Հայերեն   English   Русский  

Արտանիշում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ


  
դիտումներ: 263

Մարտի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում հանդիասավոր կերպով տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի մյուս բնակավայրերի՝ Ջիլի, Արտանիշի, Դրախտիկի, Ծափաթաղի, Աղբերքի ղեկավարները, մարզային փրկարարական վարչության աշխատակիցները և այլ հյուրեր:

Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից մինչև 48 կմ հեռավորության վրա: ՀՓՋ-ների մարտական հաշվարկներն օբեյկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի՝ արտակարգ դեպք առաջանալու պարագայում առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում մարդկային կորուստները, ինչպես նաև՝ բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը:

Կառավարության հայեցակարգի համաձայն՝ վերլուծվել և սահմանվել են ՀՀ հեռավոր այն մարզերը, որտեղ նպատակահարմար է հիմնել կամավորական հենակետեր: Նախատեսվում է 2019-21 թվականների ընթացքում հիմնել 27 հրշեջ-փրկարարական հենակետեր, որոնք կսպասարկեն 186 համայնք:

ԱԻ նախարարության կողմից Արտանիշի հենակետին հատկացվել է ЗИЛ-130 АБ 40 հրշեջ-փրկարարական մեքենա՝ հրդեհաշիջման իր գույք-տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև՝ 2 վարորդի հաստիք: Հենակետում ներգրավված կլինեն 48 կամավոր հրշեջ-փրկարարներ՝ համայնքի բոլոր բնակավայրերից: ԱԻ Փրկարար ծառայության կողմից իրականացվում է հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստություն, այնուհետև պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Նշենք, որ կամավորական հենակետեր ստեղծվել են նաև Տավուշի մարզի Մովսես, Ազատամուտ, Արծվաբերդ, Վայոց ձորի Խաչիկ և Սյունիքի Գորայք համայնքներում: Նախատեսվում է, որ մոտ ապագայում կամավորական հենակետերը կհամալրվեն նոր տեխնիկայով, սարքավորումներով և փրկարարական հանդերձանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: