Հայերեն   English   Русский  

​Մյուլլերն արեց իր գործը, Մյուլլերը կարող է հեռանալ. հետաքննությունն ավարտված է


ԱՄՆ հատուկ դատախազի՝ «ռուսական գործով» աշխատանքի արդյունքներով զեկույց է պատրաստվել, որը հանձնվել է արդարադատության նախարարության ղեկավար Ուիլյամ Բարրին:


  
դիտումներ: 178

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է գրեթե երկու տարի տևած քննությունը ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վրա Մոսկվայի ազդեցության վերաբերյալ պնդումների կապակցությամբ: Ինչպես հաղորդեց երեկ արդարադատության նախարարությունը, քննության արդյունքների զեկույցը, որին ուշադիր հետևում էր ամերիկյան հասարակությունը, հանձնվել է այդ գերատեսչության ղեկավար Ուիլյամ Բարրին:

Արդարադատության նախարարը տեղյակ է պահել ամերիկյան օրենսդիրներին, որ սկսել է ծանոթանալ զեկույցին և հավանաբար այս հանգստյան օրերին արդեն կտեղեկացնի նրանց առանցքային եզրակացությունների մասին: Հայտնի չէ՝ Մյուլլերի զեկույցն ամբողջությա՞մբ, թե՞ մասնակիորեն կհրապարակվի: Բարրը հայտնել է, որ խորհրդակցություններ կանցկացնի հատուկ դատախազի հետ, ինչպես նաև իր առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հետ, որն էլ 2017 թ. մայիսին հանձնարարել է Մյուլլերին կատարել տվյալ հետաքննությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այս կողմ է արտահայտվել զեկույցի հրապարակմանը, քանի որ տվյալ քայլը հնարավորություն կտա ամերիկացիներին համոզվելու, որ իր նախընտրական շտաբի և Մոսկվայի ինչ-որ անօրինական կապերի մասին պնդումներն անհիմն են:

Հրապարակմանը կողմ են նաև Թրամփի հիմնական ընդդիմախոսները դեմոկրատների կուսակցությունից: Նրանք պնդում են, որ զեկույցը պետք է հրապարակվի հնարավորինս շուտ և ամբողջությամբ:

Թե ինչ եզրակացություններ է արել Մյուլլերը, առայժմ չի ասվում: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով արդարադատության նախարարությանը, տեղեկացրել են, որ հատուկ դատախազը չի հանձնարարել որևէ նոր մեղադրանք ներկայացնել՝ կապված հետաքննության հետ:

Թե ինչ նշանակություն էր տրվում Միացյալ Նահանգներում Մյուլլերի աշխատանքին, վկայում թեկուզ այն փաստը, որ 2018 թ. դեկտեմբերին The Time ամսագրի հրապարակած վարկանիշով «Տարվա մարդ» կարգավիճակին մոտ մարդկանիցից առաջին տողը գրավել էր Թրամփը, Մյուլլերը՝ երկրորդը: Այժմ հատուկ դատախազը պատրաստվում է դադարեցնել իր աշխատանքը:

Հետաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 30 մարդու, այդ թվում և ռուսաստանցիների, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունների պնդման, նպաստել են ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրությունների ելքի վրա ազդեցություն գործելու փորձերին, մասնավորապես՝ դեմոկրատների դեմ կիբեռգրոհներով: Մյուլլերի հետաքննության գործող անձանց թվում են անձինք, որոնք նախընտրական քարզարշավի ժամանակ եղել են Թրամփի օգնականները: Նրանց թվում են նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը և Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը:

Մյուլլերի աշխատակազմը ստուգումներ է կատարել նաև Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի նկատմամբ: Վերջինս անցել է Թրամփի ընդդիմախոսների կողմը և այժմ պարբերաբար հանդես է գալիս երկրի առաջնորդի խիստ քննադատությամբ:

Առայժմ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք զեկույցում մեղադրանքներ Ռուսաստանի նկատմամբ: Համենայն դեպս մինչ այս Թրամփին մոտ կանգնած անձինք մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե տվյալ քննությունը վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին:

Քաղաքագետները նույնպես նշում են, որ Թրամփի և Ռուսաստանի անօրինական կապերի մասին պնդումները ստիպում են ամերիկյան առաջնորդին հակառուսական միջոցներ կիրառել, որպեսզի ցուցադրի հասարակայնությանը Մոսկվայից որևէ կախվածության բացակայությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: