Հայերեն   English   Русский  

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնը` Նավրոզը


  
դիտումներ: 352

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները կազմակերպեցին տոնական միջոցառում նվիրված իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնին`

Նավրոզին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը շնորհավորեց քրդական համայնքի ներկայացուցիչներին, նշելով, որ Նավրոզը ամենակարևոր տոներից մեկն է , որը դեռևս գալիս է հեթանոսական շրջանից:

Այսօր ամբողջ աշխարհի քրդերը միասնական խարույկներ են վառում, որտեղ որ ապրում են` իրենց բնակավայրերում, գյուղերում, քաղաքներում , և ամբողջ օրը ուրախանում ու պարում են այդ կրակի բոցերի շուրջը: Հետագայում, երբ սկսվեց քուրդ ժողովրդի պայքարը մեր առաջնորդ Աբդուլահհ Օջալանի գլխավորությամբ Նավրոզը վերաիմաստավորվեց, վերաձևավորվեց և դարձավ քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական շարժում: Թուրքիայում արգելված է Նավրոզ տոնակատարությունը քրդերի համար, սակայն մեր ժողովուրդը ոչ մի բանից չի վախենում` միլիոնավոր քաղաքացի դուրս է եկել և մեծ ցնծությամբ շնորհավորել իրենց ազգային տոնը»,- ընդգծեց Հասանովը:

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը ասաց, որ Նավրոզը նշվում է 2631 տարի և գնալով Նավրոզի կրակը գույն ու երանգ է տալիս քուրդ ժողովրդին:

«Կարծում եմ, որ այս Նավրոզի կրակից շատ բան է կախված` միասնությունը, միաբանությունը, հավատարմությունը , նվիրվածությունը իրենց ժողովրդի հանդեպ: 2631 Նավրոզի կրակը երբևիցե չի մարել և չի մարելու: Նավրոզը պետք է շարունակեն բոլոր ազատատենչ ժողովուրդները»,- եզրափակեց Ամիրյանը:

Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է և ուղերձ հղել քրդական համայնքին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ:

Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին:

Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների և հաջողությունների տարի:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն և հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: