Հայերեն   English   Русский  

Գոռ Նազարյան. «Ցանկանում եմ հաղթանակներովս ուրախացնել երկրպագուներին»


  
դիտումներ: 2407

Փետրվարին Երևանում կայացավ K-1 կանոններով Mix Fight պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի Մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Նազարյանը։

63.5 կգ քաշային կարգում հայ մարզիկը մրցեց իսպանացի Անգել Մարտինի հետ և 3-ռաունդանոց մենամարտում ջախջախելով մրցակցին` հաղթանակ տոնեց:
Անկախի հետ զրույցում Գոռ Նազարյանը պատմում է մենամարտից ստացած տպավորությունների և առաջիկա ծրագրերի մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հերթական հաղթանակի առթիվ: Երկար ժամանակ Հայաստանում հանդես չէիք եկել:

Շնորհակալ եմ: Հայաստանում հայտնի մարզիկների մասնակցությամբ և ներկայությամբ այսպիսի մեծ շոու դեռևս չէր կազմակերպվել: Ուրախալի է, որ նմանատիպ միջազգային մրցաշար կայացավ: Շատ լավ էի նախապատրաստվել: Մարզիչներիս հետ ուսումնասիրել էինք հակառակորդիս մենամարտերը: Մյուս մրցաշարերի համեմատ հուզմունքը մի փոքր գերակշռում էր, քանի որ Հայաստնում էի ելույթ ունենում: Ավելի մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն էի զգում հայրենի հողում հաջող հանդես գալու համար: Իհարկե, հանդիսատեսն ամեն կերպ աջակցում էր, ինչը շատ հաճելի էր և կրկնակի ոգևորում էր: Մտածում էի միայն հաղթանակի մասին:

Վերջին անգամ 2015 թվականին էի պրոֆեսիոնալ մենամարտ անցկացրել Հայաստանում: Հայրենակիցներիս ներկայությունն ինձ ուժ տվեց: Արտագնա մրցումներում այդքան շատ հայեր չեն լինում. այնինչ հանդիսատեսի աջակցությունը մարզիկի համար շատ կարևոր է: Բացի այդ, նմանատիպ շոուները ոգևորում են, որպեսզի ցանկացողները սկսեն զբաղվել սպորտով, առողջ և ուժեղ լինեն: Լրիվ տարբեր են զգացողությունները, երբ մենամարտերին հետևում են ոչ թե հեռուստացույցով, այլ անմիջապես դահլիճից: Բոլորը ոգևորված էին շոու երեկոյի կազմակերպվածությամբ, մասշտաբայնությամբ:

-Դուք հանդես եք եկել բազմաթիվ միջազգային մրցաշարերում, պատվով եք ներկայացրել հայոց եռագույնը` դառնալով հաղթող ու մրցանակակիր: Ի՞նչ է տալիս հաղթանակը:

-Յուրաքանչյուր հաղթանակ ոգևորում է, պարտավորեցնում, որ նշաձողը չիջեցնեմ: Ցանկանում եմ հաղթանակներովս միշտ ուրախացնել երկրպագուներին:

Մեծ հպարտություն եմ զգում, երբ ներկայացնում եմ Հայաստանը, հայոց եռագույնը արտերկրում: Այդ առումով միշտ պատասխանատվություն եմ զգում: Թուրքիայում մրցումների ընթացքում անգամ դրոշը ներկայացված չի լինում: 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում, երբ հաղթեցի, միայն այդ ժամանակ մարզադահլիճում ծածանեցին եռագույնը: Մինչ այդ պատճառաբանում էին, թե չունեն և մեզնից էլ չէին վերցնում: Նմանատիպ մրցումներում մենք` մարզիկներս, փորձում ենք ամեն գնով հաղթել և բարձր պահել մեր երկրի պատիվը:

Գոռ Նազարյան

-Մուայ թայը բարդ մարզաձև է, առանձնանում է հարվածների տարափով ու կոպտությամբ: Այսօր այն տարածում ունի՞ Հայաստանում:

-Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի: Վերջին շրջանում զբաղվողների թիվը զգալիորեն ավելացել է նաև Հայաստանում: Շատ ուժեղ մարզաձև է. հարվածում են ոտքերով, ձեռքերով, արմունկներով, ծնկներով, բռնում-գցումներ են կատարում: Չոր, բայց միևնույն ժամանակ, դիտարժան մարզաձև է, բայց ոչ վտանգավոր: Ցանկանում եմ անպայման նշել, որ մարզչի մասնագիտական որակները շատ կարևոր են երեխաների հետ աշխատելիս: Վնասվածքներ ցանկացած մարզաձևում մարզիկները կարող են ստանալ: Պետք է ճիշտ և գրագետ մոտեցում ցուցաբերել:

Հայաստանում ունենք տաղանդավոր ու հեռանկարային մարզիկներ: Ցավոք, ֆեդերացիայի ֆինանսական հնարավորություններն առայժմ թույլ չեն տալիս, որ մեր մարզիկներն ավելի հաճախ մասնակցեն մրցաշարերի, փորձ ձեռք բերեն: Սա է հիմնական պատճառը, որ շատ մարզիկներ հիասթափվում են. մտածում են ընտանիք պահելու մասին, սկսում են աշխատել և սպորտը մղվում է երկրորդ պլան:

-Ի՞նչ եք կարծում պետությունից համապատասխան ուշադրության դեպքում պատկերը կփոխվի՞:

-Իհարկե, պետական աջակցությունը շատ կարևոր է: Դա միայն ֆինանսին չի վերաբերում: Արտերկրում Եվրոպայի, աշխարհի առաջնություններում հաղթող և մրցանակակիր դարձած մարզիկները հատուկ ուշադության են արժանանում, սպորտի վարպետի կոչում են ստանում, ինչը ոգևորում է:

2015 թվականին Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող եմ, սակայն որևէ ուշադրության չեմ արժանացել: Ցանկալի կլինի, որ մեր նվաճումները գնահատվեն և խրախուսվեն:
Նշեմ, որ ցանկացած պարագայում Հայաստանի մուայ թայի ֆեդերացիան շարունակելու է աշխատանքները: Մենք ավելի լավատես ենք և համբերատար: Առաջիկայում մեկնելու ենք Չինաստան ուսումնամարզական հավաքների, նաև կմասնակցենք մրցաշարերի` նախապատրաստվելով Եվրոպայի, աշխարհի առաջնություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: