Հայերեն   English   Русский  

​Մեկ Հայաստան կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը մտահոգությունը.Արթուր Ղազինյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 429

Մեկ Հայաստան կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը

մտահոգությունը ՀՀ իշխանությունների կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի նկատմամբ,

քանի որ.

1. Այն լրջագույն վտանգ է առաջացնում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի գերակայության սկզբունքի իրացման համար, ինչպես նաեւ հիմք հանդիսանում արդար դատաքննության իրավունքի եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մեղավորության կանխավարկածի ինստիտուտի արմատավորմանը ՀՀ-ում,

2. Նման բովանդակությամբ հայեցակարգը խաթարում է սեփականության սահմանադրական իրավունքի պետական պաշտպանության ապահովման եւ երաշխավորման հիմքերը,

3. Հայեցակարգը ռիսկեր է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից կապիտալի վերաբաշխման, ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման համար,

4. Այն խաթարում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, քրեական հետապնդման մարմինների հեղինակության, դրա նկատմամբ ձեւավորված հանրային վստահության հիմքերը,

5. Հայեցակարգի հիման վրա ընդունված իրավական ակտերը եւ արդյունքում ձեւավորված իրավակիրառ պրակտիկան ՄԻԵԴ իրավաբանության իմաստով համարվելու են կառուցվածքային եւ/կամ համակարգային խնդիր (systemic or structural problem) եւ հանգեցնելու են ՄԻԵԴ-ով պաշտպանվող անհատական իրավունքների խախտման արձանագրումների:Միաժամանակ, սույն ինստիտուտը ՀՀ օրենսդրության մեջ ներդնելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն չորս կարեւորագույն նախապայման.

1. ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից մատնանշված միջազգային իրավական փաստաթղթերը բացառապես վերաբերվում են փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչությանան, թմրամիջոցների միջազգային շրջանառության եւ այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, եւ ոչ մի պարագայում չեն կարող տարածվել նշված միջազգային բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունեցող այլ հիպոթեզի վրա հիմնված իրավախախտումների հետ:

2. Ստացված գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ քրեաիրավական հետեւանք եւ գործընթաց չպարունակող քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում ապացուցման հստակ շեմ հաղթահարած ապացույցների ներկայացմամբ դատարանի կողմից ընդունված եւ օրինական ուժի մեջ մտած վճռով:

3. Պետք է առկա լինի այդ գույքի սեփականատեր հանդիսացող անձի, կամ վերջինիս հետ փոխկախակցված անձի կամ անձանց նկատմամբ դատարանիօրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:

4. Պետք է ապահովել այս գործընթացում իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի ամբողջական իրագործումը եւ գիտակցել, որ հանրային իշխանությունը միշտ սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: