Հայերեն   English   Русский  

​Անիի համայնքապետն ասում է՝ գործ տվող չէ, բայց ճանապարհներ կփակեն


  
դիտումներ: 688

Մարալիկում ստեղծված իրավիճակի շուրջ Շիրակի մարզպետը օրեր առաջ հանդիպել էլ համայնքապետարանի մուտքը փակող ցուցարարների հետ,

հորդորել բացել դուռը, ինչի ի պատասխան մարզպետի հորդորը կյանքի էր կոչվել, բայց մի պայմանով՝ բոլոր կարող էին վերադառնալ աշխատանքի, բացի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից: Գևորգյանն էլ հայտել է, եթե ինքը չի մտնելու այդ շենք, ուրեմն ոչ մեկ այնտեղ չի աշխատելու և համայնքապետարանի շենքի դռները շարունակում են փակ մնալ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպման էր եկել Արտակ Գևոգյանը իր համախոհների ուղեկցությամբ:

-Էսօր մենք ձեր համայնքում ունենք իրավիճակ, որը պետք է լուծվեր համայնքի մակարդակով, բայց մենք ստացել ենք իրավիճակ, որ համայնքի ղեկավարը, ավագանին, ազգաբնակչությունը հասցրել են փակուղու առաջ և շատ մեծ հարցականի առաջ՝ Անի համայնքի շարունակական զարգացումը:

Մի քանի օր առաջ հակառակ կողմի հետ հանդիպում եմ ունեցել, իրենց մտայնություններն են ներկայացրել, այսօր էլ դուք եք նման ցանկություն հայտնել, ես ուրախ եմ, որ մտահոգությունները հայտնելու նման քաղաքակիրթ ճանապարհ է ընտրվել, - ներկաներին ողջունելով նշեց մարզպետը: Ապա խոսելու հերթը Անի համայնքի ղեկավարինն էր.

-Անի համայնքը, օրեր շարունակ, թեկուզ համայնքապետարանի շենքը փակ լինելով հանդերձ, աշխատակազմն ու վարչական ներկայացուցիչները բարձր մակարդակով կազմակերպում են աշխատանքը: Այնպես որ, այն պրոցեսը, որը ներդրվել է՝ դուռ փակելու, ճանապահ փակելու մեխանիզմով փորձել արգելակել, կանգնեցնել համակարգային գործունեությունը, այլևս իր նպատակային նշանակությունը կորցրել է, և փոքր, էժանագին մեթոդներ են ներկայացնում: Ընդամենը 10-20 անձ հավաքվելով և մտածելով, որ իրենց չկայացած միջավայրը փորձում են նման մեթոդներով կազմակերպել, 24 հազար ազգաբնակչության մեջ շատ չնչին փոքրություն են ներկայացնում:

Արտագ Գևորգյանն ասում է՝ գրությամբ դիմել է մարզպետին՝ իր լիազորությունների շրջանակներում խնդիրը կարգավորելու համար, բայց պատասխան է ստացել, որ դուռ բացելու, ՏԻՄ աշխատանքի անվտանգությունն ապահովելը ոստիկանության հնարավորությունների մեջ, դիմել է նաև այնտեղ, բայց ոչինչ չեն ձեռնարկել:

-Սա արատավոր երևույթ է, ճիշտ սկզբունք չէ, ցանկացած պետական գործչի, ցանկացած մարդու հետ կարող է լինել, որ ունենա 1 չուզող, 2 չուզող, իսկ ովքե՞ր են էնտեղ կանգնողները: Պաշտոնապես հայտարարում եմ, ստորագրահավաքը, որ կատարվել է, բացառապես կեղծիք է, դրա մեջ կան հանցագործության տարրեր: Եթե այս հարցը պիտի ստանա իր պաշտոնական հնչերանգը, հետամուտ եղեք, թե դա որքանով է ճիշտ, - ասում է Գևորգյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպում

-Պարոն Գևորգյան, ձեր ասած փողոցային և այլ մեթոդներով մեր երկրում հաղթահարվեցին շատ խնդիրներ: Ես պիտի խնդրեմ էդ փողոցային-ի մոտեցումը մի թերագնահատեք: Դուք տարել եք 10 հազար ձայն, հիմա ձեր համայնքում 4246 չէ, ենթադրենք 2000 հոգի համաձայն չէ, եթե մերոնք-ձերոնք հասկացությունից դուրս չենք գալիս, մնում ենք պաթոսի տիրույթում և չենք գնում իրար հետ կառուցողական, կամ իրավական տիրույթում առաջ... Դուք ազատ եք դիմել իրավապահ մարմիններին՝ ստուգումներ կատարել այդ ստորագրահավաքի իսկության մասով, բա որ հաստատվի այդ 4000-ն էլ ճիշտ է, պարոն Գևորգյան: Էդ քաղաքացիները ձեր քաղաքացիները չե՞ն: Ինչ, ասենք մենք շատ ենք, ուրեմն ճի՞շտ ենք: Այս հարցին իմ մոտեցումը՝ պետության մոտեցնումն է. էն ժողովրդավարական մեխանիզմները, որոնք կներմուծվեն համայնքներում, այս հարցերի պատասխանները կտան: Այսինքն, ազգաբնակչությունը կստանա հետկանչի մեխանիզմ էն համայնքներում, որտեղ տեսնում է խնդիրներ, - համայնքապետին հակադարձեց մարզպետը:

Համայնքապետի համախոհները՝ համայնքապետարանի աշխատակիցները, վարչական ղեկավարները, ավագանու անդամները, նշում են՝ չեն ուզում համայնքում գնալ առճակատման:

-Մի 6 ամիս առաջ, երբ փորձեցինք մտնել մեր աշխատավայրը, բռնություն կիրառվեց Գևորգյանի նկատմամբ, եղավ քաշքշուկ: Մենք չենք ուզում էդ պրոցեսը կրկնվի, և ամենավատն այն է, պարոն մարզպետ, որ գործում են երկակի ստանդարտներ: Մի համայնքում ղեկավարը կարող է ոստիկանական պատնեշով մտնել համայնքապետարան, բայց մյուսում ոստիկանությունը նետրալ վիճակում է, - մատնանշեց Անիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի պատասխանատուն:

-Այսինքն, ձեզ ձեռք է տալիս, որ ձեր աշխատավայր դուք մտնեք ոստիկանական պատնեշո՞վ, - հարցրեց Շիրակի մարզպետը:

- Ոչ, մենք չենք ուզում լինի առճակատում:
- Մենք պատրաստ ենք լինել առաջինը և մեր համայնքում անցկացվի վստահության հանրաքվե, - ասաց Արտակ Գևորգյանը:

-Պարոն Գևորգյան, որևէ անգամ, որևէ բան շատ բարձր ձևով ապացուցելու հնարավորություն դուք հիմա ունեք, հենց հիմա ունեք այդ հնարավորությունը, հենց հիմա կարող եք հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ տալ, - ասաց մարզպետ Տիգրան Պտրոսյան:

Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով Անի համայնքում ստորագրահավաք էր կազմակերպվել և այն ուղարկվել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Թեև դեռ պատասխան չի եկել, բայց մարզպետի մոտ հանդիպման եկածները նշում են՝ միշտ չէ որ ստորագրողները իմացել են ինչի համար է այն:

- Եկել են մեզ մոտ՝ Սառնաղբյուր գյուղ, մտել տներում հարցրել են՝ ո՞վ է կողմ խոշորացված համայնքից առանձնանալուն, խաբելով ստացել են մարդու ստորագրությունը, կամ մարդը ընդհանրապես չի էլ իմացել ինչի համար է ստորագրում: Խաբել են ժողովրդին, - ասում է Սառնաղբյուրի բնակիչ Գագկ Խաչատրյանը: - Ինչու՞ են 17 գյուղի բնակչի ճակատագրի հետ խաղում, ինչու պիտի մարդը գա հասնի Մարալիկ՝ համայնքապետարանի դուռը փակ լինի:

Մարզպետն հորդորեց համայնքապետին դիմել իրավապահներին, իր թվարկած անօրինականությունների համար, ինչին ի պատասխան Արտակ Գևորգյանը նշեց՝ ես գործ տվող չեմ: Այս արտահայտությունը զայրացրեց մարզպետին, ով Գևորգյանին հիշեցրեց՝ դուք համայնքի ղեկավար եք, բայց չգիտեք երկրում գործող իրավական նորմերը:

Անիի համայնքապետն ու իր կողմնակիցները հայտարարեցին՝ եթե Մարալիկում հավաքվածների քայլերի մեջ անօրինականություն չկա, ապա իրենք ևս նման քայլեր կձեռնարկեն՝ համայնքապետարանի շենքը բացելու համար: Եվ ճանապարհներ կփակեն, և մարզպետարանի մուտքը կփակեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: