Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» շարժման աջակիցների թիվը նվազել է վերջին ցույցից հետո


​Ըստ Elabe սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքների՝ շարմանն աջակցում է հարցվածների 53 տոկոսը, իսկ մի շաբաթ առաջ նրանց մասնաբաժինը ընդհանուր հարցվածների թվում կազմում էր 61 տոկոս:


  
դիտումներ: 190

Ֆրանսիացիների կեսից քիչ ավելին առաջվա պես աջակցություն է հայտնում «Դեղին ժիլետների» շարժմանը, որի ներկայացուցիչները նոյեմբերից ի վեր բողոքի ցույցեր են անում ամեն շաբաթ օր: Սակայն, համաձայն Elabe սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքների, որ անցկացվել է BFM հեռուստակայանի պատվերով, բնակչության համակրանքի մակարդակը նկատելիորեն նվազել է վերջին շաբաթ օրը Փարիզում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Հարցումը կատարվել է համացանցով մարտի 18-19-ը 18-ից բարձր տարիքի 1 հազար մարդկանց շրջանում:

Այժմ շարժմանը զորակցում է հարցվածների 53 տոկոսը, մի շաբաթ առաջ՝ 61 տոկոսը: Ֆրանսիացիների 70 տոկոսը միաժամանակ ընդունում է, որ շարժումը հեռացել է իր սկզբնական պահանջներից ( հարկերի նվազում և կենսամակարդակի բարձրացում) և հիմնականում սևեռվել է քաղաքական կարգախոսների վրա:

Ցույցերի ընթացքում բռնությունը դատապարտողների թիվը, համեմատած նախորդ շաբաթվա հետ, մեծացել է մինչև 84 տոկոս (6 տոկոսային կետով), իսկ նրանց թիվը, ովքեր դատապարտում են առհասարակ շարժումը, մեծացել է 7 տոկոսային կետով՝ մինչև 35 տոկոս: Նշվում է, որ շարժումից հիասթափվածները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են (առաջին անգամ աջակցության մակարդակը 50 տոկոսից պակաս է) և թոշակառուները:

Եվս մի հարցախույզ, որ հրապարակել է այսօր Viavoice սոցիոլոգիական ծառայությունը, վկայում է, որ քաղաքացիները ընդհանուր առմամբ դրական են ընկալել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած ազգային բանավեճերը: Այժմ հարցվածները հույս ունեն, որ իշխանությունն ավելի հաճախ կդիմի ժողովրդին տարբեր պետական կարևորություն ունեցող հարցերի կապակցությամբ: Մասնավորապես, 72 տոկոսը հանդես է եկել խոշոր շինարարական նախագծերի կամ «տեղական քաղաքականության փոփոխությունների» վերաբերյալ պարտադիր հարցումներ անցկացնելու օգտին, քիչ նվազ չափով անձինք էլ հավանություն են տվել այդ գաղափարին ազգային մակարդակով: Խորհրդատվությունների եղանակը՝ համացանցը կամ հարցաթերթիկները, դեր չի խաղում, 71 տոկոսը համաձայն է ե՛ մեկին, թե՛ մյուսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: