Հայերեն   English   Русский  

​Հրադադարի խախտումները չեն նպաստում վստահության ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ


  
դիտումներ: 398

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը:

«Այս առումով ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում հանդիպման ժամանակ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

Դուշանբեում 2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: