Հայերեն   English   Русский  

​Բելգրադում Սերբիայի ՆԳՆ-ն բերման է ենթարկել ցույցերի յոթ մասնակցի


  
դիտումներ: 188

Վերջին հանգստյան օրերը շատ բուռն անցան Սերբիայի մայրաքաղաքում: Ցուցարարների մի խումբ ներխուժեց Սերբիայի պետական РТС հեռուստակայանի շենքը: Հատուկջոկատայիններին հաջողվեց շենքից դուրս քշել հարձակվողներին առանց ուժ կիրառելու: Ընդդիմադիր «Դվերի» կուսակցության առաջնորդ Բոշկո Օբրադովիչը կոչ արեց ցուցարարներին շարունակել բողոքի ցույցը կիրակի կեսօրին նախագահական պալատի դիմաց, որտեղ այդ ժամանակ նախատեսված էր Սերբիայի նախագահի ուղերձը ժողովրդին:

Ալեքսանդր Վուչիչի հայտարարության հենց սկզբից մի քանի հարյուր ցուցարարներ ճեղքեցին շենքի պաշտպանական շարքը և մոտեցան մուտքին, ուր նրանց դեմն առավ ժանդարմերիայի հատուկ ջոկատը: Այդ իրողությանն արձագանքեց նախագահ Վուչիչը. «Մենք հեռուստատեսության կանայք չենք, որ վախենանք»,- ասաց նա:

Բողոքի ցույցի առաջնորդները պահանջում էին պետության ղեկավարի հրաժարականը: Ընդդիմադիրների մի մասը՝ Բոշկո Օբրադովիչի գլխավորությամբ, անընդմեջ փորձում էին շեղքել ոստիկանության շարքը, անգամ փորձեցին ՆԳՆ-ի աշխատակիցների վրա բեռնատար քշել:

Այնուհետև մոտ հազար մարդ ուղղվեց դեպի ոստիկանության տեղամասը, ուր, իրենց տվյալներով, պահում էին շաբաթօրյա անկարգությունների մասնակիցներին, և պահանջեցին նրանց ազատել: Ընդ որում, ամբոխից ոստիկանների կողմը ձվեր ու ջրով լի պլաստիկ շշեր էին թռչում: Ոստիկանությունը չէր արձագանքում այդ սադրանքներին:

Անդրադառնալով ընդվզումների թեմային՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ըմբոստացողները կարող են երկրում անել ցանկացած գործողություն, բայց հենց որ բռնության դիմեն, իշխանությունն անմիջապես կարձագանքի: «Փողոցում ինչ ասես կարելի է անել, քանի դեռ ամեն ինչ խաղաղ է, սակայն բռնություն ես ոչ մի վայրկյան թույլ չեմ տա»,- ասել է նա:

Ընդդիմության շաբաթօրյա և կիրակնօրյա ցույցերը ակնհայտ դարձրին, որ առաջնորդները հստակ ծրագիր չունեն: «Ահա ինչու շատ քայլեր հանպատրաստից են, երբ որոշումներն ընդունվում են բառի բուն իմաստով հընթացս,- մեջբերում է ընդդիմադիրներից մեկի խոսքը «Կոմերսանտը»:- Միակ միտքը, որի շուրջ լիակատար համաձայնություն է, այն է, որ ընդվզումները պետք է շարունակել»:

Սերբիայի ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել Բելգրադում հակակառավարական ցույցերի յոթ մասնակցի: Նրանցից երկուսը Բելգրադի հեռուստակենտրոն բենզասղոց են տարել և թափահարել են դա կայանի լրագրողների առջև, մեկը կոտրել է շենքի մուտքի ապակին: Եվս չորսը բերաման են ենթարկվել ոստիկանների նկատմամբ ֆիզիկական բռնության պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: