Հայերեն   English   Русский  

«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյանի հարցազրույցը Regnum-ին


  
դիտումներ: 322

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Նա նշել է, որ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Երևանի և Բաքվի միջև հանդիպումների որոշակի ինտենսիվացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կողմերը ցանկանում են ծանոթանալ մեկը մյուսի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին, հայտնում է Tert.am-ը:


Խոսելով բանակցային գործընթացում արցախյան կողմի ներգրավման հավանականության մասին՝ արտգործնախարարն ասել է. «Նախևառաջ պետք է նշել, որ բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտը նույն մոտեցումներն ունեն: Միևնույն ժամանակ, խոսելով Արցախի Հանրապետության՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին, մենք ելնում ենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունից: Եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Մայիլյանի կարծիքով՝ բանակցային եռակողմ ձևաչափի բանաձևը բավական պարզ է. կողմերից յուրաքանչյուրն ուղղակիորեն ներկայացնում է իր շահերն ու քննարկում իր իրավասությունների տիրույթում գտնվող հարցերը:

«Այս ձևաչափի վրա էլ կարող է հիմնվել բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության գործընթացը: Ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանը մտադիր չէ Ստեփանակերտի մասնակցությունը որպես նախապայման դնել, սակայն միևնույն ժամանակ բանակցությունները վարելու է միայն իր անունից: Սա նշանակում է, որ բացառապես Արցախի Հանրապետության իրավասությունների և լիազորությունների շրջանակում գտնվող հարցերը չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով: Նման մոտեցումն օբյետիվ է ու, մեր կարծիքով, կարող է դառնալ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մեխանիզմներից մեկը»,-նշել է պաշտոնյան:

Հարցազրույցի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը նաև անդրադարձել է տարածքային զիջումների թեմային:

«Քանի որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի՝ հիմնախնդրի՝ տարածքային զիջումների հիման վրա լուծման հնարավոր ուղիներ գտնելն անհեռանկարային է ու չի արտացոլում հակամարտության էությունը: Այն փաստը, որ 1988թ., երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը գտնվում էին Բաքվի վերահսկողության ներքո, վկայում է այն մասին, որ այս հակամարտությունը տարածքային վեճ չէ: Այսինքն՝ չնայած, որ այդ տարածքները վերահսկում էր ադրբեջանական կողմը, այնուհանդերձ՝ հակամարտություն կար: Հետևաբար, անտրամաբանական է ենթադրել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորման: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ այդպիսի առաջարկներն ուղղակիորեն վերաբերում են Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի համար «կարմիր գծերից» մեկը համարվող անվտանգության հարցին: Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհն է, ինչը վտանգի տակ կդնի բնիկ ժողովրդի գոյությունն իր պատմական հայրենիքում»,-ասել է Մայիլյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հասկացվում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի գրավումը:

Մայիլյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել ու չհեշտացնել նրա՝ դեպի ռազմավարական նպատակ տանող ճանապարհը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: