Հայերեն   English   Русский  

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ևս կակտիվացվեն բնակարանային գողությունների կանխարգելման համալիր միջոցառումները


  
դիտումներ: 188

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ դատախազության կոլեգիայի փետրվարի 27-ի նիստում բնակարանային գողությունների դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում մարտի 15-ին կազմակերպվել էր խորհրդակցություն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների և նույն վարչական շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազ Սիսակ Խաչատրյանը, ներկայացնելով բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերով նախորդ տարվա ցուցանիշները, նշել է, որ արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը մտահոգիչ է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 125 դեպք, նախորդի 65-ի դիմաց, այսինքն` 60 դեպքով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 4,2 %՝ նախորդ տարվա 10,8 %-ի դիմաց: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 53 դեպք, նախորդ տարվա 21-ի դիմաց, այսինքն` 32 դեպքով ավելի: Նշված բնույթի հանցագործություններով գրանցված դեպքերի աճի պայմաններում բացահայտման ցուցանիշը կազմել է 18,6 %՝ նախորդի 19 %-ի դիմաց:

Համեմատական ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում կատարվել է քարտեզագրում և առանձնացվել են երկու վարչական շրջաններում բնակարանային գողություններով աչքի ընկնող առավել ռիսկային գոտիները։ Բացի այդ՝ առանձնացվել և գույքագրվել է վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում դռների, տեսանկարահանող սարքերի առկայութան կամ բացակայության, դրանց վրա կոդավորված կամ որևէ այլ տեսակի փականների առկայության, բնակարանների պատուհաններին ճաղավանդակների առկայության կամ բացակայության, բազմաբնակարան շենքերի հարակից փողոցային և բակային հատվածների լուսավորության վերաբերյալ տեղեկատվությունը։

Խորհրդակցության ընթացքում մասնակիցներին կոնկրետ օրինակներով ներկայացվել է, որ թիրախավորված բնակարանների մի մասը գտնվել են բազմաբնակարան շենքերի 1-ին և 2-րդ հարկերում, որոնք ապահովված չեն եղել ճաղավանդակներով։ Որոշ դեպքերում բազմաբնակարան շենքերի մուտքի դռները բացակայել են կամ եղել են հնամաշ, դրանով իսկ՝ չծառայելով իրենց նպատակային նշանակությանը։ Բացի այդ՝ որոշ դեպքերում շենքերի մուտքի դռները չեն ունեցել ժամանակակից կոդավորվող փականներ, իսկ շքամուտքերում և շենքի հարակից փողոցային և բակային հատվածներում բացակայել է անհրաժեշտ լուսավորությունը, իսկ դեպքերի գերակշիռ մասում տեսանկարահանող սարքեր ընդհանրապես չեն եղել:

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազի կողմից ոստիկանության բաժինների պետերին հստակ հանձնարարական է տրվել ավելացնել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների ծառայողական երթուղիները, այդ թվում՝ նաև գիշերային ժամերին՝ ուշադրությունը հատկապես կենտրոնացնելով առանձնացված ռիսկային հատվածների վրա։ Բացի այդ՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է նաև բնակարանային գողությունների կատարման համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված և պատժից ազատված, նմանատիպ հակումներ ունեցող անձանց հաշվառման, նրանց նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նրանց հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ոչ բավարար մակարդակի վրա՝ հստակ շեշտադրելով դրանց առավել ակտիվացման և հստակ թիրախավորման անհրաժեշտությունը:

Վարչական շրջանների դատախազը նախաքննական մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է բնակարանային գողությունների գործերով նախաքննության որակի էական բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես՝ առաջարկվել է հետայսու նմանատիպ հանցագործությունների գործերով նախաքննությունը հանձնարարել քննչական բաժիններում աշխատող առավել փորձառու քննիչներին։ Կարևորվել է նաև նախաքննության ընթացքում առանձին քննչական գործողությունների, մասնավորապես դեպքի վայրի զննությունների կատարման լիարժեքության և արդյունավետության ապահովումը՝ հատկապես հանցագործների հեռանալու հնարավոր բոլոր երթուղիները ֆիքսելու, նրանց օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը պարզելու նպատակով։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այս ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել համատիրությունների հետ միասին աշխատանքներ տանել բազմաբնակարան շենքերի մուտքի դռներին կոդավորված փականներ տեղադրելու, փողոցների լուսավորությունն ապահովելու ուղղությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: