Հայերեն   English   Русский  

Էրդողանը, թերևս, ընդունել է Ալիևի հորդորը


  
դիտումներ: 184

Թուրքիայում մի անանուն քաղաքական գործիչ հետևյալ պնդումն է անում. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է Էրդողանին,

որ իշխող կուսակցությունը Կարսում և Իգդիրում թեկնածուներ չառաջադրի և սատարի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) քաղաքապետների թեկնածուներին»:

Չի բացառվում, որ այս պնդումը իրատեսական է: Ինչպես գիտենք, մարտի 31-ին Թուրքիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Այս առումով Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է Թուրքիայի որոշ շրջաններում ներկայություն ունենալը և արտաքին քաղաքականության տեսանկյունից էական նշանակություն ունեցող շրջաններում նպատակահարմար անձանց ընտրվելու պարագայում շարունակել և ապահովել սերտ համագործակցությունը:

Դա, իհարկե, պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ այն, որ Իգդիրի և Կարսի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, իսկ Կարսի ներկայիս քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան (2014թ. ցայսօր) ադրբեջանցի է` ընտրված MHP-ից: Նկատենք, որ Քարաչանթան թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգացնելու համար հիմնել է «Կարսի Ադրբեջանի մշակույթի և համերաշխության միությունը» և ստանձնել միության ղեկավարի պաշտոնը:

Մի հանգամանք ևս. Ադրբեջանի համար Կարսի և Իգդիրի շրջանները ռազմավարական ու քաղաքական լուրջ նշանակություն ունեն Հայաստանին շրջափակված պահելու տեսակյունից:

MHP-ն Իգդիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրել լրագրող Իսա Յաշար Թեզելին, իսկ Կարսի քաղաքապետի թեկնածուն գործարար և մանկավարժ Չեթին Նազիքն է: Նշենք, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում դաշինք է կազմել MHP-ի հետ և հայտնել, որ այն շրջաններում, որտեղ չի առաջադրվի AKP-ի թեկնածու, իրենք կսատարեն MHP-ի թեկնածուներին: Ուստի կարելի է ենթադրել, որ Ալիևի հորդորն Էրդողանն ընդունել է:

Էլեն Քոքչյան

Ermenihaber.am





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: