Հայերեն   English   Русский  

​«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի


` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին


  
դիտումներ: 129

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ԷկոԼուրն ուղարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Տվյալ գործով դատավարությունը տեղ ունեցավ սույն թվականի մարտի 11-ին: Դիմումը ներկայացրեց Հայակական բնապահպանական ճակատի անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության նախկին անդամ Աննա Շահնազարյանը` նշելով, որ 2007 թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների անդամ «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունը (իսկ հետագայում «Թեղուտ» ՓԲԸ-ն) թույլտվություն ստացավ` Լալվարի անտառների զգալի մասը ոչնչացնելու և տեղում 25 տարով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու ծրագիրն իրականացնելու համար`

  • հաշվի չառնելով շրջակա միջավայրի վրա աղետալի հետևանքների ներգործությունը
  • խախտելով ՀՀ Սահմանադրությունը, վավերացված կոնվենցիաները, ինչպես նաև բազմաթիվ միջազգային և ներպետական իրավական ակտերը
  • հաշվի չառնելով հանրության կարծիքը` ազգային հարստության սեփականացման ու անխնա թալանի հարցում
  • խախտելով գյուղացիների գույքային իրավունքները, ինչը հանգեցրեց խիստ անհամաչ փոխհատուցման, և ինչը 2018թ. դրությամբ ճանաչվել է որպես իրավունքների խախտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
  • Որպես տուժողներ հանդես եկան Շնող համայնքի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը, Շնողի բնակիչներ Լևոն Ալիխանյանը, Արայիկ Բաբայանը, Թեղուտ բնակավայրի բնակիչ Ռայա Մելքոնյանը: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը ներկայացրեց պաշտոնական դիրքորոշումը: Որպես վկաներ հանդես եկան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Անի Խաչատրյանը և Լևոն Գալստյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Իր փորձագիտական գնահատականը ներկայացրեց ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

    Բնապահպանական հանրային դատարանը` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյան, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան կազմով վճռեց.

    «1. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

    2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ Արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, Պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ Լոռու մարզպետին, ՀՀ դատական մարմիններին, ինչպես նաև «Արմենիան քափըր Փրոգրամ», «Թեղուտ», «Մանես-Վալլեքս» ընկերություններին, ՎՏԲ բանկին:

    3. Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և ընկերությունների այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը:

    4. Դիմել ՀՀ Դատախազություն`

    - Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման անօրինական թույլտվություններ տրամադրած և անօրինական հանքարդյունահանում իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:

    5. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.

  • Իրականացնել համալիր՝ ֆինանսական, փաստաթղթային, տեխնիկական աուդիտ «Թեղուտ» ՓԲԸ-ում, «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ում, «Վալլեքս» խմբի ընկերություններում և հրապարակել արդյունքները:
  • Բացահայտել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեջ ներգրավված բոլոր կառույցների ֆինանսական գործարքների իրավաչափությունը:
  • Ստուգել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1279-Ն որոշման օրինականությունը:
  • Ստուգել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1279-Ն որոշման հիման վրա ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կատարած գործողությունների օրինականությունը, ինչպես նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի իրականացրած գործողությունների օրինականությունը:
  • Ճանաչել «Թեղուտ» ՓԲԸ-ին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցումներ տրամադրել տուժած բնակիչներին:
  • Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու` հաշվի առնելով հանրային մասնակցության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի դիտողությունները և համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N.1325 – Ն որոշման մեջ:
  • Հանձնարարել.

    ՀՀ կառավարության Բնապահպանության և ընդերքի տեսչությանը.

  • Իրականացնել համալիր ստուգում «Թեղուտ» ՓԲԸ-ում և հրապարակել ստուգման արդյունքները
  • Արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը` ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացության բացակայության հիմքով
  • Պատասխանատվության ենթարկել բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց
  • ՀՀ բնապահպանության նախարարությանը.

    Հետագա աղետների կանխման և կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 10-ի N 22-Ն որոշման պահանջներին համապատասխան, հանքի փակման ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնել մշտադիտարկումներ պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխության, դրենաժային ջրերի առաջացման, օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով։

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը

  • Անվավեր ճանաչել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017թ. մայիսի 26-ին տրված թիվ 560-1 փորձագիտական դրական եզրակացության համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:
  • Պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին /իրավահաջորդ` ՎՏԲ բանկին/` ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելու պոչամբարի հետագա շահագործման կամ կոնսերվացման համար նոր նախագծային փաթեթ, ներառյալ նոր անվտանգության վկայագիրը, անցկացնելով նոր փորձաքննություն` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:
  • Վերահսկողություն իրականացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի անվտանգության ապահովման նպատակով:
  • ՀՀ Առողջապահության նախարարությանը.

  • Հիմք ընդունել միջազային և տեղական մասնագիտական հետազոտական ինստիտուտների կողմից կատարված հետազոտությունները Լոռու մարզի Շնող համայնքի և հարող տարացքների հողերի, ջրերի և կենսանյութերի վերաբերյալ, և կիրառել անհրաժետ միջոցարումներ տեղական բնակչության արղջապահության ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
  • Ուսումնասիրություններ կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ և արդյունքները հրապարակել:
  • Իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված սանիտարահիգիենիկ փորձաքննություն:
  • Միջոցներ ձեռնարկել կանխելու հանքավայրի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա և ապահովելու մարդկանց առողջության պաշտպանությունը:
  • ՀՀ արդարադատության նախարարությանը.

    Միջնորդություն ներկայացնել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ` «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ Թեղուտի բնակիչների հայցերով անօրինական դատական ակտեր կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար /հիմք ՄԻԵԴ-ի վճիռները/, բռնագանձելով իրենցից ՄԻԵԴ-ի վճիռներով սահմանված գումարները:

    ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին.

    Ստուգել «Թեղուտ» ՓԲԸ-ին հատկացված հողերի կատեգորիայի, չափերի և այլ տվյալների հավաստիությունը:

    Պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին.

  • Վերականգնել խախտված տարածքները
  • Տնկել հատված անտառի կրկնապատիկը և պատշաճ խնամք ապահովել
  • Իրականացնել Թեղուտի պոչամբարի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
  • Փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց
  • Բացառել արտադրական և հանքային արտահոսքերը մակերևութային և ստորգետնյա ջրահավաք ավազան, հողերի աղտոտումը ծանր մետաղներով
  • Պահպանել ջրի շրջանառու փակ համակարգի ռեժիմը»:
  • «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճռի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://ecolur.org/files/uploads/2019/COURT%20DECISION%202019/publicenvironmentalcourtteghutfinal11032019.pdf :

    21.03.2019թ.





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: