Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ նույն առվով չեն հոսում ֆան ակումբի ու ֆեդերացիայի ջրերը


  
դիտումներ: 250

Թվում է, թե ֆուտբոլում երկրպագուները բացի իրենց նախընտրած թիմին աջակցելուց այլ խնդիր չպետք է ունենան:

Սակայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆան ակումբները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են ֆուտբոլի ֆեդերացիայի հետ առաջացած խնդիրների մասին: 2012 թվականից գործող Red Eagles ֆան ակումբի և ֆեդերացիայի հարաբերությունները վերջին շրջանում ավելի են սրվել:

Երեք օր առաջ Red Eagles ֆան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ արդեն 7 ամիս է, ինչ ֆեդերացիան խոչընդոտում է իրենց գործունեությանը: Խնդիրները հիմնականում կապված են եղել տոմսային քաղաքականության և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մյուս ֆան ակումբին՝ FAF-ին առավելություններ տալու հետ: Խնդրի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեցին ֆան ակումբի նախագահ Դենիս Սարգսյանը և ակումբի անդամ Դավիթ Թորոսյանը: Ըստ նրանց՝ մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը տոմսարկղում հրաժարվել են վաճառել իրենց: Պատճառը ֆեդերացիայի առաջարկած Անվտանգության նորմերի պահպանման և վարքագծի պարտավորագիրը չստորագրելն է իրենց կողմից:

«Պարտավորագիրը ունի մի քանի կետեր, որոնք ընդունելի չեն մեզ համար: Օրինակ ըստ առաջ քաշած պայմանների՝ ֆան ակումբները ամեն խաղից առաջ պետք է գնան ֆեդերացիա և քննարկեն ու համաձայնեցնեն խաղի ընթացքում իրենց ակցիաները: Հետո պետք է ֆեդերացիան իր համաձայնությունը տա այդ ակցիաներին, անգամ պաստառների գրությանը: Մենք չենք կարող համաձայնվել այդ պայմաններին, քանի որ Red Eagles ֆան ակումբը ամբողջությամբ անկախ է և չի կարող թույլ տալ, որ ֆեդերացիան խառնվի իր որոշումներին»,- ասում է Red Eagles ֆան ակումբի նախագահ Դենիս Սարգսյանը:

Red Eagles ֆան ակումբը պարտավորագիրը չստորագրելու ևս մեկ պատճառ է նշում. ֆան ակումբները բացի իրենց տոմսերից պետք է գնեն նաև իրենցից վերև գտնվող երեք շարքերի տոմսերը, որպեսզի երկրպագելիս չխանգարեն ուրիշներին:

«Աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում չենք գտնի այնպիսի քաղաքականություն, որ ֆան ակումբներին պարտադրեն գնել իրենց նստատեղերից վերև գտնվող մի քանի շարքի տոմսեր և ազատ թողնել այդ շարքերը: Եվ սա միայն այն պատճառաբանությամբ, որ ավելի վերև նստած երկրպագուներին չխանգարեն»,- ասում է ֆան ակումբի անդամ Դավիթ Թորոսյանը:

Ըստ Դենիս Սարգսյանի ֆեդերացիայի այս քաղաքականությունը իրենց դեմ է ուղղված: Ֆան ակումբը օրերս տարածած իր հայտարարության մեջ նշել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ֆեդերացիայի հետ և հետագա համատեղ աշխատանքը տեսնում է միայն իրենց առաջարկած 3 պահանջները բավարարելու դեպքում: Գլխավոր պահանջը ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի հրաժարականն է: Ըստ ակումբի նախագահի՝ վերջինս կանգնած է FAF-ի ստեղծման ակունքներում և ամեն կերպ աջակցում է նրանց: Այստեղից էլ գալիս է կողմնակալ վերաբերմունքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այլ կերպ է մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Ըստ այդ մեկնաբանության ֆեդերացիան երբեք չի խոչընդոտում, այլ միշտ տարբեր ուղիներ է փնտրում ֆան ակումբների հետ համագործակցելու համար:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տեղադրել է ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտը: Ըստ այդ կոնցեպտի Red Eagles-ին և FAF-ին ֆեդերացիան հատկացրել է որոշակի տեղեր ստադիոնում: Ֆեդերացիան նաև ֆան ակումբներին առաջարկել էր ստորագրել միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտավորագիր, որից հրաժարվել են Red Eagles ակումբի անդամները: Իսկ ինչ վերաբերում է նրանց տոմսեր չվաճառելուն, ապա պետք է նշենք, որ ֆան ակումբի անդամները տոմսարկղում ցանկացել են ձեռք բերել իրենց չհատկացված տեղերի տոմսերը: Այստեղ ֆեդերացիան չի խոչընդոտել ֆան ակումբի գործունեությանը, պարզապես նրանց չեն վաճառվել այն տոմսերը, որոնք նախատեսված չեն եղել ֆան ակումբների համար»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՖՖ լրատվական բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը:

Ըստ Դենիս Սարգսյանի՝ չնայած ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ ակումբը չկարողանա ձեռք բերել առաջիկա հանդիպման տոմսերը, սակայն իրենք այլ ճանապարհով արդեն գնել են և Հանրապետական ստադիոնում ներկա են լինելու մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:

Լիանա Եղիազարյան

Աննա Բզնունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: