Հայերեն   English   Русский  

​Մաքուր ու կանաչ քաղաքը սկսվում է բակերից և բնակիչներից


  
դիտումներ: 210

«Այս բակում ապրում եմ 1993 թվականից: Ամեն մեկն ուներ իր տարածքը, ամեն ինչ անխնամ էր: Որոշեցինք մի փոքր կտոր կանաչապատել:

Հետո բակի տղաները միացան ու տարիների ընթացքում դարձավ խնամված գոտի: Այստեղ մեկով, երկուսով չի լինի, պետք է ամբողջ բակը միանա, որպեսզի եղածը պահպանվի»,- նշում է Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ Սուրեն Գեղամյանը:

Արշակունյաց պողոտայի բակային այս հատվածում մինչև օրերը տաքանալը անելու դեռ շատ բան կա: Պետք է հասցնեն կանաչ գոտին վերջնական տեսքի բերել ու հարմարավետ դարձնել: Միայն սրտնեղում են՝ տարիներ առաջ ոռոգման ջրագիծը հասավ հարևան շենքերի բակ ու այդպես էլ անավարտ մնաց: Հիմա ոռոգում ունեցող հատվածներում անխնամ է, իսկ իրենք խմելու ջրով են կանաչը պահում:

Բակերի պահպանումն ու խնամքը թեև այսօր վարչական շրջանների և համատիրությունների ուսերին է, սակայն իրավական առումով խնդիրը կարգավորված չէ: Բակերի փաստացի տերերը բնակիչներն են, որոնք, սակայն, ոչ միշտ են զգում իրենց պարտավորությունը:

Կիևյան փողոցի այս բակը այն քիչ հասցեներից է, որտեղ պահպանվել է բակի գաղափարը: Երկար տարիներ ավտոտնակների անկանոն տեղադրման դեմ պայքարի շնորհիվ այսօր երեխաներն ունեն խաղահրապարակ ու ֆուտբոլի մարզադաշտ, կա նաև փոքրիկ զբոսայգի: Կառուցապատման համար առաջարկներ եղան նաև շենքերի հետնամասի՝ անմիջապես Հրազդանի կիրճին հարող հատվածի համար: Բնակիչների պատասխանը եղավ խնամված, ծառապատ հանգստի գոտին:

Կանաչ գոտիների խնդիրը հատկապես մեծ է Երևանի կենտրոնում: Կոլորիտային բակերի մասին այսօր միայն հիշողություններ են: Հիշողության հետքերով էլ շարժվեցինք Մաշտոցի պողոտայի բակերից մեկը: Ավտոտնակների, հարակից շինհրապարակի ու շենքի անկյունում այս օազիսը ստեղծվել է առանձնացված համատիրության բնակիչների ուժերով:

«Ամբողջ օրը այստեղ մեքենաներ էին կայանում ծառերի արանքում: Մենք փակեցինք բակի մուտքն ու սեփական ձեռքերով ստեղծեցինք այս գոտին: Այստեղ անգամ ծննդյան օրեր ենք նշում»,-նշում է բնակիչներից Սուրեն Վասիլյանը:

Ինչպե՞ս բնակիչներից հավաքագրվող գումարները տնօրինել արդյունավետ և շենքի խնդիրներից բացի, հասցնել ուշադրություն դարձնել նաև բակերին: «Նոր Ավան» համատիրության գաղտնիքը միջոցների ճիշտ բաշխումն ու օգտագործումն է:

«Համատիրության արդյունքներ գրանցելու առաջին նախապայմանը թափանցիկ աշխատանքն է ու հաշվետվողականությունը: Բնակիչների աջակցությամբ մենք ունենք մարզահրապարակ ու խաղահրապարակ: Օգտագործելով տեղանքն ու տարածքի թեքությունը՝ տեղադրեցինք մեծ էկրան ու սեփական ձեռքերով պատրաստած նստարաններ, որտեղ արդեն նախորդ տարի դիտում էինք ֆուտբոլային հանդիպումներ, երեխաների համար էլ ցուցադրում էինք մուտֆիլմեր»,-նշում է «Նոր Ավան» համատիրության ներկայացուցիչ Արման Միրզոյանը:

Մաքուր և կանաչ քաղաքը սկսում է հենց բակերից: Առաջիկա շաբաթ օրը՝ մարտի 23-ին, հայտարարված է համապետական շաբաթօրյակ ու ծառատունկ: Երևանի քաղաքապետարանն իր հերթին կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել:

Քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով կան բակերի բարեկարգման նախագծեր, որոնք, իհարկե, կարող են երկար տարիներ ծառայել, եթե յուրաքանչյուր բնակիչ զգա տարածքների խնամքի իր պարտավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: