Հայերեն   English   Русский  

Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունն ուղիղ համեմատական է Ղարաբաղի հիդրոանվտանգության խնդրին․ Ստեփանակերտ


  
դիտումներ: 846

Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունն ուղիղ համեմատական է Ղարաբաղի հիդրոանվտանգության խնդրին։

Այս մասին NEWS.am-ին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավաի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Գոլանի բարձունքները Իսրայելի անբաժանելի մասն են հանդիսանում, քանի որ այդ երկրի անվտանգության կարեւոր բաղադրիչն են և ապահովում են կայունությունը տարածաշրջանում, շատ նշանակալի և աննախադեպ հայտարարություն է, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման համատեքստում։ Այստեղ ամեն ինչում սիմվոլիզմ կա։ Նույնիսկ հայտարարությունը արվել է Ջրի միջազգային օրվա նախօրեին, չէ որ Գոլանի բարձունքները առաջին հերթին Իսրայելի հիդրոդոնորն են, որտեղից սկիզբ է առնում Իսրայելի ամենախոշոր աստվածաշնչյան Հորդանան գետը»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ դեռևս Իսրայելի պետության ստեղծումից 50 տարի առաջ հրեական սփյուռքի տարբեր շրջանակներ ընդգծում էին Հորդանանի ակունքների վերահսկողության կարեւորությունը՝ որպես ապագա պետության անվտանգության կարեւոր բաղադրիչ։ «Թրամփը ընդգծել է հենց անվտանգությունը, առանց պատմությանը որևէ հղում կատարելու։ Տվյալ համատեքստում մեզ համար հայտնվում է նույն իմաստով առավել ակտիվորեն Քարվաճառի կարևորությունը առաջ մղելու հզոր հնարավորություն՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ծայրահեղ կարևոր բաղադրիչի տեսանկյունից։ Չէ որ Քարվաճառը, ինչպես և Գոլանի բարձունքները, հիդրոդոնոր տարածաշրջան է՝ դարձյալ առանց պատմությանը և այլ բաղադրիչներին հղման, պարզապես ռազմավարական տեսանկյունից։ Չօգտագործել այս համատեքստում հզոր տերության ուղերձները՝ ուղղակի անթույլատրելի է»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: