Հայերեն   English   Русский  

Նոր Զելանդիայից Անկարային ուղղված և ընկալված ուղերձները


  
դիտումներ: 752

Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա:

Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման անհատական թե քաղաքական մղումների վրա:

Համաշխարհային ներկա հասարակարգի դրվածքը բարդացրել է իրավիճակը այն իմաստով, որ բնակչությունների շարժունակ միտումները փոփոխությունների են ենթարկել ժողովրդագրական պատկերները: Աշխարհագրական միջավայրերն անվերջ ստանում են ժողովրդագրական հարափոփոխ պատկերներ: Ժողովուրդների տեղափոխության արդի միտումները չեն տարանջատում կրոնի եւ ազգության տարբերությունները: Նոր Զելանդան եւս ժողովրդագրական պատկերի արագ փոփոխության միջավայրի է վերածվել, նախապես թերեւս ամենամիատարրերից այս իմաստով, ուր այժմ անմիջական շրջակայությունում գործում են երկու մզկիթ` դրանք էլ Քրայսթչըրչ անվանվող շրջանում:

Բնակչային մնայուն այս շարժունակությանն առընթեր ներկա աշխարհակարգը գծաքաշով սահմանազատում է իսլամն ու Քրիստոնյան, ահաբեկիչն ու հակաահաբեկիչը, իսլամիստն ու ցեղապաշտը կամ քաղաքական արդի եզրույթով` ծայրահեղ աջը: Ստացվում է այն, որ համախառն բնակչությամբ սահմանազատված համաշխարհային հասարակությունը այսօր ոչ միայն ընկերաբանական, այլ նաեւ զուտ ապահովական առումով ամենաբարդ կացությունում է գտնվում:

Իրաքից Սիրիա եւ Եմենից, Աֆղանստանից, Պակիստանից, Թուրքիայից ու Հեռավոր Արեւելքի երկրներից դեպի Եւրոպա ու ԱՄՆ արտահանված իսլամական ահաբեկչությունը ստանում է ոճանման հակահարվածներ: Եթե քաղաքական իմաստով ծայրահեղ աջակողմյանականությունը աշխույժ դրսեւորումներ է ունենում եւ գրավում խորհրդարանական աթոռներ, ապա գետնի վրա նույն մտայնությունը, անհանդուրժողականության գագաթներ է մագլցում` հավաքական սպանդներ իրականացնող գործողություններով:

Ուշագրավ է այս դեպքում այն, որ ահաբեկչություն արտահանած երկրներից ամենաշատը Թուրքիան է, որը լուսարձակի տակ է բերվել ավստրալիացի կազմակերպչի կողմից հրապարակված նոր Զելանդիայի գործողությամբ աշխարհին ներկայացող մանիֆեստով: Զինական գործիքների վրա բազմալեզու արձանագրությունները եւ հատկապես նշված պատմական ճակատարմարտերը շեշտված ձեւով ընդգծում են այն հանգրվանները, որտեղ Թուրքիան ճակատագրական պարտություն է կրել։

Զգուշացումը Թուրքիային ուղղվել է` դեպի Եվրոպա իր թափանցումները կասեցնելու կամ երթը չշարունակելու ընդհանրապես: Խնդիրը ըստ երեւույթին ոչ միայն Եվրոպայի իսլամացման, այլ թրքացման վտանգն է, որ մղել է գործողության կազմակերպիչներին այս ձեւով ուղերձ փոխանցելու:

Քաղաքականորեն նաեւ հասկանալի է թվում, որ Էրդողանը ամենախիստ հռետորաբանությամբ եւ սպառնական ոճով է հակազդում Նոր Զելանդիայի արարքին: Փաստորեն, Եւրամիության, ԱՄՆ-ի, Մեծն Բրիտանիայի, սուննի բարձրագույն կրոնապետի, Ֆրանցիսկոս պապին Իրանի, Ֆրանստայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Հնդկաստանի (նշելու համար հիմնական երկրները) ցավակացական դատապարտագրերի բովանդակությունները ընդհանուր հայտարարներ ունեն:

Եվրամիությունը եվրոպական արժեքների հակոտնյա է նկատում վայրագության այս արարքը, մինչ ԱՄՆ ահավոր ջարդ է որակում պատահածը եւ ցավակցում զոհերի հարազատներին: Մեծ Բրիտանիան ատելության մթնոլորտի տարածման դեմ է խոսում եւ իսլամների թիրախավորումը քննադատում. Պապը իսլամ համայնքին իր խոր ցավակցություններն է հայտնում. Իրանի ոճը հատկանշվում է որոշ ուղղվածությամբ` երբ քննադատում է արեւմտյան կեղծավորությունը կարծիքի ազատության անվան տակ իսլամ կրոնի սատանայացման առումով: Ֆրանսիան ամեն տեսակ ծայրահեղականությունը մերժում է եւ իր գործընկերների հետ հակաահաբեկչական պայքարին հավելյալ կազմակերպման կոչ է անում: Գերմանիան` ցեղապաշտական մղումները խորապես դատապարտում է` ատելությամբ սպանված բոլոր մարդկանց դեմ, որոնք իրենց աղոթատեղիում աղոթում էին: ՌԴ-ն ահաբեկիչներին խստագույն պատժի ենթարկելու անխուսափելիությունն է ընդգծում. Հնդկաստանը ահաբեկչության բոլոր տեսակի դրսեւորումներն է դատապարտում:

Թուրքիայի ղեկավարը իսլամ աղոթողների դեմ կատարված ահաբեկչությունը խորապես դատապարտելուց հետո, այն նկատում է նորագույն օրինակ ցեղապաշտության եւ իսլամաֆոբիայի: Հավելելով, որ հստակորեն ահաբեկչիների առաջադրանքը արեւմուտքում ենթահող է շահում:

Քաղաքական իմաստով հակաարեւմուտք ուղերձ հղելու նույնություն գոյություն ունի Իրանի եւ Թուրքիայի պաշտոնական դատապարտանքներում: Հստակ տարբերությամբ, իհարկե, մինչ Իրանը խոսում է մարդու իրավունքների անվան տակ իսլամական կրոնի սատանայացման միտող Արեւմուտքի կեղծ քաղաքականության մասին, Անկարան շեշտում է ահաբեկիչների եւ Արեւմուտքի նույն առաջադրանքը ունենալու քաղաքական ամբաստանությունը:

Անկարայի առանձնացումը ահաբեկիչների մանիֆեստում ունի քաղաքական տրամաբանություն: Հայտնապես ահաբեկիչները իսլամական ահաբեկչություն արտահանող գլխավոր երկիր են նկատում Թուրքիային։ Իսկ Էրդողանը, ահաբեկիչների եւ Արեւմուտքի միջեւ միացյալ առաջադրանք տեսնելու իր հայտարարությամբ պարզապես նվիրականացնում է այդ ընկալումը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: