Հայերեն   English   Русский  

​«Լույսի մոլորակ»-ը սպասում է բոլորին


  
դիտումներ: 211

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում, երբ թվում է թե տեղեկատվության պակաս չկա, շատերն են դառնում ապատեղեկատվության կամ սխալ ինֆորմացիայի զոհ՝

այդ թվում նաև ապագա ծնողները, ովքեր փորձում են երեխաների դաստիարակության և խնամքի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր փնտրել համացանցում: Խնդրով մտահոգված մի շարք կազմակերպություններ միասին մարտի 23-ին «Երևան էքսպո» կենտրոնում կազմակերպել են «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան ինտերակտիվ կոնֆերանս-ցուցահանդեսը: Կոնֆերանսը անցկացվելու է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո: Ըստ միջոցառման կազմակերպիչ Մարիաննա Գալստյանի միջոցառումը իր բովանդակությամբ և ձևաչափով տարբերվում է կոնֆերանսներից, քանի որ այն ավելի շատ միջավայր է ինտերակտիվ շփման համար: Կոնֆերանսի նպատակն է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը: Մասնակիցները հնարավորություն կունենան շփվել և մասնագիտական խորհրդատվություն ստանալ անմիջապես մասնագետներից:

«Կոնֆերանսը մեկ օրյա է և 2 հարթակից է կազմված լինելու: Մի մասում մեր գործընկերները՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ Առողջապահության նախարարության, Նեոնտալ բժշկության հայկական ասոցիցիայի և Վորլդ Վիժն Հայաստանիմասնագետները հանդիպումներ են ունենալու ծնողների և ընդհանրապես այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են երեխաների հետ: Քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ սկսած երեխաներին կրծքով կերակրելուց մինչև հոգեբանական բռնություն, հաջողակ փոքրիկ մեծացնելու գաղտնիքները, անգամ հայրիկների համար է խորհրդատվություն լինելու: Միջոցառման մյուս հարթակը նախատեսված է հենց երեխաների համար: 0-14 տարեկան երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր խաղերի, ռոբոտաշինության, նկարչության բաց դասերի, ներկայացումների և մի շարք այլ հետաքրքրաշարժ միջոցառումների, որոնք անվճար են լինելու բոլորի համար»,- ասաց Մարիաննա Գալստյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը ասաց, որ կոնֆերանսը նախատեսված է բոլորի համար՝ այդ թվում նաև անվճարունակ խավի, քանի որ նրանց համար հնարավուրթյուն է անվճար ստանալ ստուգված և մասնագիտական ինֆորմացիա՝ մոր և մանկան խնամքի, ֆիզիակական և հոգեկան առողջության վերաբերյալ:

«Երբ 41 աստիճան ջերմություն ունեցող երեխայի ծնողը սոցցանցերի օգտատերերից է հարցնում, թե ինչ պետք է անել և նրան խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր խոտաբույսեր, դեղեր, սա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մեր նպատակը հանրությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն ու նրանց հուզող հարցերին պատասխանելն է»,- հավելեց Գայանե Ղազարյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշում է, որ իրենց մասնակցությունը այս կոնֆերանսին և ընդհանրապես իրենց գործունեությունը Հայաստանում նպատակ ունի ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հղիություն կլինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ կլինի անվտանգ և ապահով, յուրաքանչյուր դեռահաս և երիտասարդ կկարողանա օգտագործել իր պոտենցիալը, և յուրաքանչյուր տարեց կարժանանա հարգանքի:

Միջոցառման կազմակերպիչները կոչ արեցին մարտի 23-ին առավոտյան ժամը 10:00-ից մինչև 19:00-ն ներկա գտնվել կոնֆերանսին և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա: Ըստ նրանց պետք է ամեն ինչ անել, որ կոնֆերանսը շարունակական լինի և անցկացվի նաև մարզերում:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: