Հայերեն   English   Русский  

Արթուր Թովմասյան. «Մենք առաջնորդվում ենք բոլորը մեկի և մեկը բոլորի համար սկզբունքով»


  
դիտումներ: 918

Մարտի 14-ին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնությունում օղակների վրա

հավասարը չունեցավ աշխարհի գավաթակիր, ուսանողական մարզական խաղերի կրկնակի և Հայաստանի բազմակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Հայաստանի առաջնությունն Արթուրի համար անչափ կարևոր էր, նաև յուրօրինակ փորձաքար էր միջազգային կարևոր ստուգատեսերից առաջ: Այժմ Արթուրը Հայաստանի մարմնամարզության հավաքականի հետ Դոհայում մասնակցում է աշխարհի գավաթի մրցումներին և հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը:

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը պատմում է առաջնությունից ստացած տպավորությունների, Դոհայում որակավորման փուլի հաղթահարման մասին՝ նշելով, որ հաջող ելույթները լրացուցիչ վստահություն են հաղորդում հաղորդում:

-Շնորհավորում ենք մրցաշրջանի հաջող մեկնարկի և Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճելու կապակցությամբ:

- Շնորհակալ եմ: Տարվա առաջին մրցումը Հայաստանի առաջնությունն էր: Հավաքականի տղաներով լավ նախապատրաստվել էինք, որպեսզի կարողանանք հաջող ելույթներ ունենալ: Հայաստանի առաջնությունը անչափ կարևոր է, և մենք շատ լուրջ ենք վերաբերում մրցաշարին: Այն կարևոր է նաև, որ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից առաջ ուժերը փորձարկելու համար:

Կարող եմ ասել, որ առաջնությունը հաջող ընթացավ, առանց վնասվածքների, փորձեցինք մեր ուժերը, կատարեցինք այն, ինչ-որ ծրագրել էին մարզիչները: Ժամանակի ընթացքում ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերենք:

Հայաստանի առաջնությունում հաղթանակը միանշանակ ոգևորում է: Հաղթանակը շատ կարևոր է, քանի որ բավական լուրջ պայքարում է անցնում առաջնությունը, մանավանդ նժույգթափերում և օղակներում: Պայքարի ժամանակ հաղթանակը միանշանակ ցանկալի է և ոգևորիչ:

-Այժմ Քաթարում մասնակցում եք աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հաջողությամբ հաղթահարեցիք որակավորման փուլը:

- Ուրախ եմ, որ բոլորս հաղթահարեցինք որակավորման փուլը` անցնելով եզրափակիչ: Մենք լավ ենք տրամդրված ենք, մնում է հաջողությունն ուղեկցի:

Ելույթիցս այնքան էլ գոհ չեմ, որովհետև կարող էի ավելի լավ կատարել վարժությունը, սակայն կարևորն այն է, որ որակավորման փուլը հաղթահարեցի: Կփորձեմ սխալներ թույլ չտալ եզրափակչում:
Քաթարում ամեն բան հրաշալի է: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր հավաքականն այն բացառիկներից է, որտեղ տիրում է ջերմ ու համերաշխ մթնոլորտ: Մենք առաջնորդվում ենք բոլորը մեկի և մեկը բոլորի համար սկզբունքով, միմյանց հաջողություններով ուրախանում ենք ու հպարտանում և քաջալերում ենք իրար ձախողումների ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: