Հայերեն   English   Русский  

Նազարբաևի հրաժարականը՝ աննախադեպ քայլ և նախադեպ Կենտրոնական Ասիայի երկրների համար


  
դիտումներ: 330

Որքան սպասելի, նույնքան էլ կանխատեսելի վերջին զարգացումների ֆոնին․ այսպես կարելի է բնորոշել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը։

30 տարի երկիրը ղեկավարելուց հետո նա ինքնակամ հեռանում է պաշտոնից՝ ստեղծելով նախադեպ Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Փորձագետների կարծիքով՝ եթե Ղազախստանում իշխանության խաղաղ փոխանցումը հաջողվի, դա կարող է նախադեպային ազդակ լինել միջինասիական առաջնորդների համար, որ պաշտոնաթողությունը չի նշանակում ազդեցիկ դիրքի կորուստ կամ վրեժխնդրության վտանգ ընտանիքի անդամների նկատմամբ։

Հրաժարականի պատճառները

Նազարբաևն ինքը որևէ կերպ չի մեկնաբանել իր որոշումը։ Փորձագետներն, իրենց հերթին, նրա քայլը մեկնաբանում են գիտակցությամբ, որ ոչ ոք հավերժ չէ։ Նշվում է, որ հարևան Թուրքմենստանում և Ուզբեկստանում դիկտարորների մահվանից հետո իշխանության համար պայքարը, երկրում տեղի ունեցած ցնցումները, ինչպես նաև նախկին նախագահների ընտանիքի դիրքերի և ազդեցության թուլացումը ազդակ են դարձել Նազարբաևի համար, որպեսզի փորձի իրենից հետո ապահովագրել իր ընտանիքի և մերձավոր շրջապատի, քաղաքական թիմի կայունությունը և շարունակականությունը։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան նազարբաևի հրաժարականը քաղաքականապես գրագետ քայլ էր․ այսպիսին է ՌԴ Ժամանակակից պետության զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովի կարծիքը։

Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականն այնքան էլ անակնկալ չէր․ տևական ժամանակ է, խոսվում էր, որ Ղազախստանում այս տարի կարող է իշխանության փոխանցում տեղի ունենալ։ Վերջին ամիսներին նաև ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթացել։

«Գրագետ քաղաքական քայլ էր։ Մի կողմ քաշվելով՝ նա կկարողանա հանգիստ, էլիտայի համար առանց ցնցումների,վերահսկել իշխանության փոխանցումը և կառավարման նոր ձևերի հաստատումը»,- ասում է նա և հավելում, որ այսպիսով Ղազախստանում փորձում են խուսափել Ուզբեկստանում և Թուրքմենստանում տեղի ունեցած զարգացումներից։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքով՝ հրաժարականի որոշումը չի նշանակում, որ Նազարբաևը թողնում է իշխանությունը։ Անվտանգության խորհրդի նախագահը, որի պաշտոնը զբաղեցնելու է Նազարբաևը, ունի նախագահից ոչ պակաս լիազորություններ։ Սա նշանակում է, որ փաստացի երկրի ղեկավարման լծակները մնալու են նրա ձեռքում։

Իսկ նման քայլի դրդապատճառներն, ըստ մասնագետի, այն է, որ անհրաժեշտ է առանց ցնցումների իշխանության փոխանցում իրականացնել․ չէ որ ոչ մեկը հավերժ չէ, և Նազարբաևն էլ դա գիտակցում է։

Մասնագետները նաև կանխատեսում են, որ Ղազախստանի արտաքին քաղաքականությունում առաջիկայում փոփոխություններ տեղի չեն ունենա։ Նազարբաևը հավասարակշռված ու ջերմ հարաբերություններ է ստեղծել երեք գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի հետ և անկախ նրանից, թե ով կլինի նոր նախագահը, փորձելու է պահպանել այդ կապիտալը։

Նազարբաևը հեռացել է, բայց միայն թվացյալ

Նազարբաև

78-ամյա Նուրսուլթան Նազարբաևը նախկին ԽՍՀՄ տարածքում վերջին ղեկավարն էր, որ երկրի ղեկին էր դեռ խորհրդային տարիներից սկսած։ 1989-ին նա դարձել է Ղազախստանի Կոմկուսի առաջին քարտուղարը։ 1990-ից եղել է Ղազախստանի Գերագույն խորհրդի նախագահը, 1991-ին հաղթել է տեղի ունեցած նախագահական ընտրություններում՝ լինելով աթոռի համար պայքարող միակ թեկնածուն։ 2007-ին Ղազախստանի խորհրդարանը երկրի առաջին նախագահի համար բացառություն արեց՝ ճանաչելով անվերժ առաջադրվելու և վերընտրվելու, այն է՝ ցմահ պաշտոնավարելու նրա իրավունքը։ 2010-ին նա ստացել է «ժողովրդի հայր» կամ «ժողովրդի առաջնորդ» տիտղոսը։ Իր կենդանության օրոք Նազարբաևին կանգնեցվել են բազմաթիվ հուշարձաններ, նրա անունով է կոչվում պոտողա Ալմա-Աթիում։

Վերջին՝ 5-րդ անգամ Նազարբաևը վերընտրվել էր 2015-ին։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների 97 տոկոսից ավելին։ Նրա պաշտոնավարման ժամկետը մինչև 2020-ն էր։ Վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխություններն ավելի ու ավելի հաճախ էին հարցեր առաջացնում՝ արդյոք Նազարբաևը պատրաստվում է վայր դնել նախագահի լիազորությունները։ Այսպես, 2017-ին նա մի շարք օրենսդրական նախաձեռնություններով սահմանափակել է նախագահի լիազորությունները։ Ճիշտ է, դրանք իր պաշտոնավարման օրոք չեն գործել և ուժի մեջ կմտնեն միայն իր իրավահաջորդի պաշտոնավարման ժամանակ։ Օրինակ, այսուհետ նախագահը հաշվետու կլինի կառավարության առջև։ Իսկ Խորհրդարանում Նազարբաևի կուսակցությունն ունի մեծամասնություն։ Սա նշանակում է, որ ամեն լուրջ որոշում կայացնելուց առաջ նոր նախագահը ստիպված է լինելու խորհրդակցել Նազարբաևի հետ։

Դրան զուգահեռ, այս տարվա փետրվարին նա խնդրել էր Սահմանադրական խորհրդին հստակեցնել, թե ինչ կլինի, եթե նախագահը վայր դնի իր լիազորությունները։

Ավելին, նա այս ամենին զուգահեռ հզորացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի դիրքերը և անգամ օրենքով սահմանել, որ խորհրդի քարտուղար կարող է դառնալ երկրի առաջին նախագահը։ Արդյունքում, իր հրաժարականից հետո նա ցմահ կարող է զբաղեցնել Ղազախստանի անվտանգության քարտուղարի պաշտոնը՝ ունենալով առնվազն նախագահին հավասար լիազորություններ։ Այսպես, Անվտանգության խորհուրդը պատասխանատու է անվտանգության ոլորտում պետական քաղաքականության համար, երկրի պաշտպանունակության համար, ինչպես նաև համակարգելու է պետական կառույցների գործունեությունն այդ ուղղություններով։

Չնայած հրաժարականին՝ Նազարբաևը կմնա նաև իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարը։

Ո՞վ է նոր նախագահը

Քասիմ Ժոմարտ Տոկաև

Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան կամ պաշտոնը ժամկետից շուտ վայր դնելու դեպքում նրան այդ պաշտոնում պետք է փոխարինի խորհրդարանի խոսնակը՝ պաշտոնավարելով մինչև սահմանված ժամկետի ավարտը։ Այսպիսով, Նազարբաևին նախագահի պաշտոնում մինչև 2020թ․ փոխարինելու է Խորհրդարանի խոսնակ Քասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենան նախագահական ընտրություններ։

66-ամյա այս գործիչը քաղաքական գիտությունների դոկտոր է և միջազգային հարաբերություններին նվիրված մի շարք գրքերի և գիտական հոդվածների հեղինակ։ Նա անկախությունից ի վեր մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանում՝ եղել է դեսպան, ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳ նախարար, փոխվարչապետ, վարչապետ։ Եղել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը։ 2017-ից ի վեր նա խորհրդարանի ղեկավարն է։

Ղազախստանի նորանշանակ նախագահի առաջին քայլերից մեկը եղել է երկրի մայրաքաղաքի անվանափոխությունը։ Այսուհետ Աստանան կկոչվի Նուրսուլթան՝ ի պատիվ երկրի առաջին նախագահի։

«Անհրաժեշտ եմ համարում անմահացնել մեր մեծն ժամանակակցի և Ղազախստանի Հանրապետութան առաջին նախագահի անունը»,- ասել է նա որպես անվանափոխության հիմնավորում։

Նախագահն առաջարկել է նաև Նազարբաևի անունով կոչել մարզկենտրոնների կենտրոնական փողոցները։ Նա նաև հիշեցրել է, որ Նազարբաևը կա և կմա երկրի միակ «ժողովրդի հայրը»։

Ո՞վ է լինելու Նազարբաևի ժառանգորդը

Չնայած հանգամանքին, որ Տոկաևն է նշանակվել նախագահ, փորձագետները չեն շտապում նրան անվանել Նազարբաևի ժառանգորդ։ Նշում են, որ այս հարցում հստակության համար ժամանակ է հարկավոր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: