Հայերեն   English   Русский  

​Ռուզան Ղազարյան․ մարզի դեսպանը Հանրային խորհրդում


  
դիտումներ: 3121

Ռուզան Ղազարյանը մարզի միակ ներկայացուցիչն է Հանրային խորհրդի նոր կազմում։ Նա Վայոց ձորից է, ծնվել և ապրում է Վայքում։

Հանրային խորհրդի գործունեությանը Ռուզան Ղազարյանը հետևել է հիմնադրման օրվանից։ Անգամ սկզբնավորման փուլում առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են։

-Շատ եմ կարևորում Հանրային խորհրդի դերը որպես այլընտրանքային խորհրդարան։ Պարզապես պետք է խորհրդի դերն ավելի մեծանա, կառավարության հետ շփումներն ավելանան, կարևոր որոշումներից առաջ պետք է հաշվի առնվեն Հանրային խորհրդի առաջարկները, դիրքորոշումը։ Հանրային խորհրդում հավաքված են մարդիկ, որոնք հավակնություն չունեն պաշտոններ զբաղեցնելու, աշխատավարձ չեն ստանում, որևէ ակնկալիք չունեն, բայց ունեն փորձ, գիտելիքներ, կարողություն, սեր իրենց երկրի հանդեպ և ուզում են ներդնել այդ ամենը։ Կառավարությունը պետք է դա գնահատի, և պետք է միմյանց փոխլրացնելով նպաստենք մեր պետության հզորացմանը։

Լինելով մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, երկար տարիներ՝ Վայքի հիվանդանոցի բջջաբան-ցիտոլոգ՝ 1990-ականներին, երբ Հայաստանում ակտիվորեն հիմնադրվում էին հասարակական կազմակերպություններ և զարգանում էր քաղաքացիական հասարակությունը, Ռուզան Ղազարյանը հիմնովին փոխում է գործունեության ոլորտը և մտնում հասարակական ակտիվ դաշտ՝ իր ջանքերն ու կարողությունները ուղղելով մարզի զարգացմանը։

2001 թվականին մի խումբ համախոհ-ընկերներով հիմնում են «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է մինչ օրս։

Սկզբում կազմակերպության հիմնական ուղղությունը մարզում զբաղվածության աջակցությունն էր, արտագաղթի կանխումը, հետագայում ծրագրերն ընդլայնվեցին, բայց նպատակը մեկն է՝ զարգացնել ու վերափոխել մարզն ու գյուղը։

-Անկախությունից հետո տեղի ունեցած մեծ փոփոխություններին մենք սկզբում կարծես անպատրաստ էինք, ինչ-որ բան մեզ չէր բավարարում ինտերգրվելու նոր իրավիճակին։ Կա՛մ մենք պետք է վերափոխեինք մեր մտածողությունը, կա՛մ պետք է համակերպվեինք աղքատության հետ, մեկուսանայինք։ Մտածողության ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ մեր կյանքն այլևս մեզանից է կախված, և ընտրությունը մերն է։

Ռուզան Ղազարյան

Առաջին լուրջ ծրագիրը, որ կազմակերպությունը սկսեց մարզում իրականացնել, տուրիզմի զարգացմանն էր ուղղված։

-Մարզի հեղինակավոր մարդկանցից ստեղծեցինք խորհուրդ և մշակեցինք մարզում տուրիզմի զարգացման ռազմավարություն։ Նախ սկսեցինք տեղեկություններ հավաքել մարզի պատմամշակութային հուշարձանների, տուրիզմի համար գրավիչ վայրերի վերաբերյալ։ Դա 2003-2004 թվականն էր։ Հավաքագրված տեղեկատվության հիման վրա կազմեցինք «Վայոց ձոր» տուրիստական գիդ-ուղեցույցը։ Այն ժամանակ նման բաները նույնիսկ ամբողջ Հայաստանում շատ քիչ էին։ Կապեր ստեղծեցինք տուրիստական կազմակերպությունների, ոլորտի մասնագետների հետ և այդ ամենի արդյունքում հիմնեցինք Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն, որտեղ հետագայում սկսեց գործել նաև «Վայք» հյուրանոցը։

Անկախությունից հետո դա Վայքի առաջին հյուրանոցն էր, որի ստեղծումը վարակիչ էր։ Հետո ստեղծվեց երկրորդը, երրորդը, հարակից տարածքներում բացվեցին ռեստորաններ, խանութներ, սպասարկման այլ կենտրոններ։

-Մեր և մյուս հյուրանոցների միջև մրցակցություն չկա, կա համագործակցություն, մենք մեկս մյուսին օգնում ենք, որպեսզի նաև այդ մշակույթը մտնի մեր միջավայր։

Կազմակերպության կարևոր ծրագրերից մեկն էլ ագրոէկոտուրզմի զարգացումն էր՝ որպես գյուղական համայնքների զարգացման միջոց։

-Ժամանակն էր, որպեսզի գյուղերը նույնպես ներգրավեինք այդ պրոցեսի մեջ։ Քանի դեռ տուրիզմը չի մտել համայնքներ, այն չի կարող էական տնտեսական ազդեցություն ունենալ։ Ցավոք, Հայաստանում տուրիզմի կառուցվածքը առանցքային է, այսինքն մայրուղիով ավտոբուսը գնում է, տորիստներն իջնում են, եկեղեցի են մտնում, ասենք՝ Նորավանք, Խոր Վիրապ կամ Տաթև ու վերադառնում։ Իսկ ի՞նչ են շահում հարակից գյուղերի բնակիչները։ Ոչինչ։ Շատ տուրիստական ընկերություններ այնպես են կազմակերպում իրենց գործունեությունը, որ զրկում են տուրիստին անգամ տվյալ բնակավայրի բարիքներից, օգտվելու հնարավորությունից, համեղ խոհանոցից։ Հետները «լանչ բոքսերով» սնունդ են բերում, իսկ մեզ մնում է միայն այդ պլաստիկե աղբը։

Տուրիստը պետք է մտնի գյուղ, օգտվի գյուղացու մթերքից, ձիավարությամբ զբաղվի, կառք նստի, գինի համտեսի, փառատոնների մասնակցի, անգամ գիշերի գյուղում։ Այդ ամենի համար, սակայն, ոչ միայն բավարար ենթակառուցվածքներ, տարրական պայմաններ չկան, այլ նաև մտածելակերպ։

-Մեր համայնքների սանիտարական վիճակը տուրիստներին վանում է։ Էլ չեմ խոսում ճանապարհների, ցուցանակների, ուղեցույցների, գիշերակացի համար անհրաժեշտ պայմանների մասին։

«Աշխատանք և հայրենիք» կազմակերպությունը Վայոց ձորի համայնքների բնակիչների համար ծրագրեր է իրականացնում նաև տուրիզմից օգտվելու հնարավորությունների, մարդկանց մոտիվացնելու, նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ։ Կան հաջողված և վարակիչ օրինակներ։

Գյուղական համայնքներում բազմաթիվ այլ ծրագրեր էլ են իրականացնում՝ սերմերի, տնկիների, գյուղատնտեսական կենդանիների տրամադրում, ոռոգման համակարգի բարելավում, այգիների ցանկապատում, Վայքի արտադասարանական խմբակներ հաճախելու նպատակով գյուղերի երեխաներին տրանսպորտի տրամադրում և այլն։

Ռուզան Ղազարյան

Ծրագրեր են իրականացվում նաև համայնքի բնակչությանը համայնքային կառավարման ոլորտին մասնակից դարձնելու, խնդիրների բարձրացման ու լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու ուղղությամբ։

Խոսելով տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտության մասին՝ զրուցակիցս շեշտում է, որ խնդիրը միշտ եղել է առաջնային, ամրագրվել է կառավարության ծրագրերում ու փաստաթղթերում, բայց արվել են քայլեր, որոնք հակասել են այդ առաջնահերթությանը։

Օրինակ, հիշում է, որ դեռևս նախորդ իշխանությունների օրոք մշակվել էր մի ծրագիր, որով նախատեսվում էր ստեղծել գյուղ Երևանում։

-Պետք է կառուցվեր իբր կոլորիտային մի թաղամաս Երևանում, որտեղ կներկայացվեին Հայաստանի տարբեր գյուղերի մշակույթը, առանձնահատկությունները, խոհանոցը և այլն։ Փաստորեն, զբոսաշրջիկը, որը հատկապես կարճ ժամանակով էր լինելու Հայաստանում, կմտներ այդ «գյուղը», կհամարեր, որ այլևս կարիք չկա տեսնելու իրական գյուղը ու կհեռանար։ Նման ծրագիրն ուղղակի անհեթեթություն է։

Զրուցել ակտիվ կնոջ հետ և չանդրադառնալ հասարակության մեջ կնոջ դերին ու խնդիրներին, անբնական կլինի։

Զրուցակցիս դիրքորոշումն այս առումով հստակ է՝ Հայաստանում կանանց պոտենցիալը լիարժեք չի օգագործվում։

-Դպրոցներում, համալսարաններում լավ սովորողները, գերազանց սովորողները աղջիկներն են, բայց պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ։ Արտագաղթի պայմաններում, երբ մեր մտավոր ներուժը նվազել է, ակտիվ, խելացի կանանց ներուժը չօգտագործելն ուղղակի հանցանք է։ Բայց ես ճիշտ չեմ համարում նաև կանանց մեխանիկական մասնակցությունը պետական ու հանրային կյանքին։ Կադրերի ընտրման սկզբունքը պետք է լինի ըստ արժանիքների, մարդկային և պրոֆեսիոնալ որակների։ Այդ դեպքում հարցն ինքնաբերաբար կլուծվի, դեռ մի բան էլ կանայք միգուցե գերակշռող դառնան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: