցերում հաստիքային ու արտահաստիքային հպարտ քաղաքացիները հայհոյում էին կռապաշտությամբ չտառապողներին, մտածելու կարողություն և արժանապատվություն ունեցողներին, ես չէի անհանգստանում, քանզի ես հակահեղափոխական չէի ու ինչ–որ տեղ ողջունում էի այդ հայհոյանքները։

Երբ փոխանակման կետերի ու գրավատների գործունեության պետական տուրքի չափը բարձրացվում էր 60 (վաթսուն) անգամ, ես չէի անհանգստանում, քանի որ ոչ փոխանակման կետ ունեի, ոչ էլ գրավատուն։

Երբ ավելացվում էր գազավորված ըմպելիքների ակցիզային դրույքաչափը, ես չէի անհանգստանում, քանի որ գազավորված ըմպելիք չեմ սիրում, համ էլ մտածում էի, որ եթե հարկը ավելանա, ապա բյուջեն կմեծանա, ու մեզ մի բան կհասնի։

Երբ փողոց էին շպրտում հազարավոր պետական ծառայողների, ես չէի անհանգստանում, քանի որ պետական ծառայող չէի ու իմաստ չէի տեսնում նրանց իրավունքների համար պայքարելու և կառավարությունից բացատրություն պահանջելու համար։

Երբ քանդում էին Օպերայի տարածքի սրճարանները, ես չէի անհանգստանում։ Էդ պահին ինքս ինձ հարց չէի տալիս, թե ինչ են անելու այն հարյուրավոր մարդիկ, ովքեր զրկվում են աշխատանքից, մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրն այդ սրճարաններն են, ինչո՞ւ ենք սկսում քանդելուց (էդ պահին նույնիսկ մոռացել էի, որ սրանք խոստացել էին եվրավերելակներ, բայց գոնե մեկ հին վերելակ չեն նորոգել), այլ ոչ թե սարքելուց, ի՞նչ են անելու այն գործարարները, ովքեր գումարներ են ներդրել, և արդյոք այս ամենը չի՞ վնասում մեր երկրի ներդրումային միջավայրին։ Ես նույնիսկ ներքուստ ինչ–որ տեղ կողմ էի, որպեսզի սրճարանները քանդվեին, քանզի մեջս քանդելու հակվածություն էր առաջացել, բայց չեմ կարող ասել, թե ինչու էր այդպես ստացվել։ Ես դեմ կլինեի, որ իմ ունեցածը քանդեին, բայց, չգիտես՝ ինչու, կողմ էի, որ ուրիշինը քանդեին։

Երբ մեկ մարդու քմահաճույքով, մեկ մարդու հաշվարկներով ու ապօրինաբար կալանավորում էին Ռոբերտ Քոչարյանին, ես չէի անհանգստանում, քանի որ նրա կողմնակիցը չէի, համ էլ ներքուստ ուզում էի, որ նրան բռնեն։ Եվ ընդհանրապես, բոլորին բռնելու ներքին մղում կար մոտս, բայց չեմ կարող ասել, թե ինչու։ Ես դեմ կլինեի, որ ինձ ապօրինաբար բռնեին, բայց կողմ էի, որ բոլորին բռնեն՝ հիստերիկ բացականչությունների ներքո։

Երբ արդեն որոշ ժամանակ անց սկսեցին անարդարացիորեն զբաղվել ինձանով, քանդել իմ ունեցածը, վրաս լրացուցիչ հարկեր դնել ու դատարանի դռները գցել, ես անհանգստացա ու երբ ցանկացա պայքարել, արդեն չկար մեկը, որ ինձ սատարեր, ու ես հասկացա, որ «էն գլխից» սխալվել եմ, բայց ուշ էր։ Թեև ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Կարևորը՝ ուշացած չլինի։

Ի դեպ, երբ իմ հետևից եկան, հիշեցի հայի հետին խելքի մասին...






Մեկնաբանություններ - 1

agob     16.03.2019 bar.antraniq bet a irogutyun asvi Gogovurtin ki mas verajvel a anparoyaqan u anskam miyayn mdajum yn irenj masin miyayn mi jar qa betk a makrvin ays zibilnner ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: