Հայերեն   English   Русский  

​«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական կինոնախագիծը ստացավ Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը


  
դիտումներ: 880

Բուխարեստում՝ մարտի 12-16-ը, կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը

(պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։

Այս մասին հայտնեց Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը։ Նրա խոսքերով, անդամակցությունից ի վեր (2016թ․) «Ավրորայի լուսաբացը» առաջին հայկական մեծամասնական (majority) կինոնախագիծն է, որը ֆինասավորվում է Եվրիմաժի կողմից (գումարի մեծ մասը տրվում է հայկական կողմին)։

«Բարս Մեդիա» ընկերության նախագիծը գնահատվել է 10 միավոր, որը Եվրիմաժի գնահատման սանդղակի ամենաբարձր նիշն է։Սուսաննա Հարությունյանը նշեց, որ չափազանց գրագետ, աշխատված ու լավ կազմված նախագիծ էր ներկայացված կինոընկերության կողմից, ինչը ևս շատ կարևոր է նախագծերի դիտարկման ընթացքում։ «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծ է՝ գերմանական Gebruder Beetz կինոարտադրող ընկերության հետ (պրոդյուսեր`Christian Beetz), որը ապահովելու է նախագծի բյուջեի 27,15%-ը։

«Բարս Մեդիա» ընկերության նախագծին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝45 մլն դրամ ։ 2016 թվականին նախագծի զարգացման համար աջակցություն է տվել նաև «Ոսկե Ծիրանի» Հայ-թուրքական կինոպլատֆորմը՝ 2,4 մլն դրամ։ Նախագծին մեծապես աջակցել է Զորյան ինստիտուտը (Կանադա)՝ տրամադրելով արխիվային նյութեր։

Ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը ։ 14- ամյա դեռատի աղջիկը երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել: Նրա վարձատրությունը գումարը կամ պատիվը չէր, ինչին սովոր են Հոլիվուդյան աստղերը, նրա վարձատրությունը հայ ժողովրդի դաժան ճակատագրի լուսաբանումն էր, դեռ ընթացող ցեղասպանության կանխարգելումը… Արշալույսի ջանքերով միլիոնավոր դոլարների հանգանակություն հավաքվեց հանուն հայ որբերի, և համայն աշխարհն իմացավ հայ ազգի դեռ ընթացող ցեղասպանության մասին: Ցավոք, ժամանակի և գերպետությունների քաղաքական հետաքրքրությունների փոփոխության արդյունքում թե՛ «Հոգիների աճուրդ» ֆիլմը, և թե՛ Արշալույսը ինքը մոռացության մատնվեցին։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կպատմի Արշալույս Մարտիկանյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:

Ընդհանուր առմամբ, Եվրիմաժի բուխարեստյան նստաշրջանին ներկայացված 47 ֆիլմերի նախագծերից համատեղ արտադրության աջակցություն են ստացել 18-ը (15-ը՝ խաղարկային, 2-ը՝ վավերագրական, 1-ը անիմացիոն)։ Այս նստաշրջանի ընդհանուր գումարը 4 մլն 397 հազար եվրո է եղել։

Հայաստանի ազգային կինոկենտրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: