Հայերեն   English   Русский  

Անհրաժեշտ է, որ իշխող ուժը մշակի և հանրությանը ներկայանա իր քաղաքական դոկտրինով.Խոսրով Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 267

‹‹Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո հասկանա, որ ժողովրդի հետհեղափոխական զգայական տրամադրությունը մի օր վերջնականապես սպառվելու է, բարձր վարկանիշը անկում է ապրելու, իսկ ինքն էլ հենարանի կարիք է զգալու և այդ հենարա նը պետք է լինի ոչ թե իշխանության շուրջ լցոնված անսկզբունք զանգվածը, այլ՝ գաղափարական թիմը, որը դեռևս չկա։

Ով էլ, որ հավակնում է դառնալ ապագայի այդ թիմի մի մասնիկը, փորձում են կա՛մ հեղինակազրկել կա՛մ էլ չեզոքացնել››։

1in.am-ի կայքում Կարպիս Փաշոյանի ‹‹Իրական հակահեղափոխությունը իշխանության ներսում է›› վերտառությամբ հոդվածի այս վերջաբանում բանալի միտքը ‹‹գաղափարական թիմ›› եզրույթն է: Հեղինակը, ըստ էության և արդարև, մտահոգություն է հայտնում, որ եթե իշխող քաղաքական խումբը չվերածվի հանրային կյանքի կազմակերպման իր գաղափարական դոկտրինն ունեցող քաղաքական ուժի (կուսակցության), ապա վարչապետ Փաշինյանի իշխանությունը շատ արագ կվերածվի ‹‹արքունիքի››(տերմինը իմն է), որում առանձին անհատների փաստացի դերակատարումն ու ազդեցությունը կառավարման գործընթացում, որպես կանոն, պայմանավորված է ոչ թե դրանց (այդ անհատների կամ պաշտոնյաների) պետական կառավարման համակարգում զբաղեցրած պաշտոնեական դիրքով և պարտավորություններով, այլ առաջին դեմքի հետ առավել մոտ կամ մտերիմ փաստացի կապերով:

Այդպիսի համակարգն արմատավորում է այնպիսի արատավոր պրակտիկա, որի պարագայում համարյա անթերի գործում է քաղաքական պաշտոններում նշանակման կամ առաջխաղացման, այսպես կոչված,‹‹ система двух У: способность Угадать и Угадить››, այսինքն, եթե օրինակ որևէ մեկը ցանկանում է դառնալ հայոց նախարար, ապա բավական է, որ նա կռահի թե ով է ապագա Վարչապետը և նրա հետ հաստատի մտերիմ կապեր: Կադրերի նշանակման և առաջխաղացման նկարագրված համակարգում, հաճախ, բոլորովին կարևոր չի լինում նշանակվող անձի մասնագիտական կարողություններն ու գիտելիքները:

Ցանկացած իշխանության մեջ կգտնվեն անհատներ, որոնք փորձելու են իշխանական դիրքը ծառայեցնել սեփական ոչ քաղաքական նպատակնեին, իսկ հեղափոխական զարգացումների արդյունքում ձևավորված իշխանության մեջ դրանց թիվը օբյեկտիվորեն բազմապատկվում է: Ժամանակի ընթացքում այդպիսի իշխանությունը կարող է նմանվել այն մրգին, որն արտաքինից առողջ և համեղ տեսք ունի, սակայն ներսից որդնած է:

Որպեսզի խուսափել իշխանության նման հեռանկարից անհրաժեշտ է, որ իշխող ուժը մշակի և հանրությանը ներկայանա իր քաղաքական դոկտրինով՝ հանրային կյանքի կազմակերպման գաղափարական սկզբունքների վրա խարսխված քաղաքական ծրագրով (հայեցակարգով): Ընդ որում վերջինը չպետք է նույնացնել նախընտրական ծրագրի հետ և այդ առումով, օրինակ, պայքարը կոռուպցիայի դեմ կամ մենաշնորհների դեմ կամ անօրինականությունների և անարդարության դեմ, ըստ էության, պետք է պայմանավորված լինի իշխող ուժի մեր իրականության կազմակերպման քաղաքական դոկտրինի դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե բացառապես լիդերի քաղաքական կամքի առկայությամբ: Այդ նույն տրամաբանությամբ, հենվելով կուսակցության քաղաքական դոկտրինի դրույթերի վրա, նախընտրական ծրագրում իրենց լուծումները պետք է գտնեն անվտանգության, բնապահպանության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում կուտակված խնդիրները: Բայց, բոլոր դեպքերում, այդ ամենի հիմքը պետք է հանդիսանա կուսակցության քաղաքական դոկտրինը: Ընդ որում իշխող ուժն վերջինի մշակումներում ստիպված պետք է լինի հենվել միջազգայնորեն տարածում գտած և թե՛ տեսականորեն և թե՛ գարծնական քաղաքականությամբ կյանքի իրավունք ձեռք բերած դոկտրիններից որևէ մեկի վրա: Եվ միայն այդ դեպքում՝ քաղաքական ծրագրի գաղափարաբանական դրույթներից և սկզբունքներից ելնելով կարելի է ժամանակի ընթացքում բնական սելեկցիայի մեթոդով կազմավորել գաղափարակիր համախոհների մրցունակ թիմ, որում արդեն անհատի դերակատարումը և վոլյունտարիզմի չափաքանակը օբյեկտիվորեն կնվազի:

Սա իշխող ուժի, իսկ ավելի ճիշտ՝ իշխանության իրականացման պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժի հռչակած հեղափոխության կապիտալիզացման անհրաժեշտ և անփոխարինելի նախապայմանն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: